Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»

Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։ Անդրադարձ է կատարված նաեւ Հայաստանին, եւ քննադատության են ենթարկվել մի քանի ոլորտներ, առավելապես՝ հավաքների ազատության ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասով:

Մասնավորապես, զեկույցում անդրադարձ է առկա հունիսի 3-ին տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ եւ ուժ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ: Հիշեցնենք, որ այդ ժամանակ հիսուն անձինք՝ ներառյալ 34 ոստիկաններ, բժշկական օգնության են դիմել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել էին «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար: Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչեւ տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար:

Եվ չնայած այդ դեպքից անցել է 9 ամիս, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ոչ մի ոստիկանի այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել: Նույնը նաեւ վերաբերում է սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանների կողմից բռնության ենթարկվեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում