Կուրսկի 11 բնակավայր, Սուջայի արևմտյան հատվածը գրավվել է, Լիպեցկի 4 բնակավայրեր տարհանվել... ՌԴ-ում թեժ մարտեր են

Այսօր առավոտյան Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը 7 հրթիռ և վեց անօդաչու թռչող սարք են խոցել։ Գիշերվա ընթացքում մի քանի անգամ հրթիռային տագնապ է հայտարարվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, պնդում է, որ օգոստոսի լույս 8-ի գիշերը և առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի շրջանում 6 ԱԹՍ և 5 հրթիռ են ոչնչացրել։ Եվս 14 անօդաչու թռչող սարք, ըստ գերատեսչության, խոցվել է Բելգորոդի շրջանում։
Կադրերրը՝ այստեղ
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն, ուկրաինական զորքերը հնարավոր է տասը կիլոմետր խորացած լինեն Կուրսկի շրջանի տարածք։
Որոշ աղբյուրներ նշում են, որ ուկրաինացի զինվորականները գրավել են Սուջայի արևմտյան հատվածը։ Սա, առաջին հերթին, նաև դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման խափանում է նշանակում, քանի որ այնտեղ գազաբաշխման համակարգն է, որով գազ է մատակարարվում Եվրամիություն:
Նշենք, որ տարբեր աղբյուրների համաձայն՝ չորեքշաբթի Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում 11 բնակավայր են գրավել, իսկ հինգշաբթի սկսել են այնտեղ ամրություններ կառուցել։
Երեկ երեկոյան մարտերն ընթանում էին Կուրչատով քաղաքից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, թե «հետ են մղել Ուկրաինայի անսպասելի առաջխաղացումը դեպի Կուրսկի շրջան», ասել է. - «Ռուսաստանը պատերազմ է բերել իմ երկրին և պետք է զգա իր արածը»:
Զելենսկին ուղղակիորեն չի անդրադարձել ներխուժմանը, տեղեկացրել է, որ զեկույցներ է ստացել Ուկրաինայի բարձրագույն ռազմական հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեքսանդր Սիրսկիից, որ ռազմական գործողություններն «արդյունավետ» են՝ «այն, ինչ հիմա պետք է Ուկրաինային»։
Ուկրաինական կողմն իր հերթին նաև հայտնել է, որ ռուսական զորքերը գնդակոծել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքը: Վիրավորվել է շուրջ 24 մարդ, կա 4 զոհ:
Տեսանյութը՝ այստեղ