Ոչ մի կերպ «չի մեծանում»․ ԲՏԱ նախարարի օպերատիվ համարները և անբարեկիրթ պահվածքը 

Ոչ մի կերպ «չի մեծանում»․ ԲՏԱ նախարարի օպերատիվ համարները և անբարեկիրթ պահվածքը 

Չնայած լուսահոգի Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ երեխաները պարտավոր են մեծանալ, բայց ՔՊ-ական պաշտոնյաներ կան, որ ոչ մի կերպ չեն «մեծանում», իսկ մեծանալու դեպքում էլ պարզապես չեն հասունանում։ Այդ պաշտոնյաներից մեկը նախկինում՝ սփյուռքի, հիմա՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն է։ 

Այս տղային թվում է, որ եթե ինքը լրագրողներին կոպտում է իր նախարարական «բարձր» դիրքերից (ԲՏԱ նշանակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն), իրեն թույլ է տալիս փորձել դիտողություն անել լրագրողներին, թե՝ «ինձ հարց չտաք, ինձ միջնորդներ պետք չեն, որ քաղաքացիների հետ շփվեմ», ապա ինքը արդեն բավականին հասուն մարդ է, տղամարդ ու նախարար։ Այսինքն՝ արդեն մեծ է և կարող է ինքնուրույն որոշել և, ասենք, որևէ լրագրողի կոպտել՝ ինչ է թե ինքը նախարար է։ 

Ու սա առաջին դեպքը չէ, իր հրավիրած մամուլի ասուլիսին էլ էր Հայրապետյանն իրեն այդպես մանկապատանեկան, բայց մեծամիտ պահվածքով աչքի ընկնում, դրանից առաջ էլ։ Իրեն թվում է՝ ինքն այնքան է մեծացել և աճել, որ կարող է լրագրողներին դասեր տալ, դիտողություն անել, ինչ-որ բան սովորեցնել։ Հայրապետյանը նաև տարրական բարեկրթության խնդիր ունի՝ նա իր հետ խոսող լրագրողներին իբրև թե չի լսում, արհամարհում է ու նստում մեքենան՝ հեռանում։ Սա առնվազն լկտիություն է կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որն այդ կարգավիճակին հասել է բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի կմ քայլելու հաշվին, այլ ոչ՝ բովանդակային անցյալի և փառահեղ կենսագրության կամ բարձր մասնագիտական հմտությունների։ 

Պարզ է, չէ՞, որ եթե Հայրապետյանը և իր նմանները ժամանակին քայլած չլինեին փողոցներով, այսօր «պադավատի» հետևի նստելատեղին չէին հայտնվի, ավելին՝ «պադավատի» հետևից անգամ նրանց թույլ չէին տա վազելու։ Բայց այսօր նրանք ծառայողական մեքենա ունեն, վարորդ ունեն, փողկապ են կապում և իրենց թույլ են տալիս անդաստիարակ ու լկտի պահվածքով շփվել իրենց մոտեցած լրագրողների հետ։ 

Ի դեպ, Հայրապետյանը նաև ակնհայտ վախեր ունի մարդկանցից, քանզի նրան սպասարկող Toyota Prado ամենագնացի պետական համարանիշներն այսօր փոխարինել էին խառը թվերով օպերատիվ համարներով, որ մարդիկ հանկարծ չճանաչեն՝ ում մեքենան է։ Թե ինչ պիտի անեն մարդիկ Մխիթար Հայրապետյանին, կամ ում է նա, ընդհանրապես, հետաքրքիր, դժվար է ասել։ Բայց փաստ է, որ ժողովրդից թաքնվելու, նաև երթևեկության մեջ անկանոն վարելու համար են նախարարական համարները փոխարինում օպերատիվ համարներով, որ քողարկվեն։ 

Վահե Մակարյան