Մենք ինտեգրացիային դեմ չենք, բայց ոչ Ադրբեջանի հետ. Դավիթ Բաբայան

ԱՀ նախագահի խորհրդական, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ գրելով․
«Անցյալի հետ ներկայի թշնամությունը, առնվազն, այլանդակում է ապագան: Ներկայի հակամարտությունը անցյալի հետ ինչ-որ չափով օբյեկտիվ է, բայց իմաստուն ազգերը պետք է գոնե ձգտեն ներկայի և անցյալի միջև առողջ մրցակցության հասնել, ինչը միայն ապագան ավելի հուսալի կդարձնի»։
Ընթերցողի մոտ առաջին հայացքից տպավորություն է, որ պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչը խոսում է վաղեմի թշնամության մոռանալու, առաջ շարժվելու մասին, այսինքն, դիրքորոշման փոփոխության մասին, այն դեպքում, երբ նույն թշնամին «լեզու գտնելու» միակ տարբերակը ինտեգրումն է համարում... կամ ցեղասպանությունն ու էթնիկ զտումը:
MediaHub-ի հետ զրույցում Բաբայանը նշեց, որ իր գրառումը որևէ կապ չունի Ադրբեջանի պարտադրող օրակարգի հետ։
«Գրառումս կապ չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ, հակառակը՝ մենք իրավունք չունենք մոռանալ պատմությունը։ Պատմություն չիմանալը մեծ ողբերգություններ է բերում։ Իմ գրածն ընդհանուր փիլիսոփայություն է, առաջին հերթին՝ մենք ինքներս մեզ հետ պետք է չպայքարենք։ Եթե հանրությունը սխալ է հասկացել, կարող եմ բացատրել, որ սա փիլիսոփայություն է պատմությունից դասեր չքաղելու, չուսումնասիրելու մասին»,-ասաց նա։
Հարցին, թե ինչպես է վերջինս պատկերացնում ապագան ավելի հուսալի դարձնելը՝ Բաբայանը պատասխանեց, որ պետք է եղածն ամրացնել, ոչ թե քանդել և նորից կառուցել ու տնօրինել։
«Արցախում իրականում իրավիճակը ծանր է, մենք պաշարման մեջ են և սա պետք է լավ հասկանալ. իսկապես օրհասական, պատմական իրավիճակում ենք։ Իսկ Արցախի ժողովուրդը պատրաստ է մինչև վերջ պայքարել: Ադրբեջանն իր օրակարգից չի շեղվում, մենք էլ մեր օրակարգից պիտի չշեղվենք։ Որ ինքը չի շեղվում, մենք հո չե՞նք ընդունելու իրենց օրակարգը։ Էլի եմ ասել, որ հակառակորդի հետ խոսելիս պետք չէ ընդունել զինատյաց կեցվածք, երբ այդ ընդդիմախոսը քեզնից քանակով շատ է և ավելի հզոր։ Այս դեպքում լինելու է ցեղասպանություն։ Մենք չենք կարող կռիվ սկսել, ագրեսիվ մոտենալ, մենք պետք է սկզբունքային լինենք։ Մենք դեմ չենք բանակցություններին, խաղաղ կարգավորմանը, բայց մենք պետք է ունենանք համապատասխան որակ, համապատասխան ձևաչափ։ Արցախը գնում է այդ որակի ուղղությամբ, դրա համար էլ ասում ենք՝ մենք պատրաստ ենք գնալ բանակցությունների, բայց ոչ այն օրակարգով, որն Ադրբեջանն է ներկայացնում, այսինքն՝ կապիտուլյացիա, հանձնում։ Ինտեգրացիան լինում է հավասարը հավասարի հետ, կամավորության սկզբունքներով, փոխշահավետ։ Սրանցից ոչ մեկը չի կարող Ադրբեջանի հետ լինել։ Հետո ո՞վ է ասել, որ ինտեգրացիան Արցախ-Ադրբեջան պետք է լինի, մենք ինտեգրացիային դեմ չենք, եթե այն լինի Անդրկովկասի, Ռուսաստանի, Իրանի, Եվրապայի կամ այլ մեկի հետ: Բայց այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, դա գաղութացում է, ստրկացում։ Մենք, իհարկե, չենք գնա այս ճանապարհով»,-ամփոփեց Բաբայանը։
Լիաննա Թորոսյան