Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»

Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչ մղձավանջի է վերածվել մեր ներկան Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության գալու հետևանքով, բոլորին էլ պարզ է: Լավ, մի քանի բացառություններով:

Այո, այդ մղձավանջային այսօրը ձևավորվել է հենց Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, ինչն էլ, իր հերթին, հետևանք է այն բանի, որ 2020-ի պատերազմական աղետը բերած անձը ու նրա կուսակցությունը 2021-ին արտահերթ ընտրություններով վերարտադրվեցին, ի դեպ՝ «Ապագա կա ապագա» կարգախոսով: Այն, ի դեպ, Փաշինյանն ու իր թիմակիցները տարածում էին նաև Արցախի վրա, որը 2022-ի հոկտեմբերի 6-ին ուրացան, իսկ 2023-ի սեպտեմբերին թույլ տվեցին հայաթափել, ինչը այդ ուրացման ուղիղ հետևանքն է:

Նախօրեին Փաշինյանը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը՝ ասել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել»։

Գործնականում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը սպառնում է... Հայաստանի անկախությանը: Դա նույնն է, եթե մեկնումեկին ասես, որ նրա ծննդյան վկայականը ոչ թե նրա ծննդյան, այլ իրականում մահվան վկայականն է: Էլի նման անհամատեղելի «պնդումների» օրինակներ կարելի է բերել, որպեսզի Փաշինյանի ասածի ամբողջ անհեթեթությունը ավելի ցայտուն երևա: Բայց, վստահ ենք, որ ասվածն էլ միանգամայն բավարար է:

Բուն հարցն այն է, թե ո՛վ է դա ասում և ինչ նպատակով: Իսկ դա ասում է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, որը միջազգային հարաբերություններում ներկայացնում է մեր պետությունն ու մեր պետության անունից պարտավորություններ է ստանձնում ու փաստաթղթեր ստորագրում: Դա ասում է մեկը, որի ընդունած որոշումներից կախված են մեր պետության, մեր ժողովրդի, մեր սերունդների ճակատագրերը: Ու Փաշինյանը նման հայտարարություն անում է, որպեսզի հիմնավորի ՀՀ Սահմանադրությունը չեղարկելն ու «նոր» Սահմանադրություն ընդունելը, Սահմանադրության անփոփոխելի նախաբանն ու Անկախության հռչակագրին արված հղումը մեր պետականության պատմաքաղաքական իրականությունից ջնջելը, ավելի ճիշտ՝ քերելը:

Մեծ հաշվով, անցյալը ջնջելը Փաշինյանի վարչապետական գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Նա և իր քպական թիմը բավականին հետևողականորեն ու «գետնի վրա» ընդամենը 6-7 տարվա ընթացքում հիմնավեր ջնջեցին նախորդ 27 տարիներին ժողովրդի ու համայն հայության ջանքերով ստեղծածն ու ձեռքբերումները, ջնջեցին հաղթանակները, երկրի պաշտպանունակությունը, արտաքին-քաղաքական կշիռն ու սուբյեկտայնությունը: Ու դեռ ջնջում են:

Հիմա, ինչ պես դժվար չէ նկա տ ե լ , «ջնջման» փաշինյանական մարմաջը, եթե կուզեք՝ «քաղաքականությունը» հասել է Հայոց ցեղասպանության եղելությունը ռևիզիոնիստական վերանայման ենթարկելուն, մեծ հաշվով՝ ժողովրդի պատմական հիշողությունից ջնջելուն: Ջնջել են Արցախը մեր երկրի քարտեզից, Արցախի պետական կառույցների էլեկտրոնային կայքէջերն են ջնջել...

Անխուսափելի էր նաև Անկախության հռչակագիրը ջնջելու նրա հետևողական դիրքավորումը: Նա, ով որոշել է Հայաստանը դնել թուրքական տիրապետության կամ վերահսկողության տակ, բնականաբար, պետք է նաև պետականության հիմնարար փաստաթուղթը պատռի ու մի կողմ նետի, այն բնորոշի որպես... անկախության սպառնալիք:

Այսինքն, այս «ջնջելու քաղաքականությունը», բնականաբար, իրականացվում է Հայաստանի ու հայության թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի թելադրանքով: Այդ թելադրանքի սխեման էլ է պարզորոշ տեսանելի: Ահավասիկ. Փաշինյանը հայտարարում է, թե՝ ինչ էլ լինի, «խաղաղության օրակարգից» իրենք չեն շեղվի: Ալիևն ասում է, թե՝ շատ լավ, եթե խաղաղություն եք ուզում, պիտի այս ու այն մի բանն էլ անեք, օրինակ՝ Սահմանադրությունը փոխեք, որ Անկախության հռչակագրին ոչ մի հղում չլինի: Փաշինյանենք մի քիչ ցուցադրական խունջիկ-մունջիկ են գալիս, ապա... վազում Թուրքիա, Քըլըչի մոտ կամ գանգատվում Էրդողանին: Թուրքիան էլ ասում է՝ դե, եթե խաղաղություն եք ուզում, պիտի Ադրբեջանի ասածներն անեք: Փաշինյանը ելնում ու հայտարարում է, թե Հայաստանի Անկախության հռչակագիրը սպառնալիք է... Հայաստանի անկախությանը:

Գործնականում, դա հայտարարություն է ոչ թե Անկախության հռչակագիրը ջնջելու, այլ Հայաստանի Հանրապետության հռչակման ու ձևավորման իրավաքաղաքական հիմքերը կազմալուծելու և ոչնչացնելու մասին: Այսինքն՝ այն, ինչը մեր թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնային նպատակներից է: Առհասարակ, տիրապետող տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ղեկավարի դերում է, այլ Հայաստանի կազմաքանդման թշնամական նկրտումները հիմնավորողի ու այդ տնաքանդությունը որպես... «ինքնիշխան պետականության պահպանում» փաթեթավորողի դերում:

Օրուելի «1984»-ի գլխավոր հերոսը, կհիշեք, «Ճշմարտության նախարարությունում» խմբագիր էր, որի բուն գործը անցյալի խմբագրումն էր, անցյալում տպված թերթերի, փաստաթղթերի տվյալների խեղաթյուրումն այնպես, որ դրանք «համապատասխանեն» ներկային: Ու նա՝ Օրուելի այդ հերոսը, մտորում էր. «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը...»:

Մենք չէ, որ առաջինն ենք նկատել, թե Փաշինյանն ու նրա ՔՊ-ն Օրուելի «Անասնաֆերմա» ու «1984» հակաուտոպիական ստեղծագործությունները որպես գործունեության հրահանգաթերթիկ են ընկալել: Այդպիսի տպավորություն է: Դե՝ «պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում