Պատգամավորներին վոյաժներով լի մայիս է սպասվում. Վլադիմիր Վարդանյանի «բախտը կբացվի» 3 անգամ

Պատգամավորներին վոյաժներով լի մայիս է սպասվում. Վլադիմիր Վարդանյանի «բախտը կբացվի» 3 անգամ

Ազգային ժողովի պատգամավորների վոյաժներով հագեցած ամիս է սպասվում:

Այդպես, Մոնղոլիայի Սահմանադրական դատարանի եւ դրա ընթացակարգերի մասին օրինագծի վերաբերյալ աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մայիսի 2-10-ը Ուլան Բատոր (Մոնղոլիա) կգործուղվի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ապա Մոնղոլիայից Վարդանյանը կուղևորվի Փարիզ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար (2025 թվականի մայիսի 11-14-ը):

«Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի հունիսի 4-7-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մայիսի 14-16-ը Ռիգա (Լատվիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի «բախտը կբացվի» նաև մայիսի վերջ. Ալեն Սիմոնյանի հերթական կարգադրությունից տեղեկանում ենք, որ Վարդանյանը ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2025 թվականի մայիսի 21-24-ին էլ կգործուղվի Վալետա (Մալթայի Հանրապետություն):

Այս ցանկում միակ ընդդիմադիր գործիչը (ավանդաբար), որը մեկնում է գործուղումների, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն է: Վերջինս մայիսի 3-7-ը կգործուղվի Կրիստիանսանն (Նորվեգիայի Թագավորություն)՝ «Եվրոպական կոնֆերանս 2025 հանդիպում Հյուսիսային Խորհրդի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանականների միջեւ» միջոցառմանը մասնակցելու համար: Բացի այս, Արմեն Գևորգյանը նաև մայիսի 16-19-ը գործուղում ունի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում նա կմեկնի Վարշավա մասնակցելու Լեհաստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկմանը: Ընդդիմադիր պատգամավորը Լեհաստան կմեկնի ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի հետ (վերջինս Վարշավայում կգտնվի մայիսի 15-20-ը):

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մայիսի 21-27-ը Դեյթոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը: