Չինական խուրմա կամ ունաբ. որո՞նք են բույսի օգտակար հատկությունները

Ունաբի սովորականը` Ziziphus jujuba, պատկանում է դժնիկազգիների ընտանիքին։ Փշոտ, տերևաթափ, 3-8 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։
Բույսի անվանումն ունի պարսկական ծագում` Zizufun են անվանել ցանկացած տեսակի ուտելի պտուղները։ Ֆրանսիայում ունաբի պտուղներն անվանում են ժուժուբա։ Ունաբին մոտ 400 տարի առաջ մշակվել է Չինաստանում, ինչի պատճառով բույսն անվանում են նաև չինական խուրմա։
Բույսը տարածված է Միջերկրական ծովի ափերին, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Այսրկովկասում։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Վայոց Ձորում, ստորին լեռնային գոտում` մինչև 1000 մ բարձրության վրա` չոր, քարքարոտ թեքություններում։ Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմեր, հյութեր, գինի, կոմպոտներ, մարինադներ և այլն։
Ունաբի սովորականի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ։
Պտուղը պարունակում է սպիտակուց, օսլա, շաքար, պեկտինային նյութեր, ճարպեր, օրգանական թթուներ, կումարին, տանին, ֆլավոններ, նաև ասկորբինաթթու, ռուտին, կարոտին, B խմբի վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, երկաթ, կոբալտ, յոդ։ Հասունացման նախնական շրջանում ունաբի պտղի համը նման է խնձորին, հասունանալուց հետո պտուղը փափկում է, իսկ համով հիշեցնում է փյունիկյան արմավի պտուղը (խուրմա)։ Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։
Ունաբին բարձր է գնահատվում` որպես հիպոտենզիվ` ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։
Սերմը պարունակում է բույսին բնորոշ սապոնինների խումբ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։ Սերմն ունի հանգստացնող, թույլ լուծողական հատկություններ։
Տերևը պարունակում է թմրեցնող նյութեր, ունի խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում է սրտի ռիթմը։ Հետաքրքիր է իմանալ, որ տերևը ծամելիս` փոխվում է ընկալումը համի հանդեպ` մարդը չի զգում քաղցր և դառը համերը, իսկ զգայունությունը աղի և թթու համերի հանդեպ լիովին պահպանվում է։
Ունաբի արմատը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ։ Կեղևը պարունակում է նաև ռուտին։ Ունաբի արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։