Օրեր առաջ պաշտոնից ազատված ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը 2018 թվականի հեղափոխությունից հետո կարճ ժամանակով եղել է ՀՀ մշակույթի նախարար, որին հաջորդեցին ընտրությունները, ու ինքը տեղափոխվեց ԱԺ:
Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Լիլիթ Մակունցը կլինի իր գլխավոր խորհրդականը։
Ուսումնասիրելով Փաշինյանի գլխավոր խորհրդականի՝ Լիլիթ Մակունցի 2024 թվականի անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը՝ MediaHub-ը նկատեց, որ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպանն այնքան էլ ցոփ ու շվայտ կյանքով չի ապրում, կամ էլ գուցե թաքցնում է, համենայն դեպս ներկայացված տեղեկությունների համաձայն՝ Մակունցը չունի ոչ անշարժ գույք, ոչ տրանսպորտային միջոց, անգամ նրա աշխատավարձ, ինչն էլ ամենատարօրինակն է։
Այն եզակի տեղեկությունները, որ առկա են հայտարարագրում, վկայում են, որ հաշվետու տարվա սկզբում Մակունցի առկա փոխառության գումարը կազմել է 3 մլն 918 հազար դրամ, ինչը հաշվետու տարվա վերջ նվազել է՝ դառնալով 2 մլն 676 հազար դրամ։ Մյուսը տարվա սկզբին եղել է 28 մլն 850 հազար դրամ, որն էլ տարեվերջին էապես չի փոխվել՝ 28 մլն 236 հազար դրամ։
Տարվա սկզբում նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 27 հազար 305 դոլար, ինչը տարվա վերջում աճել է՝ դառնալով 36 հազար 3 դոլար։ Մյուսն հաշվի մնացորդն էլ է աճել՝ 395 հազար դրամից դառնալով 419 հազար դրամ։
Ինչպես արդեն նշեցինք, ներկայացված հայտարարագրի ամենահետաքրքիր մասը վերաբերում է նրա եկամուտին, որը թե՛ նախորդ տարիների, թե՛ մյուս երկրներում ՀՀ դեսպանների ներկայացված տեղեկատվության հետ համեմատած զգալի տարբերվում է։
Եթե, օրինակ, Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աշխատավարձը նույն տարվա համար կազմել է 27 մլն դրամ (68 հազար դոլար), ՌԴ-ում ՀՀ դեսպանինը՝ 35 հազար դոլար, ապա Լիլիթ Մակունցի աշխատավարձը (ԱԳՆ-ից), ըստ հայտարարագրի, կազմել է ընդամենը 2 մլն 616 հազար դրամ։
Մինչդեռ նախորդ՝ 2023 թվականի հայտարարագրում առկա է ոչ միայն այդ նույն վարձատրությունը ԱԳՆ-ից՝ 2 մլն-ից փոքր ավելի, այլև նշված է ԱԳՆ-ից ստացած 51 հազար դոլարի մասին տեղեկություն։ Թե ինչո՞ւ 2024-ին ԱԳՆ-ից ստացած վարձատրությունը ամբողջական արտացոլված չէ հայտարարագրում, պարզ չէ:
Ըստ հայտարարագրի՝ Լիլիթ Մակունցը զրոյացրել է դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա 32 մլն 768 հազար դրամ վարկը։
Էմմա Մարտիրոսյան