Հայաստանը տարածաշրջանային հաղորդակցությունների նոր կոնֆիգուրացիայից դուրս մնալու ռիսկի է ենթարկում ինքն իրեն․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը տարածաշրջանային հաղորդակցությունների նոր կոնֆիգուրացիայից դուրս մնալու ռիսկի է ենթարկում ինքն իրեն․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խանգարում է Հայաստանին՝ ավարտել տարածաշրջանային ենթակառուցվածքների  ապաշրջափակման գործընթացը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եռակողմ աշխատանքային խմբի՝ հունիսի 12-ին կայացած նիստում արձանագրվեց, որ բանակցություններում էական առաջընթաց կա։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում էր ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ։ Բայց Հայաստանի ղեկավարությանը կրկին ինչ-որ բան խանգարեց ավարտին հասցնել  թղթի վրա եղած պայմանավորվածությունները։ Մենք լավ գիտենք՝ ինչը խանգարեց․ «Հայաստանի այժմյան ղեկավարության արևմտյան բարեկամների «բարի խորհուրդները»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Արևմուտքը, փոխանակ աջակցի եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը և Բաքվի ու Երևանի հաշտեցմանը, տորպեդահարում է կարգավորման գործընթացում բոլոր «դրական ձեռքբերումները»։

«Նրանք տորպեդահարում են ռուսական ջանքերը և փորձում են պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սեփական բաղադրատոմսը, կարգավորման փոխարեն պսևդոկարգավորևում են իրականացնում»,- ասել է Զախարովան։

«Արդյունքում Հայաստանը, գործելով եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս գտնվող ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ցուցումներով, մեր կարծիքով, տարածաշրջանային հաղորդակցությունների հետագա կոնֆիգուրացիայից կտրվելու ռիսկի է ենթարկում ինքն իրեն»,- հավելել է նա։