ՔՊ ժողովը նեղ կազմով է անցնելու, Վահե Ղազարյանը Փաշինյանին բողոքել է, որ տեղակալները «տակը փորում են». Մամուլը՝ սուրճով

ՔՊ ժողովը նեղ կազմով է անցնելու, Վահե Ղազարյանը Փաշինյանին բողոքել է, որ տեղակալները «տակը փորում են». Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այս շաբաթ կայանալիք քաղաքական ժողովը, ի տարբերություն նախորդի, նեղ կազմով է անցնելու, պատգամավորների մեծ մասը, ինչպես նաեւ այլ հրավիրյալներ չեն լինի:

Կանոնադրության համաձայն՝ քաղաքական ժողովին ներկա են լինում կուսակցության վարչության անդամները, վարահսկիչ հանձնաժողովների անդամները, կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ կառավարության ՔՊ-ական անդամները, ինչպես նաեւ այն համայնքապետերը, որոնք ՔՊ կուսակցության անդամ են հանդիսանում: Բացի մշտական անդամներից, վարչության որոշմամբ, քաղաքական ժողովին մասնակցում են նաեւ հրավիրյալներ: Կուսակցության նախորդ քաղաքական ժողովին, որը տեղի էր ունեցել այս ամռանը՝ հունիսի 17-ին, Դիլիջան քաղաքում, ներկա էին գրեթե բոլոր պատգամավորները, կային նաեւ հրավիրյալներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունը որոշել է այս անգամ քաղաքական ժողովը նեղ կազմով անցկացնել. հրավիրյալներ չեն լինի: Թե որն է պատճառը, ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն ասաց. «ՔՊ կուսակցության կանոնադրությամբ սահմանված է քաղաքական ժողովի կազմը: Վարչությունը կարող է որոշել՝ լինեն հրավիրյալներ, թե ոչ: Այս անգամ որոշումը եղել է այդպիսին, որ միայն կանոնադրությամբ սահմանված կազմով է քաղաքական ժողովը լինելու, հրավիրյալներ չեն լինելու»:

«Հրապարակ» թերթը գրում է. ՆԳ նախարար-փոխնախարարներ հակամարտությունը սրվում է։ Պարզվում է` նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ով նշանակվել է հունվարին, կամաց իր ձեռքն է վերցնում համակարգի կառավարումը։ Դա նրան հաջողվում է սորոսական շրջանակների հետ ունեցած կապերի շնորհիվ: Այդ կապերն են պատճառը, որ Վահե Ղազարյանի դեմ ՀԿ-ների յուրաքանչյուր հայտարարություն վերագրվում է տեղակալին, որի հանդեպ Նիկոլ Փաշինյանն անբացատրելի դրական վերաբերմունք ունի:

Համակարգում Արփինե Սարգսյանի «վերելքը» բացատրում են գրքային ելույթներ ունենալու հմտությամբ, ինչին Վահե Ղազարյանը չի տիրապետում, եւ լոլոների գործը վստահում են տեղակալին: Բանը հասել է նրան, որ Վահե Ղազարյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա օրերս բողոքել է Փաշինյանին, թե տեղակալները «տակս փորում են», սորոսականներին ամեն ինչ զեկուցում են եւ իմ դեմ ինտրիգներ են հյուսում։ Ասել է, որ այսպես աշխատել հնարավոր չէ, որ իր կյանքը դժոխքի են վերածել։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մամուլը ոչ մեկ անգամ տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը լրջորեն անհանգստացած է և, որպես «պահեստային» տարբերակ, մտադիր է սեփական իշխանության կյանքը երկարացնելու նպատակով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ավելին, կան տեղեկություններ, որ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը կարծես «միս ու արյուն» է ստանում և կարող է կյանքի կոչվել 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին:

Ի դեպ, ուշագրավ է, որ այս թեմայի հետ կապված իշխանական տարբեր Տելեգրամ ալիքներ և ֆեյսբուքյան խմբեր ինտենսիվ սոցհարցումներ են անցկացնում՝ մարդկանց տրամադրությունները ստուգելու նպատակով։ Թեպետ կա տեսակետ, որ իրականում նման «հարցումները», որոնց հիմնականում մասնակցում են «նիկոլականները», նպատակ ունեն թե՛ իրենք իրենց, թե կողմնակիցներին համոզելու, թե ՔՊ-ն դեռ վարկանիշ ունի ու կարող է լավ արդյունքներ գրանցել:

Մեր ունեցած տեղեկություններով, այս հարցում առանձնակի հետաքրքրվածություն ունի Արևմուտքը, որն ամեն ինչ անում է՝ Փաշինյանի իշխանությունը երկարացնելու համար: Ըստ այդմ, հաշվի առնելով, որ Փաշինյանի վարկանիշը երկրաչափական պրոգրեսիայով նվազում է, հնարավոր «ցուգցվանգային» իրավիճակներից խուսափելու նպատակով պահեստային տարբերակներ են մշակում, այդ թվում՝ իրենց ձեռնտու թեկնածու «մշակելու» միջոցով, ինչի պարագայում Նիկոլ Փաշինյանը կլինի «ստվերային» ղեկավար։ Շատ հետաքրքիր է, որ արտահերթի թեման առավել ակտիվացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ալիևն էլ է ուզում գնալ արտահերթ նախագահական ընտրությունների:

«Սա նշանակում է, որ ինչոր մոդերատորներ գոյություն ունեն, որոնք փորձում են երկու երկրի ներքաղաքական գործընթացները վերահսկողության տակ պահել»,-«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանի աղմկահարույց միջադեպից անցել է 20 օր, սակայն որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, այսինքն՝ ո՛չ անախորժություն հրահրող, ո՛չ թեժացնող ավագանու անդամները, ո՛չ էլ միջանցքներում ծեծ կազմակերպած թաղապետերը պատասխանատվության չեն կանչվել: Երեւանի ընտրյալները ընդհուպ հայհոյեցին միմյանց ուղիղ եթերում հանրային հարթակում, բայց որեւէ տեղաշարժ չկա այս գործում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Քննչական կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի միջադեպի քրեական գործով ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը , որից հետո երկու անգամ հարցաքննության էր հրավիրել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին եւ վերջ: Դատելով իրավիճակից՝ այս միջադեպը կարժանանա Ազգային ժողովում պատգամավորների միջեւ գրանցված ծեծի միջադեպի ճակատագրին, որը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճեց:

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։