Թրոլի՞նգ, թե՞ պայքար. ինչո՞ւ է Էդգար Ղազարյանը դիմել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի համար

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը երեկ հայտարարեց, որ մասնակցելու է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի մրցույթին։ Հիշեցնենք, որ այդ հաստիքն ազատ է մարտի 19-ից, երբ ռեկտոր Դիանա Գալոյանն իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից։
Նշենք, որ ռեկտորի հաստիքի համար դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 28-ն է, և թեկնածուներից միայն Էդգար Ղազարյանն է հայտնի։ MediaHub-ը զրուցեց վերջինիս հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է Ղազարյանը դիմել այդ պաշտոնի համար և ինչպես է գնահատում իր շանսերը, եթե հաշվի առնենք, որ իրեն քաղաքական հայացքների համար զրկել են ՀՊՏՀ-ում դասախոսելու հնարավորությունից։
«Իմ ամբողջ գիտակցական կյանքը կապված է այդ համալսարանի հետ։ Բացի այն, որ ես այդ համալսարանի շրջանավարտ ու ասպիրանտ եմ, 2001-ից էլ այնտեղ դասավանդում եմ։ Միակ բացառությունն այն է եղել, որ Լեհաստանում եմ եղել, ու չի ստացվել դասավանդել։ Եվ վերջին այս տարին է բացառություն, ու քաղաքական հայացքների համար ինձ հեռացրել են բուհից»,- նշեց Ղազարյանը։
Նա հիշեցրեց, որ եղել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենը, եղել է բուհի ամենամեծ՝ Կառավարման ֆակուլտետի դեկանը, այսինքն՝ մանկավարժական աշխատանքն իր կյանքի հիմնական մասն է եղել։
«Հիմա տեսնում եմ, թե ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո ինչ վտանգի առաջ է կանգնել մեր համալսարանը, և հիմա հայեցակարգ եմ մշակել, որով կարող ենք փրկել մեր համալսարանը»,- նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք նույն քաղաքական դրդապատճառները, որոնք հիմք են հանդիսացել իրեն բուհից հեռացնելու համար հիմա էլ չեն խանգարի իրեն, Էդգար Ղազարյանը պատասխանեց՝ կխանգարեն։
«Կառավարման խորհուրդը ղեկավարում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչը Սահմանադրության խախտում է։ Եվ կարծում եմ, որ նա ազդեցություն կունենա խորհրդի մյուս անդամների վրա»,- նշեց նա։
Բայց և այնպես, Էդգար Ղազարյանը վստահեցրեց՝ ինքը տեսակով պայքարող է և ոչ թե պետք է այս ապօրինություններին տեղի տա, այլ պայքարի դրանց դեմ։
Նարե Գնունի