ՔՊ-ականներին կհաջողվի՞ ուժային կառույցների ղեկավարներին բերել խորհրդարան. Ժողովուրդ

ՔՊ-ականներին կհաջողվի՞ ուժային կառույցների ղեկավարներին բերել խորհրդարան. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

Հաջորդ շաբաթ խորհրդարանում բավականին թեժ է լինելու. ԱԺ են գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության անդամները: ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում կքննարկվի ՀՀ 2022 թվականի պետբյուջեի կատարողականը:

Այսպիսով, հաջորդ շաբաթ խորհրդարան կգան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազայանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեւ նախագահ Ստեփան Մնացականյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Նկատենք, որ մինչ այս բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նախարարներն անձամբ գալիս են խորհրդարան, մինչդեռ ուժային կառույցների ղեկավարներն իրենց տեղակալներին են գործուղում ԱԺ, բայց իրենք չեն գալիս:
Բանն այն է, որ Փաշինյանը պահանջել է բյուջեի նախագծի քննարկումն այս անգամ այնպես կազմակերպել, որ նախարարները եւ ուժային կառույցների ղեկավարներն անձամբ ներկայանան ԱԺ, բոլորը՝ առանց բացառությամբ:
Այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ՝ նրանք անձամբ կգա՞ն խորհրդարան, թե՞ նրանց տեղակալները կգան: Հիմա ԱԺ հանձնաժողովի նախագահները փորձում են բանակցել ուժային կառույցների ղեկավարների հետ, որ նրանք անձամբ գան խորհրդարան, որպեսզի Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն էր բազմիցս ՀՀԿ-ականներից պահանջում, որպեսզի պաշտոնյաները, նախարարները բյուջեի քննարկման ժամանակ անձամբ գան ԱԺ:
Օրինակ՝ 2015թ-ին ԱԺ հանձնաժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, այդ ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեծ աղմուկ բարձրացրեց, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր եկել ԱԺ, նրա փոխարեն եկել էր տեղակալը` Կամո Արեյանը:

«Ձեր բացատրությունն եմ ակնկալում, ինչպե՞ս կարող եք իրականությանն այսքան շատ չհամապատասխանող բացատրություն տալ, և այս տարի ի՞նչ է պատահել Տարոն Մարգարյանին, ինչո՞ւ հիմա էլ ներկա չէ»,- ՀՀԿ-ականներին այսպես էր կշտամբել ընդդիմադիր Փաշինյանը:

Հիմա տեսնենք՝ ՔՊ-ականներին հաջորդ շաբաթ կհաջողվի ուժային կառույցների ղեկավարներին բելեր խորհրդարան:

Ամբողջությամբ հոդվածը ՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում