Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ, Նախկին ՔՊ-ական Աննա Կարապետյանը` Թաթոյանի թիմու՞մ. Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մահվան նախարար» բնորոշմամբ հայտնի Արսեն Թորոսյանի օրոք, երբ շատ մասնագետների համար անհասկանալի եղանակներով բուժում էին ՔՈՎԻԴ-19-ը, վատնվել են նաեւ պետական բյուջեի միջոցներ, որոնց մասին «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակումների շարքը:

Նախ նկատենք, որ հետխորհրդային երկրներում ամենաշատ մահացության դեպքերը հենց Հայաստանում են գրանցվել (էկրանանկարը դրված է): ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքով 8746 մարդ է մահացել Հայաստանում:

Իսկ ինչպե՞ս է կատարվել բուժումը:

Ըստ ֆինանսների նախարարության վերահսկողության տվյալների՝ մեկ հիվանդի բուժման համար նախատեսված գները հիմնավորված չեն հաշվարկներով: Այսպես՝ 11.06.2020 թվականի 1853 ա հրամանով սոմատիկ բաժանմունքում հիվանդի բուժման համար հաստատված գնի մեջ որպես «այլ ծախսեր» ներառված է եղել «313» դրամ, իսկ մեկ այլ՝ 3873 ա հրամանով, հաստատված գնի մեջ «այլ ծախսեր» գումարը կազմել է «5000» դրամ, կամ այլ ծախսերը, առանց հիմնավորման, ավելացել են 4687 դրամով: Արդյունքում, 01.11.2020 թվականից մինչեւ 31.03.2021 թվականն ընկած ժամանակահատվածում, «այլ ծախսերի» ավելացման հետեւանքով, սոմատիկ բաժանմունքում բուժված հիվանդների բուժման արժեքը ավելացել է 177 մլն 993 հազար դրամով: Այսինքն՝ մոտ կես մլն ԱՄՆ դոլար հավելագրել են:

Համանման կարգով վերակենդանացման 1-ին, 2-րդ, եւ 3-րդ մակարդակներում «այլ ծախսեր»-ի ավելացման հետեւանքով մեկ հիվանդի բուժման գինը ավելացել է 4903 դրամով: Արդյունքում, հիվանդների բուժման գինն ավելացել է շուրջ 52 մլն 903 հազար դրամով:

Այսինքն՝ 01.11.2020 թվականից մինչեւ 31.03.2021 թվական 230 մլն դրամ հավելագրվել է եւ յուրացվել: Սակայն Արսեն Թորոսյանը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար»։

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Միասնության թեւեր» անունով նախաձեռնություն է սկսում, որը կդառնա կուսակցություն ու կմասնակցի ընտրություններին։

Նախաձեռնության կորիզը ՄԻՊ նախկին աշխատակազմն է, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Տեղեկացանք, որ նրա հետ է նաեւ նախկին ՔՊ-ական պատգամավոր Աննա Կարապետյանը, որը 2018-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր, ապա՝ «Իմ քայլի» պատգամավոր, սակայն 2021-ին չընդգրկվեց ցուցակում: ՀՀԿ-ի իշխանության շրջանում էլ 3 տարի եղել էր ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի օգնականը։ 21-ից հետո Կարապետյանը մի կարճ շրջան ԱՄՆ-ում էր: Հիմա ակտիվ կիսվում է Թաթոյանի գրառումներով։

Մեր տեղեկություններով, նա է վարում Թաթոյանի եւ ՀԱԿ-ի միջեւ բանակցությունները, հայրը՝ Սամվել Կարապետյանը, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ թիվ 22/21 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր, մեղադրվել է ընտրությունների կեղծման մեջ՝ հօգուտ Տեր-Պետրոսյանի, դատապարտվել 3 տարվա ազատազրկման։

Ճի՞շտ է, որ Թաթոյանի կուսակցության ակտիվում եք լինելու՝ հարցրինք Ա․ Կարապետյանին։

«Իսկ կուսակցություն կա՞ արդեն»:

Արդեն կա հայտարարություն։

«Ես մի քիչ ուրիշ բան գիտեմ, եւ քանի որ մենք տարբեր բաների մասին ենք խոսում, եկեք այդ մասին չխոսենք, իսկ Թաթոյանն իմ շատ մտերիմ ընկերն է, մենք վաղուց ենք իրար ճանաչում»:

