Ինչու է հետաձգվում Էջմիածնի Մայր տաճարի բացումը, Փաշինյանը նոր փորձություն է պատրաստել. Մամուլը՝ սուրճով

Ինչու է հետաձգվում Էջմիածնի Մայր տաճարի բացումը, Փաշինյանը նոր փորձություն է պատրաստել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. Թեեւ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները պլանավորվում էր ավարտել 2022 թվականին, սակայն 2023 թվականին եւս բացումը տեղի չունեցավ, եւ 2023-ի հոկտեմբերի 1-ին նախատեսված մյուռոնօրհնեքը եւս հետաձգվեց: Չնայած հետաձգումը բացատրեցին Արցախում տեղի ունեցող իրադարձություններով։ Արդեն յոթերորդ տարին է, որ Մայր տաճարը նորոգվում է, եւ բոլոր արարողությունները կազմակերպվում են այլ եկեղեցիներում:

Մայր Աթոռի մեր աղբյուրը կարծում է, որ Մայր տաճարի բացումն ու մյուռոնօրհնեքը կարող են կայանալ գարնանը, սակայն դա ընդամենը ենթադրություն է։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանայից փորձեցինք ճշտել, թե երբ են պլանավորում այս կարեւոր կրոնական միջոցառումներն իրականացնել։ Տեր Հայրը պատասխանեց, որ ժամկետների մասին կհայտնեն առաջիկայում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցերի ընթացքում սկանդալների ու զվարճալի միջադեպերի պակաս չի զգացվում: Փաշինյանը հունվարի 5-ին այցելել էր Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող՝ Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց:

Շրջայցի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ է ունեցել ջրի թույլ ամրացված ծորակներից, լոգարանի անորակ ցնցուղներից և այլն:

Ամենազվարճալին այն դրվագն էր, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցի ցնցուղներից մեկը քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով. «Տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրե՛ք և տեսե՛ք, թե տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է տրված, և սա ինչ արժե մեր շուկայում: Ամենայն լրջությամբ եմ ասում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ արդյոք նախարարը կատարել է Փաշինյանի այս կարեւոր հանձնարարականը, ճշտել է արդյոք ցնցուղի գինը, ի վերջո, որքան արժեր այն, և որքան էր հաշվվել ապրանքագրերում։

Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ Ժաննա Անդրեասյանը չի ճշտել ցնցուղի գինը:

ԿԳՄՍՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցումն ուղղորդել են ՀՀ քաղաքաշինության կոմիտե։

«Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում Ձեր կողմից հիշատակվող միջադեպի մասին պատմող տեսանյութում արձանագրված է, որ խնդիրը գտնվում է Քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակում: Առաջարկում ենք պարզաբանում ստանալու նպատակով դիմել նշված կառույցին:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Լոռու և Արմավիրի մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում նորակառույց ուսումնական հաստատություններում մարզադահլիճների գույքի հետ կապված խնդիրները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի խնդիրների գույքագրմամբ, լուծումների վերաբերյալ առաջարկների մշակմամբ»,-ասված է նախարարության պատասխանում:

Ի դեպ, ուշագրավ է, որ տարածված տեսանյութում երեւում է, որ Ժաննա Անդրեասյանը ցնցուղն այդպես էլ չի վերցնում Նիկոլ Փաշինյանի ձեռքից։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ նրա փոխարեն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանն է ցնցուղը վերցրել: Ի դեպ, մենք շրջել ենք շինանյութի խանութներով և պարզել, որ ցնցուղի գինը 500 դրամից է սկսվում, կա նաև 1000 դրամանոց, որը Փաշինյանի ձեռքում էր:

Որպես ամփոփում՝ նկատենք, որ Ժաննա Անդրեասյանը ոչ միայն ցնցուղը չվերցրեց՝ որպես արժանապատիվ կին, այլև չի կատարել Նիկոլ Փաշինյանի բանավոր հրահանգը:

Մենք, իհարկե, կներկայացնենք նաև Քաղշինկոմիտեի պարզաբանումը»:

«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների համար նոր փորձություն է պատրաստել․ մոտ երկու ամիս կուսակտիվի հետ «Ինչո՞ւ եմ ես ՔՊ անդամ եւ արդյո՞ք ինձ համարում եմ ազատ մարդ» խորագրով քննարկումներ կազմակերպելուց հետո նա նոր թեմա է օրակարգ բերել՝ ո՞րն է հայրենիքը, եւ ո՞րն է պետությունը։ Հիմա էլ այս թեմաներով են ՔՊ-ականները «շեֆին» ներկայացնում իրենց պատկերացումները:

Առաջին «դասը», որը կայացել է անցած հինգշաբթի, անցել է զավեշտալի մթնոլորտում: Հիմնական զեկուցողներից մեկը` ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, դասականներից ֆրազներ է ընթերցել՝ ներկայացնելով որպես սեփական մտքի արգասիք։

Թե ինչու է Փաշինյանն այդ թեման ընտրել, արդյոք էլի՞ հանձնելու տարածքներ կան եւ ուզում է թիմին հաշտեցնել վերացական հայրենիքի եւ թեկուզ մի կտոր մնացած ռեալ պետության գաղափարի հետ, մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական իշխանությունները դատական համակարգում փնտրտուքների մեջ են. ՍԴ դատավոր անդամի թափուր տեղի համար իրենց ցանկալի թեկնածուին են փնտրում: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:

Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր և այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից:

Իսկ ո՞վ պետք է զբաղեցնի Թունյանի տեղը: Դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ գնդակը դատավորների դաշտում է, եւ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու պետք է ներկայացնի, ու դատավորները ընտրեն նրան, ապա՝ գործուղեն ԱԺ: Դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ կլինեն դատավորներ, որոնք կցանկանան գնալ ՍԴ, սակայն մտավախություն ունեն, որ քաղաքական իշխանությունները անցանկալի թեկնածուների մուտքը կփակեն եւ իրենց ցանկալիին կուղարկեն բարձր դատարան: Ահա այս մթնոլորտում իշխանությունները փնտրում են ցանկալի թեկնածուի»: