Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է խոստացել ՀՀ նախագահը սյունեցիներին

Blog Image

 Վերջերս «պարզվեց», որ ՀՀ–ն ունի նաև նախագահ։ Վերջինս՝ Վահագն Խաչատուրյանը, աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում վերջին շաբաթներին, մասնավորապես, արտասահմանյան այցերից զատ նա սկսել է հանդիպում-զրույցներ ունենալ

ՀՀ շարքային քաղաքացիների հետ. անցած շաբաթ Խաչատուրյանը Սյունիքի մարզում էր եռօրյա այցով:  

«Եթե մենք կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 43 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով, շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ։ Եվ այն մեծ ծրագիրը, որը մենք հիմա ներկայացնում ենք ու առաջ ենք տանում՝ «Խաղաղության խաչմերուկը», շատ լավ ընկալվում է միջազգային հանրության կողմից։ Ես կարող եմ ուղղակի իմ անձնական շփումների արդյունքում դա ներկայացնել ձեզ։ Բոլորի համար շատ գրավիչ է և շատ տեսանելի է։ Շատ մեծ հայտնագործություն չենք արել, բայց երբ որ այն, ինչ կա, իրականություն է, սեղանին ենք դնում ու պատկերավոր ներկայացնում այդ հնարավորությունները, հասկանում ենք, թե որքան կարևոր է այս 43 կիլոմետրը և Սյունիքը։ Մեր նպատակը հետևյալն է՝ ամենամոտ ժամանակում ստորագրել  «Խաղաղության համաձայնագիրը»»,- ասել էր Խաչատուրյանը։

Խաչատուրյանը շփվել է սյունեցիների հետ, փորձել պատասխանել նրանց անհանգստացնող հարցերին։ MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ սյունեցիների հարցերը բավականին շատ էին, քանի որ  ադրբեջանական ԶՈՒ–ի կրակոցները չեն դադարում, օր օրի ավելի ու ավելի վտանգավոր է դառնում ապրելը Սյունիքում, բացի այդ՝ «Զանգեզուրի միջանցքը» հանգիստ չի տալիս սյունեցիներին, որովհետև հայտնի չէ, թե ի՞նչ կլինի, երբ ադրբեջանական մեքենաներն ու ապրանքներն անցնեն Սյունիքով, որքա՞ն վտանգավոր կդառնա տարածաշրջանը։

MediaHub-ին պատմեցին այն բոլոր խոստումների մասին, որ տվել է այսպես կոչված նախագահը սյունեցիներին, որոնք, կարելի է ասել, առաջին անգամ իմացան, որ ՀՀ-ն նման պաշտոնյա էլ ունի:   

Նախ, մեզ ասացին, որ սյունեցիները Խաչատուրյանից փորձել են պարզել՝ ի՞նչ է լինելու սահմանազատումից, սահմանագծումից հետո, հատկապես, որ Սյունիքում դրա փորձն ունեն՝ Շուռնուխը: Ուշագրավն այն է, որ լավ ապագա խոստացող Խաչատուրյանը կոնկրետ հարցերի հստակ պատասխաններ դժվարացել է տալ, նույն սահմանազատման և սահմանագծման մասով միայն նշել է, թե գործընթացն ընթացքի մեջ է։

Սակայն, ինչպես ասում են սյունեցիները, ոչ մի գործընթաց էլ չկա, նույն Տավուշում պետք է որ արդեն ավարտված լիներ սահմանազատումն ու սահմանագծումը, բայց ոչինչ էլ տեղի չի ունենում, որովհետև նույն Ադրբեջանը իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Սյունիքն իրենով անելու վրա: 

Եվ նույն Խաչատուրյանի խոսույթից էլ սյունեցիները հասկացել են՝ իշխանության ողջ ուշքն ու միտքը այս պահին կենտրոնացած է «Զանգեզուրի միջանցքի» վրա, օրակարգը միայն դա է։ 
«Ադրբեջանցիները մինչև միջանցքը չստանան, չհասնեն իրենց ուզածին, որևէ սահամանազատում կամ սահամանգծում իրենց հետաքրքիր չի»,- հավելեց մեր աղբյուրը։

Մարիաննա Արամյան

Send