Պաշտոնյա հանցագործներն այլևս կմնան գաղտնի. ինչ հրահանգ է իջեցվել իրավապահներին

Պաշտոնյա հանցագործներն այլևս կմնան գաղտնի. ինչ հրահանգ է իջեցվել իրավապահներին

Իրավապահ կառույցները՝ Քննչական կոմիտե, դատախազություն և ոչ միայն, վերջին շրջանում իրենց քրեական վարույթների վերաբերյալ հաղորդագրություններում սկսել են անձին նույնականացնող որևէ տվյալ առհասարակ չհրապարակել։ Եթե նախկինում գոնե քրեական գործով անցնձող նախկին պաշտոնատար անձի անվան առաջին տառերն էին գրում ու նրա զբաղեցրած պաշտոնը, հիմա դա էլ չեն անում։ 

Mediahub-ի տեղեկություններով՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոտ տասն օր առաջ իրավապահ կառույցներին խորհրդատվական գրություն է ուղարկել, որ իրենց հաղորդագրությունները ապանձնավորած տարածեն, անձնական տվյալ կամ անձին նույնականացնող որևէ տվյալ չհրապարակեն՝ առաջնորդվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով։

Իրավապահ կառույցներից էլ այս որոշումը պատճառաբանեցին նրանով, որ նախկինում դժգոհում էին, թե դեռ դատական ակտ չեղած՝ նախաքննության փուլում իրավապահ մարմիններն իրենց հաղորդագրություններով արդեն իսկ անձի պատիվն ու արժանապատվությունը, նրա բարի համբավն արատավորում են, նրան դարձնում դավաճան, թալանչի ու կոռուպցիոներ, մինչդեռ որոշների դեպքում հետո մեղքը չի ապացուցվում, բայց խարանը մնում է։ Դրա համար հիմա որոշել են առհասարակ անձին նույնականացնող որևէ տվյալ չհրապարակել, ու գրել, ասենք, մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը այսքան գումարի չափով չարաշահում է թույլ տվել ոչինչ չասող նախադասություն։ Ուշագրավ է, որ հենց հիմա այդ մասին հիշեցին, որ իրենց քաղաքական և նեղ-անձնական ամբիցիաների պատճառով մարդկանց պատիվն ու արժանապատվությունն են արատավորում՝ խախտելով անմեղության կանխավարկածը, մինչդեռ մեկ-երկու տարի առաջ, երբ քաղաքական լարված իրավիճակ էր, և պետք էր հանրությանը համոզել, որ ոչ թե իրենք են դավաճան ու թալանչի, այլ շարքային զինվորն ու նախկինները, շաբաթը մեկ մի քրգործ էին հարուցում ու անձին «միամտաբար» նույնականացնող հաղորդագրոթյուն տարածում, որ նրան վարկաբեկեն և դրանով քաղաքական խնդիր լուծեն։

Հիմա էլ, սակայն, այլ խնդիր են սրանով առաջացնում՝ սահմանափակում են մամուլի և հանրության համար իրական մեղավորներին անվանական և դեմքով ճանաչելու հնարավորությունը։ Եւ անգամ այն դեպքերում, երբ քրեական վարույթը հարուցվում է, հետո ենթադրյալ նախկին թալանչի պաշտոնյան պետությանը պատճառած վնասը փոխհատուցում է, անգամ այդ դեպքում անվանական տվյալներ չեն հրապարակում, որ մարդիկ իմանան՝ ով ով է։

Ինչևէ, մեր տեղեկությունը թեպետ մասնավոր զրույցներում հաստատեցին տարբեր իրավապահ կառույցներից, սակայն որոշեցինք ճշտել և մեկնաբանություն ստանալ նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։ Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, սակայն, չկարողացավ ու հրաժարվեց մեր հարցերին բանավոր պատասխանել՝ առաջարկելով գրավոր ուղարկել հարցումը։ Որքան էլ նրան բացատրեցինք, որ բանավոր ավելի արդյունավետ է, նա մնաց անդրդվելի։ Պատճառը, թերևս, Ներսիսյանի՝ այս հարցում ոչ կոմպետենտ և իրավաբանական կրթությունից զուրկ լինելն է։ 

Նա մասնագիտությամբ հաշվապահ է կամ տնտեսագետ, քանզի նրա կենսագրականում իր կրթության վերաբերյալ որևէ տվյալ զետեղված չէ, միայն նշված է՝ ծնվել է 1986 թվականին, ապա միանգամից 2005-2006 թթ․ ինչ-որ ՀԿ-ում աշխատել է որպես հաշվապահ, հետո դատարաններից մեկում՝ հաշվապահ, ապա տարբեր բուհերում՝ դասախոս, իսկ 2023 թ․ հոկտեմբերի 20-ին ինչ-որ հրաշքով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ։ Ուստի նորմալ է, որ նա չկարողանար իրավական բնույթի հարցերին հանպատրաստից, բանավոր պատասխանել։ 

Իսկ թե ինչու են մասնագիտական կարողություններից զուրկ մարդուն նշանակել այս գործակալության պետ, կիմանա թերևս իրեն նշանակողը՝ բարձրագույն կրթություն ու ոչ մի նորմալ մասնագիտություն չունեցող Նիկոլ Փաշինյանը։

Վահե Մակարյան