Վենետիկի ջրանցքները վերջին օրերին գրեթե չորացել են ուժեղ մակընթացության և ջրի մակարդակի նորմայից կես մետրով ծայրահեղ անկման պատճառով, ինչը խանգարում է ջրային տաքսիների, քաղաքային շտապ օգնության ծառայությունների աշխատանքին, որոնք օգտագործում են նավակներ, գրում է Bloomberg-ը։
Ձմեռային չոր եղանակը մտավախություններ է առաջացրել, որ Իտալիան կարող է բախվել ևս մեկ երաշտի: Ըստ գիտնականների և բնապահպանական խմբերի՝ Ալպերում ձյան տեղումները նորմայից 50 %-ով պակաս են եղել:
Legambiente բնապահպանական կազմակերպությունը հայտնել է, որ գետերն ու լճերը ջրի խիստ պակաս ունեն: Իտալիայի ամենաերկար Պո գետի ջուրը նորմայից 61 %-ով պակաս է տարվա այս եղանակի համար: Իսկ հյուսիսային Իտալիայում գտնվող Գարդա լճի ջրի մակարդակն իջել է ռեկորդային ցածր մակարդակի. լճի վրա գտնվող Սան Բիաջիո կղզի կարելի է հասնել բացված արահետով:
Ստեղծված իրավիճակը անուղղակի հետևանք է վերջին մի քանի ամիսների ընթացքում տարածաշրջանին պատուհասած երաշտի, իսկ տեղումների բացակայությունն ավելի է սրել իրավիճակը: Ջրի մակարդակը, ինչպես կանխատեսում են Centro Maree-ի օդերևութաբանները, չի վերադառնա նորմայի մինչև երեքշաբթի օրը՝ փետրվարի 21-ը:
Ըստ Ազգային հետազոտական կենտրոնի փորձագետ Մասիմիլիանո Պասկիի՝ հիդրոբալանսը վերականգնելու համար հարկավոր են առնվազն 50 օր տեղումներ:
2022 թ. հուլիսին Իտալիան արտակարգ դրություն էր հայտարարել Պո գետին հարող շրջաններում՝ 70 տարվա ընթացքում վատթարագույն երաշտի պատճառով: