Ի վերջո՝ Արցախի պետաշխատողներն աշխատավարձ կստանա՞ն

Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի Հանրապետությունը կլուծարվի 2024 թվականի հունվարի 1-ից։
Արցախի պետական աշխատողներին, ամեն դեպքում, մտահոգում է այն հարցը, թե մինչև լուծարումն աշխատավարձ ստանալու են, թե՞ ոչ, քանի որ որքան էլ լքել են Արցախը, նրանք պատրաստ են շարունակել իրենց աշխատանքը։
MediaHub-ն Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Նորայր Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են աշխատանքները, վերջինս պատասխանեց․
«Քննարկման փուլում է։ Հստակեցում չկա, թե այդ աշխատավարձը Հայաստանի, թե Արցախի Կառավարությունը պետք է տրամադրի։ Աշխատանքային խումբ է ձևավորվել, իրենք են զբաղվում։ Դեռ սպասում ենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր այն մասին, թե «չնայած Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչեւ 2024-ի հունվարի 1-ը պետք է գործեին, իսկ այդ ժամկետն ընտրվել էր, որպեսզի տեղահանված արցախցիները, որոնց մոտ 70 տոկոսը պետական ապարատի աշխատողներ են, մի քանի ամիս աշխատավարձ ստանային, երեկ տեղեկացանք, որ անգամ սեպտեմբերի աշխատավարձը բոլորը չեն ստացել, եւ հնարավոր է՝ չստանան»։
Ըստ հրապարակման՝ ՀՀ իշխանություններին զայրացրել է այն տեղեկությունը, թե Շահրամանյանը Հայաստանում խորհրդակցություն է անցկացրել եւ, ի թիվս այլ հարցերի, գնահատականներ հնչեցրել ՀՀ իշխանությունների հասցեին, ինչպես նաեւ՝ պայքարը շարունակելու մասին խոսել։
Լիաննա Թորոսյան