Ինչ պայմանով է Սնուփ Դոգը գալիս ՀՀ, Քոչարյանի գործով մեղադրող դատախազը պատիվ է պահանջել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հուլիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, որը դարձավ մեծ քննարկումների թեմա: Մասնավորապես, ասվում էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը.
«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ՝ ներկա գտնվելու այդ շոուներին: Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին: Welcome to Yerevan, dear STAR!!!»:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերոնշյալ անձը, ոչ ավել, ոչ պակաս, Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերը կամ բոլորիս հայտնի Սնուփ Դոգգն է: Սա դեռ ամենը չէր. օրեր անց պետբյուջեից 6 միլիոն դոլար հատկացվեց սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք՝ 25.000 հոգու համար նախատեսված համերգի իրականացման համար այն պարագայում, երբ 2023 թվականի մայիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 26.5 մլն դոլար, արցախահայերը սովի են մատնված, դե իսկ Մայր Հայաստանում ամեն օր զոհեր կան և՛ սահմանին, և՛ սահմաններից ներս:
Իսկ ո՞վ է Սնուփ Դոգգը. նա ամերիկացի ռեփեր է, երաժշտական պրոդյուսեր և դերասան, որն աչքի է ընկնում թմրամոլության իր քարոզներով ու նաև անթաքույց օգտագործմամբ: Նշենք նաև, որ Սնուփ Դոգգը հիմնել է ընկերություն, որը կարտադրի և կվաճառի մարիխուանա՝ պաշտոնապես գրանցված Leafs By Snoop ապրանքանիշով. այս մասին հայտնում է NME-ն։ Փաստորեն, Հայաստան է գալիս մի մարդ, որն օրինական կերպով արտադրում է թմրանյութ, վաճառում է, ինչպես նաև օգտագործում է «բժշկի խորհրդով»՝ բուժական նպատակներով: Իսկ թե երբ «բուժական նպատակը» պետք է բավարարվի, դա ոչ ոք երաշխավորել չի կարող: Ըստ տեղեկությունների՝ Սնուփ Դոգգի միջազգային պայմանագրում կա հստակ կետ, որ նա պետք է օգտագործի թմրանյութ այն պահին, երբ կուզի: Իսկ այդ «երբ կուզի»-ն հիմնականում համերգների թեժ պահերին է լինում՝ որպես գովազդ: «Դոփինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը, որն զբաղվում է համերգի կազմակերպչական հարցերով, «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե ինչպես են լուծել այս հարցը, նա թմրանյութ կգտագործի արդյոք բեմի վրա, պատասխանեց.
«Այդ հարցը լուծելու կարիք չի եղել, որովհետև նման հարց էլ չենք ունեցել: Մենք նախքան պայմանագիր կնքելը հարցում ենք արել թե՛ ռայդերը, թե՛ պայմանագիրը, և այնտեղ ոչ մի կետ չի եղել այդ մասին, բայց, այդուհանդերձ, մենք տեղեկացրել ենք, որ մեզ մոտ դա անօրինական է: Պայմանագիրը ստորագրել եմ ես, բոլոր կետերին մանրամասն ծանոթ եմ, քանի որ իրենց հետ քննարկել ենք կետերը և ոչ թե հանել ենք այդ կետը, այլ պարզապես նման կետ չի եղել»:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ օրենքով արգելվում է ցանկացած տեսակի թմրանյութի վաճառքը հանրապետության տարածքում, թեեւ իշխանական պատգամավորը ահազանգել է, որ միջին վիճակագրական բոլոր խնջույքներում ՀՀ տարածքում թմրանյութ են օգտագործում:
«Հրապարակ» թերթը գրում է․
Չնայած Դավիթ Իշխանյանն Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց քաղաքական ուժերի լայն կոնսենսուսով, սակայն Արցախի խորհրդարանական ընդդիմությունը սպասում է, թե արդյոք Իշխանյանը կհանձնի՞ առաջին «քննությունը»՝ կպարի՞ ՀՀ իշխանությունների դուդուկի տակ, թե՞ կառաջնորդվի Արցախի շահերով։ Հիշեցնենք, որ Իշխանյանն այդ պաշտոնում ընտրվեց օգոստոսի 7-ին, նրան կողմ էր ե՛ւ գործող իշխանությունը, ե՛ւ քաղաքական դաշտի մյուս դերակատարները, այդ թվում՝ նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը` բացառությամբ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի։ Իշխանյանի քվեարկության ժամանակ արձանագրված 9 «դեմ»-ն էլ, ըստ մեր աղբյուրների, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» ֆրակցիայի պատգամավորների ձայներն էին։
Արցախի մեր աղբյուրները հույս ունեն, որ ՀՀ-ից ճնշումներ չեն լինի Իշխանյանի վրա՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ սփյուռքի կառույցների մեծ դերը: Բանն այն է, որ ԱՀ-ում հենց այդ հաշվարկով են Իշխանյանին զիջել խոսնակի պաշտոնը, որ ակտիվացնեն սփյուռքի կառույցները։ Նշենք, որ Իշխանյանը Սահմանադրությամբ փաստացի երկրի երկրորդ պաշտոնն է զբաղեցնում: Բացի այդ, Արցախի Սահմանադրության համաձայն, նախագահի հնարավոր հրաժարականի կամ իր գործառույթների իրականացման անհնարինության դեպքում նախագահի պաշտոնակատար է դառնում հենց ԱԺ նախագահը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Նախ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն աչքալուսանք տվեց, թե սեպտեմբերին մի չտեսնված աստղի համերգ են կազմակերպում, հետո կառավարության որոշման արտահոսքից տեղեկացանք, որ այդ աստղը Սնուփ Դոգ կոչվող երգիչն է, որի անունը շատերը չէին էլ լսել, եւ իշխանությունը որոշել է 23 միլիոն դոլար ծախսել 3 երաժշտական միջոցառումների վրա, մեկը` 6,2 մլն, երկրորդը` 9 մլն, երրորդը` 7,9 միլիոն դոլար:
