Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Ինչո՞ւ է որոշվել Վրաստան մուտք ու ելքի դեպքում ուղևորների ցուցակ ներկայացնել, ի՞նչ են ուզում դրանով վերահսկել

Blog Image

2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին օրերս հաղորդագրություն էր տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Փաստաթուղթը պարտադիր է հինգ և ավելի ուղևորների դեպքում, նույնսիկ, եթե նրանք ընտանիքի անդամներ են, իսկ ուղևորությունն էլ կոմերցիոն բնույթ չի կրում։ Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով՝ անգլերեն լեզվով, և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ 

MediaHub-ը ՀՀ ՏԿԵ նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ռուզաննա Այվազյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ նախաձեռնությունն էր այս համաձայնագիրը՝ Հայաստանի՞, թե՞ Վրաստանի, ինչո՞ւ է այսպիսի փոփոխության անհրաժեշտություն ծագել հենց հիմա, և ի՞նչ խնդիր է այս համաձայնագիրը լուծում։ 

«Համաձայնագիրը ստորագրվել է երկու պետությունների միջև, մենք բոլոր պետությունների հետ ունենք երկկողմ ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագրեր։ Վերահսկողության առումով սա լուծում է այն խնդիրը, որ կարողանան ուղևորափոխադրումները վերահսկել, քանի որ ծավալը շատ-շատ է մեծացել Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ, ուստի վրացի գործընկերներն ուզում էին ավելի կանոնակարգված և վերահսկելի լինի ոչ կանոնավոր փոխադրումների ոլորտը, որպեսզի կարողանան հասկանալ՝ որքան է մուտք ու ելքը»,- ասաց Ռուզաննա Այվազյանը՝ նշելով, որ սա ավելի շատ վրացական կողմի ցանկությունն էր։ 

-Իսկ մեր կողմից միանգամից ընդունվե՞լ է վրացական կողմի ցանկությունը, թե՞ որոշակի առարկություններ եղել են։

-Մենք իրենց հետ քննարկել ենք այդ հարցը, իրենք առաջարկում էին անցնել թույլտվությունների համակարգին, մենք ասել ենք՝ նպատակահարմար չէ, քանի որ սահմանափակ քանակությամբ են լինում այդ թույլտվությունները, և դրա տրամադրման պրոցեսն էլ ժամերի խնդիր, համաձայնագրով էլ նախատեսված չէ, ուստի համաձայնագրի փոփոխություն չարեցինք, համարեցինք, որ սա ամենահեշտ տարբերակն է։ 

-Ի՞նչ ասել է՝ թույլտվությունների համակարգ։ 

-Մենք Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացնում ենք թույլտվությունների համաձայն։ Այսինքն, եթե ոչ կանոնավոր փոխադրում եք իրականացնում, կոմերցիոն փոխադրումների մասին է խոսքը, դուք պարտադիր պետք է ունենաք Ռուսաստանի թույլտվություն, առանց թույլտվության չեք կարող մուտք գործել երկիր։ Եվ սա ոչ կանոնավոր կոմերցիոն փոխադրումներին է վերաբերում։ 

-Հիմա այդ ոչ կանոնավոր փոխադրում իրականացնող անհատները, եթե այս տարբերակով լրացնեն ցուցակը, խնդիրներ չե՞ն ունենա հետագայում և կկարողանա՞ն անխոչընդոտ ուղևոր փոխադրել Վրաստան կամ այնտեղից Հայաստան։

-Սրա նպատակն այն է, որ նստեցում-իջեցումներով չարվի, այսինքն՝ որտեղից ասես ուղևոր չվերցնեն, չավելացնեն, չիջեցնեն։ Ոչ կանոնավոր փոխադրումը մի քանի ձևաչափ ունի, երբ նույն խմբին վերցնում, տանում ու հետ է բերում, երբ որ ինքը դատարկ գնում է՝ խումբ է հետ բերում, և երբ լիքը գնում ու դատարկ հետ է գալիս։ Դա կոչվում է ոչ կանոնավոր փոխադրում։ Վարորդը պետք է նշի՝ որ տարբերակն է և իրականացնի այդ փոխադրումը։ 

-Իսկ եթե լիքը գնում ու լիքը գալիս է, բայց տարբեր ուղևորներով, դա խնդի՞ր է։ 

-Մենք այդ հարցն էլ ենք իրենց հետ քննարկել ու առաջարկել, որ այդ հարցում խոչընդոտ չլինի, ուստի վարորդն ունենում է երկու ցուցակ՝ ուղևորներին տանելու և հետ բերելու։ 

Վահե Մակարյան

Send