Իհարկե, մեզ էլ չի գոհացնում այս իրավիճակը. ե՞րբ են վերանալու անձնագրայինների հերթերը
Վերջին ամիսներին Հայաստանի անձնագրային բաժանմունքներում հսկայան հերթեր են գոյացել։ Միգրացիոն ծառայության կողմից օպտիմալացումն իսկական գլխացավանք է դարձել հազարավոր քաղաքացիների համար, որոնք մինչ այդ սպասարկվում էին իրենց համայնքի անձնագրայիններում, հիմա ստիպված են գնալ տասնյակ կմ հեռու՝ ավելի խոշոր համայնքներ, որպեսզի այնտեղ սպասարկվեն, քանի որ կառավարությունը որոշել է մի շարք համայնքների անձնագրային ստորաբաժանումները փակել՝ կենտրոնացնելով ավելի խոշոր համայնքներում։
Օրինակ՝ Կոտայքի մարզում Չարենցավանի բաժանմունքը փակել են և կենտրոնացրել Հրազդանում, նույն կերպ՝ Նոր Հաճնի և հարակից բնակավայրերի բնակիչները ստիպված են հասնելու Եղվարդ և օրերով հերթ կանգնել, նույն իրավիճակն է Արարատի Մարզի Մասիս համայնքում, Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում և այսպես շարունակ։ Երևանի մասին էլ՝ չենք ասում։ Մարդիկ գնում առավոտ կանուխ, նախ, հերթի կտրոն քաշելու հերթ են կանգնում, հետո մինչև օրվա վերջ սպասում են և այդպես էլ չեն սպասարկվում, քանզի հերթը այնքան մեծ է, որ իրենց հերթն այդպես էլ չի հասնում։ Արդյունքում մի հասարակ տեղեկանքի կամ անձնագրի համար ստիպված են լինում մի քանի օր գնալ և հերթ կանգնել իրենց համայնքից կիլոմետրերով հեռու անձնագրային բաժանմունքներում։
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը MediaHub-ի հետ զրույցում ընդունեց, որ կա խնդիր, որն իրենց էլ է, բնականաբար, մտահոգում, իրենք էլ են դժգոհ ստեղծված իրավիճակից և հիմա աշխատում են խնդրին միջանկյալ, կարճաժամկետ լուծումներ տալ, մինչև վերջնական լուծումը։
Իսկ վերջնական լուծումը, ըստ Արմեն Ղազարյանի, համակարգային լուծման մեջ է, որը նախատեսում են ավարտել մեկ-մեկուկես տարվա ընթացքում։
Ղազարյանը, սակայն, համաձայն չէ, որ հերթերը գոյանում են օպտիմալացման հետևանքով։ Նրա խոսքով՝ այդքան մեծ հերթերը պայմանավորված են ինչպես Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ միգրացիոն և անձնագրային ծառայություններից սպասարկվելու հանգամանքով, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացրել իրենց բաժանմունքներում, այնպես էլ տուրիստական հոսքերով, ռելոկանտների մեծ հոսքով, ՀՀ քաղաքացիների՝ շատ ճամփորդելու միտումով և այսպես շարունակ։ Իսկ թե ինչ լուծումներ են պատրաստվում տալ, և երբ կթեթևանան հերթերը, կարող եք դիտել Արմեն Ղազարյանի՝ MediaHub-ին տված հարցազրույցում:
Վահե Մակարյան