Գնացինք որդուս գերեզման ու շնորհավորեցինք հայր դառնալու կապակցությամբ․ ամենամեծ տխրությունս Գրիգորիի բացակայությունն է

Գնացինք որդուս գերեզման ու շնորհավորեցինք հայր դառնալու կապակցությամբ․ ամենամեծ տխրությունս Գրիգորիի բացակայությունն է

«Մեր ընտանիքի ողբերգությունից մոտ 7 ամիս անց` ապրիլի 19-ին, տանս վերջապես ուրախություն եկավ։ Գրիգորիի մահից հետո լույս աշխարհ եկավ առաջնեկը, որ հոր ցանկությամբ՝ իմ անունն է կրում»,- MediaHub-ի հետ զրույցում ընտանիքի ուրախությունն ու միաժամանակ տխրությունն է պատմում Գոհար Ավակիմյանը։ Նրա որդին՝ Գրիգորին, որ մասնակից էր նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերին, հրաշքով փրկվել ու տուն էր վերադարձել, սակայն, հաջորդ օրը Հայակազովում տեղի ունեցած աղետի գոտում այրվածքներ է ստացել, մահացել։ Դեպքից 42 օր անց ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է նրա աճյունը։ 

«Գրիգորին ու Ռայան նոր էին ամուսնացել։ Ինչպես բոլոր երիտասարդ ամուսինները, իրենք էլ սպասում էին ծնող դառնալու հրաշքին։ Գրիգորին շատ էր սիրում աղջիկ երեխաներին, ուզում էր, որ առաջնեկն աղջիկ լինի։ Անգամ ասել է՝ «մամ, եթե աղջիկ ունենամ, քո անունն եմ դնելու»,- հիշում է մայրը։

Ապրիլի 19-ին Ռայայի մոտ սկսվել է ծննդաբերական ցավերը։ Գոհարն ասում է՝ Գրիգորիի զոհվելուց հետո հղիության ամբողջ ընթացքում հարսն այնքան սթրեսներ ու ծանր ապրումներ է ունեցել, որ որոշակի խնդիրներ են առաջացել, երեխան ծնվել է կեսարյան հատումով։ «Փառք Աստծո, առողջ բալիկ է ունեցել, որը, արդեն մի քանի օր է, լցրել է մեր կյանքը»։

Ուրախությունն ու հույզերը միախառնվել են իրար։ Ռայայի համար ծաղիկներ է պատրաստել Գրիգորիի կրտսեր եղբայրը, իսկ ծննդատան բակում հավաքվածների համար հյուրասիրություն են կազմակերպել։ Երեխային դուրս են գրել հոր ավտոմեքենայով։

«Հետո բարեկամներով եկել ենք Գառնի, այցելել որդուս գերեզմանին,  շնորհավորել նրան  հայր դառնալու կապակցությամբ։ Ե՛վ ուրախ և տխուր օր էր։ Ամենամեծ ուրախությունս փոքրիկ Գոհարի լույս աշխարհ գալն էր, ամենամեծ տխրությունս որդուս բացակայությունը։ Չափից ավելի խոստումներ չեմ տալիս, բայց որքան ապրեմ, իմ ջերմությունն ու ողջ սերը տալու եմ Գրիգորիիս բալիկին, իմ առաջին թոռանը»,- արտասվում է Գոհար Ավակիմյանը։ 

Փոքրիկ Գոհարն իր ներկայությամբ փոխել է տան մթնոլորտը։ Բարեկամները նրա ծնունդը համարում են ճիշտ ժամանակին, որ կապրեցնի Գրիգորիի ու Ռայայի հարազատներին, բայց Գոհարն անպատասխան շատ հարցեր ունի։ 

Հիմա փոքրիկ Գոհարը բոլորիս աջակցության կարիքն ունի, քանի դեռ մայրն աշխատունակ չէ։ 

Հունան Թադևոսյան