Տասը տարի առաջ այս օրը սպանվեց «Դեդ Հասանը»․ գործը քննության ո՞ր փուլում է

Տասը տարի առաջ այս օրը սպանվեց «Դեդ Հասանը»․ գործը քննության ո՞ր փուլում է

Ուղիղ տասը տարի առաջ քրեական աշխարհը ցնցվեց հերթական լուրից․ Մոսկվայում սպանվեց ՌԴ-ի ամենաազդեցիկ հանցավոր հեղինակություններից մեկը` Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանը։

Օրենքով գողն առավոտյան գնացել էր ռեստորան, և ներս մտնելու պահին դիպուկահարը կրակել էր նրա ճակատին։ Սակայն, վիրավորելով Ուսոյանին, մարդասպանը չէր շտապել հեռանալ․ նա վեց կրակոց է արձակել Հասանի ուղղությամբ, սակայն հարվածել է ռեստորանի 30-ամյա մատուցողուհուն։ Փամփուշտները դիպել են կնոջ կրծքին և ազդրին։ Հայտնի է, որ կնոջ կյանքը փրկել հաջողվել էր, իսկ քրեական հեղինակությունը հիվանդանոցում մահացել էր։

Ավելի ուշ իրավապահները պարզել էին, որ մարդասպանը թաքնվում էր շենքի մուտքի դիմաց, բայց տաք հետքերով նրան ձերբակալել չի հաջողվել։ Իսկ մի քանի տարի անց հետաքննությունն ընդհանրապես կասեցվել է։

Հանցագործության պատվիրատուն և կատարողը մինչ օրս չեն հայտնաբերվել, թեև գործը չի փակվել։ Առանցքային վարկածներից մեկի համաձայն` Դեդ Հասանի սպանությունը կապված է քրեական աշխարհում առաջատար լինելու պայքարի հետ։

75-ամյա Ուսոյանը համարվում էր հետխորհրդային տարածքում ամենահեղինակավոր քրեական առաջնորդներից մեկը, նա չորս դատվածություն ուներ, քրեական «կարիերան» սկսել էր դեռ 19 տարեկանից։ Ազգությամբ եզդի էր, ծագումով՝ Վրաստանից։

2010 թվականին իր նկատմամբ մահափորձի հետևանքով «Դեդ Հասանը» հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, Ուսոյանին սպանելու մեկ այլ փորձ էլ կատարվել էր 1998 թվականին։

Նշենք, որ ավելի ուշ Իտալիայի ոստիկանությունը հայտնեց, որ քրեական աշխարհում երկու հեղինակությունների հեռախոսային գաղտնալսումից պարզ է դարձել, որ Ասլան Ուսոյանի սպանության պատվիրատուն Տարիել Օնյանն է: Այլ տեղեկություներ չհաղորդվեցին։

 

Նարե Գնունի