Միջազգային տարբեր գնահատականներով՝ Հայաստանը կիսաավտորիտար հիբրիդային կառավարման երկիր է համարվում։ Սա դրսի հայացքով, իսկ ներսից, իրավապաշտպանների գնահատմամբ, պատկերը սա է՝ քաղբանտարկյալներ, ազատ խոսքի ու կամարտահայտման համար խափանման միջոց կալանք, բռնաճնշումներ հոգևորականների նկատմամբ։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն արձանագրում է. «Ձերբակալությունների ու մեղադրանքների հիմքում ավելի ու ավելի զավեշտալի հանգամանքներ են դրվում, օրինակ՝ հայտնի գործարարն ասում է՝ մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ «Մեր ձևով» խոսքը մեկնաբանվում է որպես իշխանության զավթման կոչ։ Վարչապետը ֆեյսբուքյան ստատուս է գրում՝ դե հիմա կտեսնես՝ «մեր ձևով»-ը որն է, ու ստատուսից հետո այդ անձի նկատմամբ սկսվում է քրեական հետապնդումը։ Նրան կալանավորում են։ «Իմնեմնիմի»-ի տղաները հրապարակավ պատասխանում են իրենց վիրավորած պետական պաշտոնյային ու մեղադրվում խուլիգանության մեջ. կրկին կալավորվում են։ Միքայել Սրբազանը կալանավորվում է հարցազրույցի ժամանակ հնչեցրած մտքի համար, որով ռետրոսպեկտիվ պատմական էքսկուրս էր անում»։
Այնուամենայնիվ, հանրությունը շարունակում է գրեթե ամենօրյա ռեժիմով սիրո խոստովանություններ՝ «սրտիկային» տեսանյութեր ստանալ երկրի ղեկավարից։
Միևնույն ժամանակ փաստաբանները չեն հասցնում մի դատարանից մյուսը վազել, իսկ թե ինչ գործառույթ ունեն դատավորները, Հայաստանի վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ին է հայտարարել՝ ինչի Հայաստանում տենց դատավոր կա, որ կարա վարչեպտի ասածը չանի՞։
Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի ոտնահարում և ոչնչացում է տեղի ունենում. Հայաստանում կալանքը կիրառվում է որպես միակ ու անփոխարինելի միջոց՝ ու միայն ընդդիմության համար. դատաիրավական համակարգի իրողությունները գնահատում է Վարազդատ Հարությունյանը։
Փաստաբանները պարբերաբար ահազանգել են՝ ոստիկանական ուժերի, «գունավոր բերետների» շարքերի համալրումը, ոստիկանական գվարդիայի ստեղծումը մի բանի մասին է վկայում՝ բռնաճնշումներն ավելի են սաստկանալու։
«Գործադիր մարմնի ղեկավարը համակարգն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել։ Անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, դատարանների՝ իրավական գնահատականներ տալու լիազորություններն ամբողջությամբ վարչապետն է իրականացնում։ Սա վկայում է, որ Հայաստանում ավտորիտար կառավարման համակարգ է գործում։ Մի շարք մասնագտներ այն նմանեցնում են տոտալիտար կառավարման համակարգի»,-նշում է Վարազդատ Հարությունյանը։
Ձերբակալությունները, դատավարություններն այնքան հաճախակի են դարձել, որ անգամ չեն հասցնում ինչ-որ տեղ գրանցվել ու դառնալ վիճակագրություն։
Փաստաբանի կարծիքով՝ ընդդիմադիր հատվածում պետք է մի մարմին ստեղծվի, որը կհավաքի բռնաճնշումների, հալածանքների ենթարկվելու դեպքերը և վիճակագրություն կստեղծի։ Այդ հավաքական արձանագրումները հետագա ուսումնասիրության աղբյուր կդառնան։
