Ադրբեջանը հարվածում է ՌԴ-ին թիկունքից․ ակցիան ինչ-որ չափով նաև ռուս խաղաղապահների դեմ է․ Արամ Հարությունյան

Ադրբեջանը հարվածում է ՌԴ-ին թիկունքից․ ակցիան ինչ-որ չափով նաև ռուս խաղաղապահների դեմ է․ Արամ Հարությունյան

8-րդ օրն է փակ է Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը և արդեն հումանիտար ճգնաժամ է հասունանում։ 8 օր որևէ մատակարարում չկա, արդեն խնդիրներ են առաջանում դեղորայքի, վառելիքի, այսպես եթե շարունակվի՝ խնդիրներ կառաջանան նաև սննդի հետ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ խոսելով Լաչինի միջանցքի փակ լինելու և սպառնացող այլ խնդիրների մասին։ 

Հիշեցնենք, որ արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի։ 

Հարությունյանը նշեց՝ որոշ գյուղեր կան, որ Գորիսի հետ կապ ունեն, սակայն նույն ժամանակ այդ գյուղերի և Ստեփանակերտի կապը հնարավոր չէ ապահովել։ 

«Սա առաջին հերթին քաղաքական հարց է, որովհետև փաստացի խախտվել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետերից մեկը։ Լաչինի միջանցքի անխափան երթևեկությունն ապահովելու գլխավոր երախշավորը ՌԴ խաղաղապահ զորակազմն է և նրանք պետք է քայլեր ձեռնարկեն: Բայց մենք նաև մյուս կողմից հասկանում ենք, որ այս ակցիան միանշանակ Ադրբեջանի պետական մակարդակով կազմակերպված ակցիա է և որևէ էկոլոգիական խնդիր չի հետապնդում։ Այս երկու տարվա ընթացքում ադրբեջանցիներն առաջին անգամ չէ, որ հայաթափման քաղաքականություն են տանում և նույն ժամանակ փորձում են հնարավորինս վարկաբեկել ռուս խաղաղապահներին, մենք հասկանում ենք, որ այս ակցիան ինչ-որ չափով նաև ռուս խաղաղապահների դեմ է»,-ասաց նա։ 

Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանն օգտագործում է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանի գերծանրաբեռնված վիճակն ու թիկունքից հարվածում ՌԴ-ին։ 

«Այս համոզմունքը կա մեզ մոտ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ համապատասխան հայտարարությունների միջոցով, ավելի գործուն դիվանագիտական մեխանիզմների միջոցով Ադրբեջանի վրա պետք է ճնշում գործադրեն, որպեսզի ճգնաժամը հաղթահարվի։ Միջազգային հանրությունը և մարդասիարական կազմակերպությունները համապատասխան հայտարարություններ պետք է անեն, իհարկե, որոշ երկրների կողմից հայտարարություններ տեսել ենք, շնորհակալ ենք, բայց Ադրբեջանը հեգնանքով է վերաբերվում այդ հայտարարություններին»,-նշեց Հարությունյանը։ 

Վերջինիս համոզմամբ՝ հայկական կողմը պետք է հաշվարկի, թե այսօր ստեղծված իրավիճակում ինչ հնարավորություններ ունի և համապատասխան քայլեր ձեռնարկի։ 

Լիաննա Թորոսյան