Մեր տեղեկություններով, ամենաթանկ աստղը, որի վրա 9 միլիոն է ծախսվելու, Ջենիֆեր Լոպեսն է: Մարդիկ անմիջապես որոնումների արդյունքում պարզեցին, որ Սնուփ Դոգն այդքան չարժի, նրա կարմիր գինը մի քանի հարյուր հազար դոլարն է: Ուրեմն ինչի՞ վրա է ծախսելու ՀՀ հարկատուների 6,2 միլիոն դոլարը կառավարությունը:
Մեզ հաջողվեց պարզել, որ Սնուփ Դոգի բուն հոնորարը լինելու է 1,8 միլիոն, եւս 250 հազար դոլար կկազմեն նրա լրացուցիչ պահանջները` կեցության եւ այլ խնդիրների համար: Ինչի՞ վրա է ծախսվելու 3 միլիոն 950 հազար դոլարը: Ոչ մի համերգային միջոցառում Հայաստանում չի կարող այդքան արժենալ, ինչը նշանակում է, որ իշխանությունը մեծ «լվացք» է նախաձեռնել` փողերի լվացք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը մայիսի 30-ին մտել է ՀՀ գլխավոր դատախազության շենք եւ պատիվ պահանջել:
Իսկ ի՞նչն է դրդել Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Պետրոսյանին մտնել Գլխավոր դատախազություն և թեժացնել իրավիճակը:
Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին, որոնք իրենց անձնական խոսակցության ժամանակ ԱԱԾ քննիչին ասել էին «փալաս» ու վատաբանել էին ղեկավարին: Պարզվում է՝ դատախազներին ազատելուց առաջ Կոտայքի մարզի դատախազությունում բավականին ուշագրավ զարգացումներ են եղել:
Բանն այն է, որ գաղտնալսելուց հետո Կոտայքի մարզի դատախազության արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի աշխատասենյակ է մտել ԱԱԾ-ն և խուզարկություն իրականացրել: Համակարգում լուրեր կան, որ ԱԱԾ աշխատակիցները, բացի շենքը տակնուվրա անելուց, նաև խոշտանգել են դատախազին:
ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատակիցները լուռ հանդուրժում են համակարգի նկատմամբ իրավապահների այս գործելաոճը: Բացառիկ դեպքը եղել է Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պ. Պետրոսյանը գնացել է գլխավոր դատախազություն ու պատիվ պահանջել իր գործընկեր դատախազներին նվաստացնելու համար:
Նրա այս արարքը չի ընդունվել համակարգում, եւ հաջորդ օրը նրան զանգահարել են եւ տեղեկացրել, որ Աննա Վարդապետյանն ազատել է իրեն Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից եւ տեղափոխել ցածր պաշտոնի, ինչի արդյունքում էլ Պետրոս Պետրոսյանը ազատման դիմում է գրում ու հեռանում համակարգից: Թեեւ խոսվում է, որ մինչ այս աղմկահարույց միջադեպը Պետրոս Պետոսյանի եւ Աննա Վարդապետյանի միջև արդեն չհասկացվածություն եղել է:
Պետրոս Պետրոսյանը քրեական գործերից մեկով առարկություն է ներկայացրել, եւ ղեկավար կազմին դեմ դուրս գալու համար նրա նկատմամբ ծառայողական քննություն են նշանակած եղել, սակայն գործը հետագայում կարճվել է: Իսկ Գլխավոր դատախազության շենք մտնելուց եւ աղմուկ բարձրացնելուց հետո նրան ցածր պաշտոնի են տանում՝ փորձելով այդպես պատժել :
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց Պ. Պետրոսյանից, որը մեր հարցը լսելուց հետո ասաց. «Չեմ մեկնաբանում»»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Երեք կուսակցություններից կազմված դաշինք էր «Ելքը»` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն»: 2018-ին նրանց ճանապարհները բաժանվեցին: ԼՀԿ-ն թունդ ընդդիմություն դարձավ, «Հանրապետությունից» միայն նախագահ Արամ Սարգսյանն էր ասպարեզում ՝ եռանդուն պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին: Բայց հիմա երեքը նորից միասին են, որքան էլ որ Դավիթ Խաժակյանը հայտարարի, թե ինքը Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու է: Բայց ինչպե՞ս է ստացվում, որ Երեւանի ավագանու ընտրությունների շեմին երկու մասնակից ուժերը նախընտրական դրամահավաք են անցկացնում` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդամենը 10 միլիոն դրամ է հավաքում, իսկ ՔՊ-ն` 200 միլիոնից ավելի: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա, երբ իշխանություն ձեւավորած քաղաքական ուժին մարդիկ «մուծվում» են՝ նրա վերարտադրությունը լեգիտիմացնելու եւ հեշտացնելու համար: