Պայթյունի գործով նոր «մեղավորներ» են գտել, Ընտրություններից առաջ հող է նախապատրաստում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է ․ Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկեն Արցախի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանին։ Զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանության գործառույթը վերապահված է եղել ՊԲ հատուկ ստորաբաժանմանը, որը պետք է քաղաքացիներին անվտանգ վառելիք տրամադրեր, ինչը չի արվել։ Արցախի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2020 թ. պատերազմի ավարտից մեկ տարի անց` 2021-ի սեպտեմբերին։ Լուրեր կան, որ նա վերջերս Սուրեն Պապիկյանի խորհրդական է նշանակվել՝ հասարակական հիմունքներով։
Մենք դատախազություն հարցում էինք արել՝ ի՞նչ փուլում է հարուցված վարույթի նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ, ո՞րն է հիմնական վարկածը։ Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան չեն հերքել Վարդանյանի առնչության փաստը պայթյունին։ Հարցրել էինք նաեւ՝ հարուցված վարույթով Կամո Վարդանյանն ունի՞ կարգավիճակ։ Մեզ ուղարկված գրավոր պատասխանում դատախազությունը տեղեկացնում է․ «Վարույթը գտնվում է նախաքննության փուլում, իրականացվում են մեծածավալ ապացուցողական եւ վարույթային այլ գործառույթներ, որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Հայցվող մնացած տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած 10 օրում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու մի ՔՊ-ական պատգամավոր դատի են տվել «Ժողովուրդ» օրաթերթին ու շտապում են բացատրել, թե այլընտրանք չունեն, պիտի թիմի ներսում իրենց «ճիշտը ապացուցելու համար» դատական հայց ներկայացնեն:
Նախ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դատական հայցեր են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, սակայն ծանուցումը դեռ չենք ստացել եւ չգիտենք՝ որ հրապարակումների համար:
Դատական հայց ներկայացնելու հրապարակային սպառնալիք է ներկայացրել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա համար, որ նյութ էինք հրապարակել, թե ինչպես է նա բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ սուր քննադատել ՌԴ-ին, ինչը դարձել է մեր ու ՌԴ-ի հարաբերությունների սրման եւս մեկ առիթ: Անգամ լուրեր հրապարակվեցին, որ ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններից հետո հրաժարվում է Հայաստան գալուց ու Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելուց: Այս գործով նույնպես դեռ ծանուցում չենք ստացել:
Երեկ ստացանք ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի դատական հայցը, որը դատապարտված է պարտության ի սկզբանե, քանի որ անգամ հայցի մեջ Հայկ Սարգսյանն ու իր իրավաբանը խուսափել են օգտագործել «ՔՊ» կամ «Նիկոլ Փաշինյան» անունները:
Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը նյութը կտրել է կոնտեքստից եւ մի քանի նախադասություններ, կիսատ վերցրած, զրպարտություն է համարում:
Օրինակ՝ հոդվածում գրված է, որ «Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին, որ Հայկ Սարգսյանը, որ երեք նիստի ժամանակ է՝ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձեւավորել»: Սակայն Հայկ Սարգսյանը հայցի մեջ նախադասության սկիզբը ջնջել է՝ հեռացնելով հետեւյալ մասը՝ «Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին…»:
Մյուս նախադասությունը հոդվածի սկսվում է այսպես. «Հիշեցնենք, որ հունվարի 9-ի երեկոյան ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ Տավուշի անտառները ոչնչացնելու համար:
Սա դարձել էր փոխադարձ վիրավորանքների ու քաշքշուկի պատճառ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն անգամ իրար հարվածել էին հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, եւ վերջինս էլ թողել ու հեռացել էր»: Բայց Հայկ Սարգսյանը զրպարտություն է համարում այս նախադասության միայն մեջտեղի հատվածն այն դեպքում, երբ հստակ գրված է, որ սա հիշեցում է 4 օր առաջ հրապարակված մի հոդվածի մասին, որը որեւէ մեկը չի հերքել: Ի դեպ, պատգամավորը զրպարտություն չի համարում, որ Նիկոլ Փաշինյանը թողել հեռացել է քաշքշուկի ժամանակ:
Մյուս նախադասությունը սկսվում է այսպես. «միջադեպից հետո ՔՊ որոշ շրջանակներ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանը ոչ թե անտառների ճակատագրով է մտահոգված, այլ փայտանյութ ներկրող քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների հետ որոշակի հարաբերություններ է կառուցել»:
Թերեւս այս նախադասության համար է փորձում ինքնապաշտպանվել Հայկ Սարգսյանը, որը 2 անգամ ՔՊ ակտիվի ժողովների ժամանակ տեսանյութեր է ցուցադրել եւ խոսել անտառահատումների մասին: Բայց սա էլ է կիսատ վերցրել. մեր ինֆորմացիայի աղբյուրի հղումը հանել է, ուր գրված էր, որ այն ՔՊ ներսից ենք ստացել: Սարգսյանը միայն զրպարտություն է համարում այն, թե ինքը փայտանյութի բիզնես հետաքրքրություն չունի եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ չունի առնչություն: Կարճ ասած, մամուլին դատի տալով՝ փորձում են ինքնապաշտպանվել, բայց չի ստացվի:
Հիշեցնենք, որ խոսքը նույն Հայկ Սարգսյանի մասին է, ում մամուլը հիշատակել է որպես «Նիկոլի շիշ բռնող»»:
«Հրապարակը» գրում է ․ Արցախցիների շրջանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել: Ըստ լուրերի, Բաբայանին շինարարական տենդերների որոշակի քվոտա են տրամադրել, եւ նա արցախցի գործարարներին հուշում է, թե որտեղ ինչ մրցույթ կա, ինչպես մասնակցել եւ իր աջակցությամբ շահել տենդերը: Ոչ այնքան փող աշխատելու, որքան հնարավորինս լայն շրջանակներ իր կողմը գրավելու համար է անում։ Դրանով Բաբայանն առաջիկա ընտրություններին ընդառաջ մի ստվար ընդդիմադիր ընտրազանգված կունենա:
Բանն այն է, որ «կամանդույուշչին» մտադիր է մասնակցել խորհրդարանի գալիք ընտրություններին․ նա ՀՀ քաղաքացիություն ունի, եւ պահանջվող՝ ՀՀ-ում բնակվելու տարիները բավարար են։
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականները USAID-ի փակվելը ՀՀ-ում որոշել են օգտագործել ի նպաստ իրենց։Մասնավորապես` ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, թե իշխանությունը որոշել է USAID-ով սնվող կազմակերպությունների ղեկավարներին այլընտրանքային ծրագրեր առաջարկել եւ ֆինանսավորել։
Ասում են՝ այդ պայծառ միտքը ՔՊ-ի ղեկավարիականջին շշնջացել է վերջինիս կողակիցը»: