Երկու քարի արանքում․ եկեղեցին «նեղն է գցել» Բագրատ Սրբազանին

Երկու քարի արանքում․ եկեղեցին «նեղն է գցել» Բագրատ Սրբազանին

Մայր Տաճարի վերաօծմանը մեծ շուքով է պատրաստվում Հայ առաքելական եկեղեցին։ Այս կարևորագույն օրվա ընթացքում բոլոր թեմերի առաջնորդները, MediaHub-ի տեղեկություններով, ունենալու են իրենց հստակ անելիքը․․․, բացառություն է Տավուշի թեմը, որի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և ներքաղաքական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ, դիմել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։

Արդյո՞ք հրավեր ուղարկվել է նրան՝ մասնակցելու Մայր Տաճարի վերաբացմանը․ այս հարցի պատասխանը տասը օրից ավելի է՝ փորձում ենք պարզել թե՛ եկեղեցուց, թե՛ Տավուշի թեմի լրատվական բաժնի պատասխանատու Լիդյա Մանթաշյանից, որը «Սրբազան պայքարի» շրջանում Բագրատ Սրբազանի կողքին է գրեթե ամենուր։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից մեզ այդքան էլ հստակ պատասխան չտվեցին, քանի որ հասկանալի չէ մեր հարցը՝ ինչո՞ւ պետք է արքեպիսկոպոսին հրավեր ուղարկվի․ նրա կամքն է՝ մասնակցել, թե ոչ։

Իսկ Բագրատ Սրբազանը մասնակցելո՞ւ է․ այս պահին փաստացի նրա մամուլի խոսնակ Լիդյա Մանթաշյանի կարծիքով՝ հարցն անձնական է, ուստի ինքը չի կարող պատասխանել։

«Դա անձնական որոշում է, ուստի պետք է Բագրատ Սրբազանը որոշի՝ մասնակցելու է, թե ոչ։ Ես ոչինչ ասել չեմ կարող։ Իր անձնական որոշումն է լինելու՝ գնալ, թե՝ ոչ»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց նա։

Ինչևէ, Սրբազանի անձնական որոշումը մի կողմ թողնելով, արդեն իսկ ակնհայտ է, որ եկեղեցական վերնախավն ինչ-որ չափով երես է թեքել Բագրատ Սրբազանից, որի «քաղաքական նկրտումները եկեղեցին չի կիսում»։

Մեր տեղեկություններով՝ այս փուլում եկեղեցին որոշել է չեզոք դիրքից հանդես գալ, ուստի դրանով է նաև պայմանավորված Նիկոլ Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելը։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ ամանորին ընդառաջ արգելվեց Վեհափառ Հայրապետի ուղերձը հեռարձակել Հանրային հեռուստաալիքով, երբ նույն Վեհափառ հորը քաշքշեցին Սարդարապատի հուշահամալիր բարձրանալու ճանապարհին և․․․ նմանատիպ դեպքերը շատ են։ Եվ այս չեզոքության ֆոնին այդ նույն եկեղեցական վերնախավը ամեն բան թողեց Բագրատ Սրբազանի ուսերին։ 

«Մասնակցել, թե ոչ՝ իր անձնական որոշումն է» սկզբունքով երկու քարի արանքում են թողել Սրբազանին։ Եթե գնա, ապա․․․, բայց առանց հրավեր որպես ո՞վ գնա, որպես հասարակ հավատավոր մա՞րդ․․․, իսկ եթե չգնա․․․, ինչպես չգնա, եթե վերաբացվում է այն տաճարը, որի ծառաներից մեկն էլ ինքն է։

Նարե Գնունի