ԱՄՆ-ը պլանավորում է ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել Մեքսիկայում թմրակարտելներին

ԱՄՆ-ը պլանավորում է ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել Մեքսիկայում թմրակարտելներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Մեքսիկայում հանցավոր խմբավորումների բազաներին և պահեստներին անօդաչու սարքերով հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է «NBC News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ըստ նրանց տեղեկությունների՝ Սպիտակ տունը, Պենտագոնը և ամերիկյան հետախուզությունը գործողության մշակման նախնական փուլում են և ծրագրում են այն իրականացնել Մեքսիկայի հետ համատեղ, քանի որ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հարվածները պահանջում են Մեքսիկայի իշխանությունների թույլտվությունը։

Միաժամանակ դիտարկվում է միակողմանի գործողությունների տարբերակը։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների մեծ մասը դեմ է դրան, քանի որ այդ հարձակումները կարող են հանգեցնել Մեքսիկայի հետ հարաբերությունների խզման և սպառնալ հետագա համագործակցությանը անօրինական միգրացիայի դեմ պայքարում, նշում են հեռուստաալիքի զրուցակիցները։

Միաժամանակ նրանք չեն բացառում, որ ԱՄՆ-ը կարող է առանց համաձայնության Մեքսիկայի տարածքում թմրակարտելների դեմ գաղտնի գործողություններ իրականացնել։ ԱՄՆ զինված ուժերը և ԿՀՎ-ն զգալիորեն ուժեղացրել են հետախուզական թռիչքները երկրի վրայով՝ նարկոկարտելների տեղակայման վայրի մասին ինֆորմացիա հավաքելու համար:

Թռիչքների թույլտվությունը տվել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։