Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ իշխանությունների փորձերն անպատասխանատու եւ անօգուտ են, դրանք չեն կարողանա փոխել Չինաստանի ղեկավարության դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Մենք դեմ ենք դրան եւ կտրականապես չենք կարող համակերպվել ԱՄՆ-ի նման դիրքորոշման հետ»,- ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես իրեն կպահի Պեկինը Ռուսաստանի հետ համագործակցելիս՝ Ուկրաինայի պատճառով ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնվելու վտանգի ֆոնին:
Դիվանագետի խոսքով, ուկրաինական ճգնաժամի հետ կապված Պեկինն օբյեկտիվ եւ արդար դիրքորոշում ունի եւ առաջնորդվելու է սեփական անկախ դատողություններով։ Նա նշել է, որ Չինաստանը հարգում է ուկրաինական բարդ իրավիճակում ներգրավված շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրի մտահոգությունը։ «Մենք աջակցում ենք ցանկացած ջանքերի, որոնք կարող են հաղթահարել ճգնաժամը», - ամփոփել է Չժաո Լիցզյանը: