Այսօր՝ օգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։