Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մամ ջան ամեն ինչ լավ է չմտածես, զանգել եմ ձայնդ լսեմ»․ այսօր Սենոն կդառնար 22 տարեկան

Blog Image

Սենո Շահենի Երկանյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 15-ին, Լոռու մարզի Տաշիր քաղաքում: 3 ամսեկան հասակում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա բնակվելու: 2009 թվականին հետ են վերադարձել Հայաստան, բնակվելու Լոռու մարզի Տաշիր քաղաքում: Սովորել է Տաշիրի թիվ 1 ռուսական դպրոցում: Դպրոցում շատ սիրված և հարգված էր բոլորի կողմից: Սենոն փոքր հասակից հաճախել է տարբեր սպորտաձևերի, ձյուդոյի, կուդոյի, կարատեի: Խելացի, համբերատար, դաստիարակված ու բարի տղա էր Սենոն, հայտնում է Եռաբլուր․am-ը։

9-րդ դասարանը ավարտելուց հետո Սենոն ընտանիքի հետ միասին տեղափոխվում է մայրաքաղաք Երևան: Ընդունվում է Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի պետական տնտեսագիտական համալսարանի քոլեջի կիրառական ինֆորմատիկայի բաժին, ծրագրավորող դառնալու նպատակով: Յուրահատուկ, շնորքով, խելոք, համեստ, խելացի, ընկերասեր, հայրենասեր ու դուխով էր մեր Հերոսը: Սենեն ընտանիքի մինուճար որդին էր: 2-րդ կուրսը ավարտելուց հետո 2019 թվականի հուլիսի 22-ին զորակոչվում է Հայկական Բանակ։ Ծառայել է Սիսիանի զորամասում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, Սենոն դիրքերում էր: Հոկտեմբերի 8-ին Սենոն և իր մարտական ընկերները դիրքերից իջնում են և նրանց տանում են կռվի, սկզբից Կարմիր Շուկա, հետո Հադրութ, հետո Ֆիզուլի: Հոկրեմբերի 15-ին Սենոն և իր ընկերները թեժ մարտերի ժամանակ հայտնվում են շրջափակման մեջ: Գնդապետ Վազգեն Հակոբյանի հրամանով հետ են նահանջում, ոմն մեկի հրամանով նստում են մեքենաները, հասցնում են 200 մետր իջնել, երբ անօդաչու թռչող սարքի հարվածից պայթում է Սենոյենց մեքենան: 4 հոգի զոհվում են, մնացածը վիրավորվում: Սենոն ողջ է մնում և ուշքի գալով արագ ընկերներին այրվող մեքենայից դուրս է շպռտում, ընկերները հետ են վերադառնում, իսկ Սենոն ոչ:

2021 թվականի փետրվարի 28-ին ԴՆԹ հետազոտության արդյունքում գտնում են Սենոյի մարմինը: Սենոն զոհվել է հենց Հոկտեմբերի 15-ին, երբ իրենց մեքենան ԱԹՍ-ն պայթեցնում է, բայց Սենոն ողջ է մնում և ընկերներին դուրս է բերում մեքենայից: Այդ դեպքի վայրից 50 կիլոմետր հեռու են գտնում Սենոյի մարմինը:

Ծնողները մինչև օրս սպասում են ու հավատում են, որ Սենոն ողջ է, ու դեպքի վայրից ոտքով չէր կարող գնալ 50 կիլոմետր: Սենոն վերջին անգամ դեպքից 1 օր առաջ է զանգել մորը և ասել «Մամ ջան ամեն ինչ լավ է չմտածես, զանգել եմ ձայնդ լսեմ, պապային ասա զանգի իրա ձայնն էլ լսեմ»: Ցավոք հայրը չի հասցրել կապնվի որդու հետ, քանի որ կապը կորել էր:

Սենոն հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում:

Սենո Շահենի Երկանյանը հետմահու պարգևատրվել է «Գևորգ Չաուշ» և «Մարտական Ծառայության» մեդալներով:

Send