Անձնագիր ձեռք բերելիս կամ փոխելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. Դատախազություն

Անձնագիր ձեռք բերելիս կամ փոխելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. Դատախազություն

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Խ.-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի և լինելով ՌԴ-ում քննվող քրեական գործով հետախուզման մեջ, Վրաստանում աշխատանք փնտրելու, այնտեղից Գերմանիայի Դաշնություն մեկնելու նպատակով, օգտվելով քրոջը՝ 2013թ.-ից ՌԴ-ում մշտապես բնակվող, ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող Դ. Շ.-ին արտաքնապես նման լինելու հանգամանքից, 2021թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքում հանդես է եկել վերջինիս տվյալներով և ներկայացրել իրականությանը չհամապատասխանող՝  Դ. Շ.-ի անձնագրի կորստյան մասին դիմում:

Գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ Դ. Շ.-ի փոխարեն նա նաև ներկայացրել է իր լուսանկարները՝ խնդրելով հաշվառել իր ընկերուհու՝ Լ. Ամարովային պատկանող՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի համապատասխան հասցեում՝ որպես իր փաստացի բնակության վայր:

Այնուհետև, անձի փաստացի բնակության վայրը ստուգելու նպատակով 2021թ. նոյեմբերի 10-ին վերոհիշյալ հասցե այցելած համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Ն. Խ.-ն դարձյալ ներկայացել է որպես Դ.Շ. և ստորագրել վերջինիս տվյալներով կազմված համապատասխան արձանագրությունում։ Դրանից հետո, ոստիկանության ծառայողը կազմված արձանագրության հիման վրա նախապատրաստել և ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունք է ներկայացրել գրություն, որով հաստատվել է նշված հասցեն որպես Դ. Շ.-ի փաստացի բնակության վայր հանդիսանալու հանգամանքը։

Վերոհիշյալ գործողությունների արդյունքում 2021թ. դեկտեմբերի 1-ին Ն. Խ.-ն ստացել է իր լուսանկարով և ստորագրությամբ, սակայն Դ.Շ.-ի անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր, որը ավելի ուշ «Բագրատաշեն սահմանային անցակետի աշխատակիցներին ներկայացնելով փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը: Սակայն անցակետի աշխատակցի ստուգման արդյունքում անձնագրի կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է և արգելվել է նրա ելքը ՀՀ-ից։

Ն. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով /3 դրվագ/ և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, և 2022թ. ապրիլի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ըստ դատախազության, քրեական գործով հիմնավորվել է, որ Ն. Խ.-ն նախապես պարզել է, թե ոստիկանության որ տեսուչն է սպասարկում Նորամարգ համայնքը, զանգահարել է վերջինիս և, հանդիպելով նրան, հայտնել Նորամարգ համայնքի համապատասխան տանը հաշվառվելու իր ցանկությունը: Դրանից հետո տեսուչն այցելել է հիշյալ հասցե և կազմել արձանագրություն այն մասին, որ Ն.Խ.-ն բնակվում է այդ տանը:

Արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացի շահագրգիռ անձի կողմից հայտնած բանավոր տվյալներից, այն չի պարունակել անձի հայտնած տեղեկությունները հաստատող որևէ օբյեկտիվ փաստական տվյալ:

Համայնքային տեսուչը Նորամարգ համայնքի նշված տանը Ն. Խ.-ի փաստացի բնակվելու հանգամանքն ստուգելիս բավարարվել է բացառապես վերջինիս հայտարարությունով և որևէ այլ միջոց չի ձեռնարկել, ինչպես, օրինակ, սեփականատիրոջից իր տանը բնակվելու վերաբերյալ համաձայնություն ստանալը, հարևաններից ճշտող հարցումներ կատարելը, «ՍԷԿՏ» համակարգում ստուգում իրականացնելը և այլն: Այսինքն բավարար գործիքակազմ չկիրառելը և ձևական միջոցառումները նպաստել են հետագայում կեղծ անձնագրի պատրաստմանը և այն օգտագործելով պետական սահմանն ապօրինի հատելու փորձի կատարմանը:

«Նշվածը եզակի դեպք չէ: Մասնավորապես, ԱԱԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով հիմնավորվել է, որ անձը ՀՀ ՊՆ Արաբկիրի զինվորական կոմիսարիատում ներկայանալով դասընկերոջ տվյալներով, 2014թ. հուլիսին ձեռք է բերել վերջինիս ՀՀ զինված ուժերում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա անձնագիր ստանալու համար նրա անունից դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Դրանց հիման վրա Մ. Ա.-ն անձնագրավորվել է, ստացել  իր լուսանկարով, սակայն Գ. Վ.-ի կենսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ նույնականացման քարտ, ստացել ՀՀ ԶՈՒ-ում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա նաև իր լուսանկարով, սակայն Գ. Վ.-ի կոնսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ կենսաչափական անձնագիրը, որով նա 2014-2016թթ. 7 անգամ հատել է ՀՀ պետական սահմանը: 2022թ. մարտի 3-ին այս քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քրեական գործերի նյութերի վերլուծությունը վկայում է, որ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում անձի նույնացման, հայտնած տվյալների իսկությունը ստուգելու չափորոշիչները լիարժեք կարգավորված չեն համապատասխան իրավական ակտերով: Այդ պատճառով շահագրգիռ անձանց հայտնած տվյալների ստուգումը շատ դեպքերում կրում է ձևական բնույթ՝ նպաստող պայման դառնալով հանցավոր գործունեության  համար»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

Ելնելով դրանից՝ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը միջնոդրագիր է հղել ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում տվյալ անձի նույնացումն ապահովող արդյունավետ չափանիշներ և անհրաժեշտ գործիքակազմ սահմանելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում նմանատիպ դրսևորումները հետագայում բացառելու նպատակով: