Երեկ գիշերը, ժամը 23.52-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Մերձավան համայնքի Երևանյան խճուղում։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Տեղում պարզվել է, որ կրակոցների հետևանքով կա երկու զոհ, որոնցից մեկը Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և Արարատի մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի մտերիմներից է և այդ պահին ծառայության մեջ չի եղել։ Մի քաղաքացի էլ՝ Արծրուն Գալստյանը, որը ևս Գրիգորյանի ընկերներից է, ծանր վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Մեր տեղեկություններով՝ Արծրուն Գալստյանը գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում, նրան վիրահատել են, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Գալստյանի վերքերը կրծքավանդակի շրջանում են, հիմնականում՝ կողերի, ու թեև բավականին ծանր վիրավորում է, սակայն նախնական տեղեկությամբ՝ կյանքին վտանգ չի սպառնում։
Մենք տեղեկացանք նաև, որ ոստիկանությունը վերակենդանացման բաժանմունքի մոտ գիշերվանից հսկողություն է իրականացնում, ասացին՝ ոստիկանության ծառայողը, պալատի մոտ կանգնած, հսկում է, որ կողմնակի անձինք ներս չմտնեն։
Վահե Մակարյան