Լավ, այլ կերպ հարցս ձեւակերպեմ՝ Թաթոյանի թիմո՞ւմ եք։

«Կներեք, հետո կխոսենք, ես հիմա չեմ կարող Ձեր հարցին պատասխանել»:

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում իրենց առանձնահատուկ տեղն են գտել «համախմբվենք», «պայքարենք», «կառուցենք նոր Հայաստան» կոչերը։ Միավորվելու և համախմբվելու գաղափարն, իհարկե, ողջունելի է, սակայն կոչերից գործողության անցնելու գործընթացն անհամեմատ ավելի բարդ է։ Միախմբվելու գաղափարը դեռևս կոչերից այն կողմ չի գնացել, իսկ դառը փորձի պակաս չունեցող մեր հայրենակիցներին այդ ճառերը վաղուց արդեն չեն տպավորում։ Բոլոր տեսակի նմանատիպ կոչերն արդեն կորցրել են իրենց կշիռը, քանի որ չունեն իրական և ուղիղ թիրախներ։ Իսկ երբ չկա կոնկրետ գործողություն, ամենատպավորիչ բառերն անգամ փոշիանում են առաջին իսկ քամուց։

Գործող քաղաքական իշխանության, մեղմ ասած, անգիտության ֆոնին, կարծես, վերջապես սկսել են կարևորվել պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը, և համախմբման կոչերին զուգահեռ հնչում են նաև մտքեր այն մասին, որ երկրի կառավարման համակարգում պետք է ներգրավել պրոֆեսիոնալներին և կարող մարդկանց։ Այս գաղափարը նոր չէ, բայց այն միշտ մնում էր երկրորդ պլանում՝ զիջելով տեղը էմոցիաներին, անձնական հավակնություններին և կուսակցական «վերահսկողությանը»։

Հասկանալի է՝ տարիներ շարունակ հասարակական կարծիքը սնվել է այն միֆով, թե «քաղաքականությունը կեղտոտ գործ է»։ Արդյունքում, իրական մասնագետները հեռու են մնացել քաղաքականությունից՝ չցանկանալով իրենց անունը կապել «կեղտոտ գործերի» հետ։ Իսկ նրանց փոխարեն քաղաքական դաշտը լցվել է պատահական «անցորդների» և ինքնահռչակ փրկիչների բազմությամբ։

Բոլորն են արդեն գիտակցում, որ պետությանը պետք են տեխնոկրատներ։ Սակայն երբ հնչում են այդ կոչերը, հարց է առաջանում՝ ո՞ւմ նկատի ունեն։ Հայաստանը փոքր երկիր է, իսկ իրական պրոֆեսիոնալները, մեղմ ասած, շատ չեն։ Ուստի, նույն մարդուն տարբեր քաղաքական ուժեր կարող են տեսնել իրենց ապագա կառավարությունում, և դա բնական է։ Սա ոչ թե մրցակցության, այլ քաղաքական համակարգում հմուտ, փորձառու մարդկանց սակավության վկայություն է։

Սակայն խնդիրը միայն նրանց թիվը չէ, այլ վերաբերմունքը։ Եթե կա գիտակցում, որ առանց պրոֆեսիոնալների կառավարումը չի կարող արդյունավետ լինել, ապա պետք է ոչ թե անհասցե կոչեր հնչեցնել, այլ բարձրաձայնել անվանական, կարևորել նրանց գոյությունը, գնալ նրաց մոտ՝ խոսել, ներգրավել, համոզել։ Նրանց տեղը պետք է լինի պետական որոշումների կայացման սեղանի շուրջ, ոչ թե դիտորդի կարգավիճակում։

Պետք չէ խուսափել այս թեմայից։ Պետք է օր ու գիշեր փնտրել, ճանաչել և ներգրավել այն մարդկանց, ովքեր կարող են իրական խնդիր լուծել, ոչ թե գեղեցիկ խոսել։ Երկիրը կառուցում են նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես, ոչ թե նրանք, ովքեր գոռում են՝ ինչու։

Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ արդյունավետ պետություն, ապա պետք է վերջ տալ պատահական կառավարմանը։ Քաղաքականությունը մաքրվում է ոչ թե լոզունգներով, այլ որակով։ Իսկ որակը գալիս է այնտեղից, որտեղ կան գիտելիք, փորձ և պատասխանատվություն։

Այլ կերպ ասած՝ ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ... անփորձների համար։

Send