Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան, Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ Մամուլը՝ սուրճով

Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան, Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին, որ ներկայանա Հակակառուպցիոն դատարան եւ հարցաքննվի՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով: Այդ գործն էլ քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։

Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

ՀՀ տարբեր մարզերում ի աջակցություն տավուշցիների ծավալվող պայքարից եւ ակցիաներից, մեր տեղեկություններով, իշխանություններն այնքան մտահոգ են, որ հրահանգել են մարզպետներին՝ փողոցները փակող ցուցարարների դեմ «կոնտր-մասսովկաներ» դուրս բերել, որոնք կհայհոյեն ցուցարարներին, ամոթանք կտան պատգամավորներին, ձեռքի հետ էլ կգովերգեն իշխանություններին ու կփորձեն ցույց տալ, որ իրականում մի փոքր խմբակ է ճանապարհ փակում, իսկ ազգաբնակչության հիմնական մասը կողմնակից է հողերը հանձնելուն եւ միակողմանի զիջումներին, առհասարակ` շարունակում է պաշտել Նիկոլ Փաշինյանին։

Մեզ պատմեցին, որ որոշ տեղերում այնքան շատ են եղել սադրիչները, որ իրավիճակն անվերահսկելի է դարձել, եւ իշխանության աջակիցները եւս դարձել են ցույց ցրող ոստիկանների բռնության «զոհը»։ Չէ՞ որ ոստիկանները չգիտեն, թե ովքեր են իրական ցուցարարները, ովքեր` «պրոիշխանական սադրիչները»: Արմավիր-Գյումրի ճանապարհը փակելու ժամանակ երեկ հենց նման իրավիճակի ականատեսը դարձանք, երբ քաղաքացիներից մեկը Գեղամ Մանուկյանին էր մեղադրում երկրին վնաս տալու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեեւ նախորդ տարի՝ քաղաքացու վրա թքելուց հետո, այդպես էլ մնաց անպատիժ, բայց նրա մասնակցությամբ այդ սկանդալային միջադեպը հայտնվել է միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես՝ միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր 2024 թվականի զեկույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այս խայտառակ պահվածքին՝ գրելով. «Հայտնի դեպքից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա՝ այն բանից հետո, երբ նրան հրապարակավ «դավաճան» են անվանել, քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ իշխանություններից պահանջել են միջոցներ ձեռնարկել բարձրաստիճան պաշտոնյայի դեմ՝ ՔՊ-ին կոչ անելով էթիկայի հանձնաժողով ստեղծել, իսկ իրավապահ մարմիններին՝ խուլիգանություն հոդվածով գործ նախաձեռնել»։

Փաստենք, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրեն հռչակել է «ամենաժողովրդավար եւ արդար իշխանություն», բայց ՔՊ-ականներն այլեւս այնքան են հատել կարմիր գծերը, ու նրանց անթույլատրելի վարքն այնքան է աչք ծակում, որ անգամ նրանց մշտապես աջակցող ամերիկյան կազմակերպություններն ու կառույցները չեն կարողանում աչք փակել դրանց վրա»: