Արցախի իշխանություններն արգելել են շրջափակման մեջ գտնվողներին խոսել. ո՞ւմ շահերն եք պաշտպանում, պարոնա՛յք

Արցախի իշխանություններն արգելել են շրջափակման մեջ գտնվողներին խոսել. ո՞ւմ շահերն եք պաշտպանում, պարոնա՛յք

Ուղիղ 150 օր է Արցախը շրջափակման մեջ է և օղակը գնալով ավելի ու ավելի է սեղմվում:
Արցախը ոչ թե աղետի շեմին է, այլ արդեն իսկ առերեսվել է այդ աղետին, որի մասշտաբները մենք բոլորս դեռ չենք կարողանում լիարժեք պատկերացնել: Գուցե դա նաև նրանից է, որ հնչում են պրոտոկոլային ելույթներ, ուժեղ լինելու մասին կոչեր, բայց աղետալի հետևանքները բաց տեքստով ի ցույց այդքան էլ հաճախ չե՞ն դրվում:

Օրինակ, այն մասին, որ արդեն տաս օրից ավելի է, ինչ Արցախից Կարմիր խաչն այլևս Հայաստան հիվանդների չի տեղափոխում, որ Սարսանգի ջրամբարը ցամաքել է, որ հատկապես կա չորս գյուղ, որոնք Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումից հետո տոտալ շրջափակման մեջ են հայտնվել, ուր անգամ դեղորայք չի հասնում, թեև բնակչության մեծամասնությունը տարեցներ են... ո՞ր մեկն ասես: Այս ամենի մասին ասվում է, բայց հպանցիպ, այնպես, որ մարդկային ճակատագրերը այդ տողերի արանքում չերևան:

Եվ ահա MediaHub-ը պարզեց, որ սրան զուգահեռ Արցախի իշխանություններն արգելել են գյուղապետերին, նախարարներին, տարբեր մակարդակների պաշտոնյաներին պատասխանել լրագրողների հարցերին: Այսինքն, եթե առաջ հնարավոր էր ուղիղ կապ հաստատել գյուղապետի հետ և հետաքրքրվել, թե ինչ վիճակում են և հենց այդպես էր մինչև բոլորովին վերջերս, ապա հիմա դա արգելված է: Մարդիկ վախենում են խոսել, ինչ-որ լիազոր անձանց կոնտակտներ են փոխանցում, ինչպես իրենց է ասվել, որոնք չեն պատասխանում ո՛չ զանգերին, ո՛չ էլ հարցերին: 
Ի դեպ, մեզ մի կերպ հաջողվեց կապ հաստատել գյուղապետերից մեկի հետ, բայց դա էլ զուտ այն պատճառով, որ շփումը վաղուց կա վերջինիս հետ:

Ստացվում է, որ Արցախի իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքն էլ են շրջափակել՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Իսկ ինչո՞ւ, որ ադրբեջանցիների իրական երեսը հնարավորինս քիչ երևա մամուլո՞ւմ, որ մարդկային ճակատագրերը կորեն 120 000 չոր թվի մեջ, որ վաղը ուղղակի վիճակագրություն է դառնալու:

Հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն են պաշտպանում սույն պաշտոնյաները, եթե արցախցու խնդրի ահազանգումը կարևոր է այս օրերին: Այլ հարց է, որ աշխարհը խորապես թքած ունի այս մի բուռ հողի ու ժողովրդի վրա, բայց դե: Ու 120 000  մարդու դանդաղ մահը, իսկ մենք դրա ականատեսն ենք այսօր, հենց այդպես լռության մեջ էլ կիրականացվի:

Դա՞ է ձեր նպատակը, պարոնայք պաշտոնյաներ, դա՞ եք ուզում, որ մարդիկ անգամ չխոսեն, թե ինչերի միջով են անցնում ու անցնելու առաջիկայում, որովհետև ոչինչ չի փոխվելու ու ոչինչ չի էլ արվում, որ փոխվի, քանզի ամենը կանխորոշված էր դեռ երկու տարի առաջ ու հիմա պարզապես, քայլ առ քայլ, կյանքի  կոչվում: Իսկ դուք կռիվ տվեք ձեր աթոռների համար ու ներիշխանական գզվրտոցների մեջ թաղվեք անգամ այս բարդ, ծանրագույն պահին:

Ի դեպ, բարի ավանդույթի համաձայն՝ Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մեր զանգերին չպատասխանեց, հետևապես հարցը՝ ինչու է նման հրահանգ իջեցվել, մնաց անպատասխան: