Էկոնոմիկայի հզորագույն նախարար Գևորգ Պապոյանը այսօր հերթական ստատուսն է գրել Ֆեյսբուքում՝ «ավետելով» հայ սպառողին, որ «միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար»։ Վերջում էլ ընդհանուր մի թիվ հայտարարել․ «Վերջին 4 օրում՝ 143 մեքենա»։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս հզոր և ամենակարող նախարարը մի թեթև խառնվեց իրար կամ ոտքը գետին խփեց թե չէ՝ հեղուկ գազի ներկրման խնդիրն անմիջապես լուծվեց, ու հիմա մեքենաներ է, որ Վրաստանից «անարգել» անցնում են Հայաստան։
Բայց հեղուկ գազի գինը, դրանից, չգիտես ինչու, չի իջնում, դեռ մի բան էլ գնալով բարձրանում է։ Իսկ, իրականում, Պապոյանը, որ չկարողացավ կոնյակի արտահանման հարցը լուծել, հիմա էլ չի կարողանում ծաղկի արտահանման հարցը լուծել, բայց ցույց է տալիս, թե գործ է անում, չի կարողացել նաև հեղուկ գազի հարցը լուծել։
Այսինքն՝ սա բնավ իր շնորհքը չէ, որ հայկական գազատարներն սկսել են գալ Հայաստան, այլ հայ-վրացական՝ դարավոր ֆինանսական բարեկամության, ավելի պարզ ասած՝ կոռուպցիոն հարաբերությունների շնորհքն է։ Եվ սա Պապոյանի ապաշնրոհ կառավարման հետևանք է, որ մեր հարևան բարեկամները մեզ այսքան նեղում են ու փող պոկում հայ վարորդներից, որ մեր մեքենաները բաց թողնեն։
Գազատարի վարորդներից մեկը MediaHub-ի հետ զրույցում բառացիորեն ասաց հետևյալը․ «Պապոյանն ու նախարարությունը ոչինչ էլ չեն անում, մենք փողը տալիս` անցնում ենք։ Ամեն մեքենայի համար 1500-2000 դոլար փող ենք «մուծվում» վրացիներին՝ որպես կաշառք, որ թողնեն անցնենք սահմանը»։
Այլ լուծում, իրականում, այստեղ չկա՝ միայն փողով են բաց թողնում։ Լուծումը պետք է լինի քաղաքական մակարդակով, որին այս ապաշնորհ իշխանություններն ի վիճակի չեն ուղղակի։ Ու հիմա Պապոյանը որոշել է նորից իրեն գովազդել Ֆեյսբուքում, թե իբր մեր գազատարներն արդեն գալիս են Հայաստան ու դա, երևի, իր շնորհքն է։ Իսկ հարց տալի՞ս է ինքն իրեն նախարար Պապոյանը, թե ինչու գազի գինը չի իջնում, եթե մեքենաներն անարգել գալիս են։ Որովհետև գազ ներկրողները կաշառք են տալիս վրացիներին, որ իրենց մեքենաները կարողանան հասնել Հայաստան, իսկ այդ կաշառքի չափը, որ վճարում են ամեն մեքենայի համար, եթե վերածում են լիտրի, ապա ստացվում է՝ ամեն լիտրի մեջ մոտ 30 դրամ ավել գումար են վճարում, ինչն ազդում է գազի ինքնարժեքի վրա։ Դրա համար էլ ստիպված բարձրացնում են գինը, որ «տակ չտան»։
Ի դեպ, գազ վաճառողները իրենց հարկերը վճարում են արդեն այդ վճարած կաշառքի չափն էլ մեջը, որը թղթերով չի երևում։
Ստացվում է՝ կրկնակի են տուժում, նախ՝ Վրաստանում, հետո՝ Հայաստանում։ Մեզ ասացին՝ առաջիկա օրերին էլի է սպասվում հեղուկ գազի թանկացում Հայաստանում, որովհետև ՀՀ կառավարությունն ու անձամբ էկոնոմիկայի նախարարը մատը մատին չեն խփում այս հարցում։ Այսօր 160-170 դրամով է վաճառվում գազը, վաղը և առաջիկայում կարող է ևս 10-20 դրամ թանկանալ։
Նույն կերպ, ի դեպ, կոնյակ ու այլ ապրանք արտահանողներն են կաշառք տալիս վրացիներին, որ իրենց բեռնատարներն անցնեն Վրաստանի սահմանը ու հասնեն Ռուսաստան՝ չնայած նրան, որ Գևորգ Պապոյանը գնացել էր Վրաստան ու իբր բանակցել վրացիների հետ, որ խնդիր չառաջացնեն մեզ համար։
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ էկոնոմիկայի նախարարությունից այս թեմայով, բայց մեր զանգերին չպատասխանեցին՝ երևի նեղացել են իրենց ու իրենց «Duxov» նախարարի անգործության և անկարողության մասին պարբերաբար բարձրաձայնելուց։
Վահե Մակարյան