«Օրենքով գողեր» են կալանքից ազատվել, ինչի՞ց է հիասթափված Դավիթ Տոնոյանը․ Մամուլը՝ սուրճով

«Օրենքով գողեր» են կալանքից ազատվել, ինչի՞ց է հիասթափված Դավիթ Տոնոյանը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտեւի 10 օր, կավարտվի օգոստոսի 13-ին: Ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը եւ դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Օգոստոսի 23-ից էլ արդեն կմեկնարկի նախընտրական քարոզարշավը. Երեւանը կհեղեղվի նախընտրական պաստառներով, իսկ քաղաքապետի թեկնածուները երեւանցիներին վերամբարձ խոստումներ կտան ու «սեր կխոստովանեն»: Նախընտրական քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 15-ին: Նշենք, որ դեռ ոչ բոլոր ուժերն են հաստատել իրենց մասնակցությունը ավագանու ընտրություններին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի եւ Արմավիրի մարզերի դատախազները չեն պատրաստվում լռել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնալսել է մարզի դատախազներին, որի արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: Իսկ ի՞նչ են լսել իրավապահները երկու դատախազներին գաղտնալսելիս: Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին լսելիս պարզել են, որ դատախազները նեղսրտած խոսել են, քննադատել ու տարբեր կարծիքներ արտահայտել Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։

Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։ Սակայն այսքանով Դատախազությունում «վհուկների որսն» ու ներքին պառակտումները չեն ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԱԱԾ-ն այս գաղտնալսման արդյունքում մտել է Կոտայքի ու Արմավիրի մարզերի դատախազություն, դատախազներին պառկեցրել գետնին ու սկսել գործողություններ: Այստեղ էլ հասունացել է դրամայի երկրորդ մասը. Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Այսպիսով, դատախազները ներքին միջանձնային խոսակցության համար ազատվել են աշխատանքից:

Այլ կերպ ասած, Հայաստանը վերածվել է գաղտնալսումների երկրի, որտեղ քաղաքական իշխանությանը ընդդիմացողների խոսքի ազատությունը ոտնահարվում է. անգամ գաղտնի չեն կարող խոսել դատախազները»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող հեղափոխական իշխանությունները վերջերս կալանքից ազատել են մի քանի «օրենքով գողերի», որպեսզի նրանք Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի համար աշխատեն: Քրեական աստիճանակարգով ամենաբարձր տիտղոսն ունեցող «օրենքով գողերի» մեջ, սակայն, ներքին անհասկացվածություն կա այս թեմայով: Երբ 2018 թվականին Հյուսիսային պողոտայում վիճաբանություն էր եղել նրանց մեծ խմբի միջեւ, քրեական աստիճանակարգում բարձր տեղ զբաղեցնողները միմյանց խոստացել են, որ այլեւս քաղաքական որեւէ գործընթացի, որեւէ ընտրության չեն մասնակցի:

Եւ հիմա «գողականների աշխարհում» քննարկումներ են. եթե պետք է կանգնել որեւէ թեկնածուի կողքին, սատարել որեւէ մեկին, նա չի կարող լինել իշխանության թիմից: Ճիշտ կլինի, որպես միակ իսկական երեւանցի տղա, քննարկել Վիկտոր Մնացականյանին սատարելու հարցը, որը ամենաապաքաղաքական թեկնածուն է, որեւէ կուսակցության հետ չի ասոցացվում, միայն մայրաքաղաքի խնդիրներից է խոսում: Բայց դեռ վերջնական որոշման չեն հանգել այդ աշխարհում, թե որն է ճիշտը: Հավելենք, որ կալանքից ազատված եւ տնային կալանքի ռեժիմում գտնվող «օրենքով գողերից» մեկը Սուրեն Ավետիսյանն է՝ լենինականցի Սուրոն, մյուսը՝ Արտյոմ Ղազարյանը՝ «օրենքով գող» Զապի քրոջ որդին, եւ էլի 2-3 «օրենքով գողեր», որոնց անունները ճշտվում են»:

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում մասնավորապես նկատել է, որ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության վերաբերյալ ներկայացվող որևէ պահանջ կրկնակի անտեղի է թվում այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Արցախն ադրբեջանական է ճանաչել: Նկատենք, որ Ռուսաստանը պաշտոնական ներկայացուցչի միջոցով առնվազն երկրորդ անգամ է նման կոշտ, հասցեական հիշեցմամբ հանդես գալիս: Ավելի վաղ էլ էր Ռուսաստանից հայտարարություն հնչել, որ Արցախի (ինչպես իրենք են նշում՝ Լեռնային Ղարաբաղի կամ պարզապես՝ Ղարաբաղի)՝ ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական ճանաչելն արմատապես փոխել է իրավիճակը: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների դիտողությունը կամ դիտարկումը, ինչպես կուզեք, տեղին է ու ճիշտ:

Իսկապես էլ, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն ուրանալը, Արցախը ադրբեջանական ճանաչելը (հայտարարելը, հռչակելը) արմատապես փոխել է իրավիճակի բովանդակությունը: Նախ՝ դա Ալիևին ավելի է թևավորել, և նա, իրեն բացարձակապես անպատիժ զգալով, ձեռնարկեց Արցախի շրջափակումը, ապա՝ պաշարումը, ու հիմա, «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ, ինչպես ասվում է՝ օրը ցերեկով, իրականացնում է Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանություն: Մյուս կողմից՝ որքան էլ Զախարովայի դիտողությունը հիմնավորված ու տեղին լինի, հարցեր են ծագում: Նախ՝ ինչի՞ մասին էին նրանք մտածում մինչև այդ, երբ բոլոր փորձագետները միաձայն պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումների կիզակետում (թեկուզ ոչ որպես գործոն)՝ արագորեն դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից:

Իսկապե՞ս այդքան միամիտ էին, որ դա չէին նկատում: Հազիվ թե: Ուրեմն ո՞րն էր խնդիրը, մտածում էին՝ «սուզանավի միջից նրանք ո՞ւր ունեն գնալու»: Թե՞ այդ պահին այդպես էր պետք: Բայց չէ՞ որ 2020 թ. նոյեմբերյան հայտարարությունը երեք ստորագրություն ունի, դրա քանդվելը Ռուսաստանում չէի՞ն նկատում... Իհարկե, հեշտ է շրջվել ու ասել, թե՝ դա հայ ժողովրդի ընտրությունն է, ինչ իրենք ընտրել են, ըստ դրա էլ ամեն ինչ եղել է, ոչինչ անել չենք կարող: Բայց դա ավելի շատ Նիկոլ Փաշինյանին է բնորոշ՝ բոլոր մեղքերը գցել այլոց վրա: Իսկ Ռուսաստանում ոնց որ մի քիչ ուշ են մի թեթև «խառնվել իրար»...

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովին, ավելի ստույգ՝ այդ հանձնաժողովի քպական անդամներին երկու օր շարունակ «հյուրընկալվել» էր գրեթե երկու տարի կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Տոնոյանը հիասթափված է քննիչ հանձնաժողովում իր «հարցաքննության» ընթացքից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Դավիթ Տոնոյանը նախնական ազդակներ է ունեցել, որ իրեն վատ դրության մեջ չեն գցելու և չեն «նեղելու», սակայն այս երկու օրը տեղի ունեցածից հետո անգամ նրա մերձավոր շրջանակներից են ասել, որ պաշտպանության նախկին նախարարը չպետք է գնար հանձնաժողով և մասնակցեր իշխանության կազմակերպած այդ շոուին։ Մեր տեղեկություններով, Տոնոյանին ասվել է, որ նա ուղղակի պետք է հրաժարվեր հանձնաժողով ներկայանալու առաջարկից, քանի որ այդպիսով խայտառակ վիճակում հայտնվեց. բանն այն է, որ ստեղծված իրավիճակում իշխանություններն ամեն ինչ բարդում են նույն Տոնոյանի վրա. պատահական չէր, որ իր հարցազրույցներում անգամ Անդրանիկ Քոչարյանն էր ասում, թե ինքն այնպես է ընկալել, որ Դավիթ Տոնոյանն «ուզում է, ոնց որ թե, բոլորի մեղքը վերցնել իր վրա»։

Շատերի համոզմամբ, չնայած Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի հիմնական թիմակիցներից մեկն է եղել, բացի դրանից, իշխանության քարոզչության հիմնական ուղղություններից մեկի իրականացնողը, իսկ հանձնաժողովի նիստում էլ փորձում էր փրկել Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս սեփական իշխանությունը, առավել ևս՝ սեփական անձը փրկելու համար պատրաստ է ոչ միայն Տոնոյանին, այլև մնացած բոլորին «փուռը տալ»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովի 2023թ. կարիքների համար պատվիրակությունների ընդունման եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար կոնյակների են ձեռք բերել խորհրդարանում՝ վճարելով 3 մլն 872 հազար դրամ։ Գնումը կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից, որի սեփականատեր Տիգրան Համասյանը Պեռնո Ռիկարի հետ կապ ունի: Նկատենք, որ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել են 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։

Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում Ազգային ժողովը պաշտոնական պատվիրակությունների ընդունելության եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար նաեւ օղիների է ձեռք բերել՝ մոտ մեկ միլիոն դրամ՝ 959 հազար վճարելով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմփանի» ՍՊԸ-ին։ Այսինքն` այն մեղադրանքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հնչեցնում էին նախկինների եւ պետական տարբեր կառույցների հասցեին, որ մսխում են պետական բյուջեն, անարդյունավետ ճոխ ծախսեր են արվում, բնորոշ են նաեւ իրենց»։

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կարծես թե ռեստարտի անհրաժեշտություն է առաջացել, և կողմերը դա գիտակցելով որոշել ինչ-ինչ քայլերի գնալ: Դրանցից առաջինը դեսպանների փոփոխությունն է: Ընդ որում Ռուսաստանում ՀՀ դեսպանից այնքան մեծ դժգոհություն ունի ռուսական կողմը, որ դա առաջնահերթ է լուծվելու: Վաղարշակ Հարությունյանին փոխելու հարցը վաղուց էր քննարկվում, սակայն դեսպանի թեկնածուներ գտնելու խնդիր կար: Թեկնածու, որը կվայելի Նիկոլ Փաշինյանի վստահությունը և ընդունելի կլինի ռուսական իշխանությունների համար:

Մեր տեղեկություններով, մի շարք թեկնածություններ են քննարկվել: Եվ հայկական կողմը կարծես թե կանգնել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի վրա: Ռուսաստանի դեսպանի թեկնածուն էլ, մեզ հասած տեղեկություններով, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա է, ինչը ևս խոսում է այն մասին, որ Ռուսաստանում հասկանում են Հայաստանի և նրա հետ համագործակցության կարևորությունը:

«Փաստ» օրաթերթը գրում է

Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ամիսներ առաջ կտրուկ մերժել է ՔՊ-ի առաջարկը՝ միասին գնալ Երևանի ավագանու ընտրություններին: Նշել էինք նաև, որ, մեր տեղեկություններով, նեղ շրջանակներում Սարգսյանը նշել է, որ ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են:

«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը ներկայում ակտիվորեն պատրաստվում է քսան օրից սկսվելիք քարոզարշավին: Նա ակտիվ հանդիպումներ է ունենում՝ փորձելով ապահովել ոչ միայն քվեներ, այլ նաև ֆինանսական ռեսուրսներ: Կան տեղեկություններ, որ այդ հարցով նա հանդիպել է մի քանի հայտնի գործարարների, ինչպես նաև նախկին բարձրաստիճան որոշ զինվորական պաշտոնյաների:

Ըստ նույն աղբյուրի, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով նաև դրամահավաք կազմակերպվի, չնայած Սարգսյանն ինքն էլ հիանալի հասկանում է, որ իշխանական ուժին և մերձիշխանական միավորին գումար տրամադրելու պատրաստ անձանց քանակն ու հավաքվելիք գումարը բացարձակապես համադրելի չեն լինի...

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ էքսկլյուզիվ հարցազրույց է տալու Արցախի հեռուստաընկերությանը` ներկայացնելով իրականությունը և փակագծեր բացելով: Ոմանք այս հայտարարությունը և Արցախի իշխանությունների վերջին շրջանի քայլերը բացատրում են Ադրբեջանի հետ երկխոսության և ինչ որ հարցերում զիջումների գնալու պատրաստակամությամբ: Կարծում են, որ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի հետ ինտեգրման թաքնված կողմնակիցներից է` բացահայտորեն միանում է «ոչ մի ինտեգրում» հայտարարություններին, իսկ իրականում տակից քայլեր է անում ինտեգրման ուղղությամբ:

Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահը որոշել է հերթական մարմինը ձևավորել, որը կքննարկի և որոշումներ կկայացնի թե առաջիկայում ինչ անել: Քանի որ ռուսական աջակցությունից այլևս ոչ մի ակնկալիք չունեն, հասկանում են, որ իրենց հույսը միայն իրենց վրա պետք է դնեն և Արցախում մնացած մարդիկ կոլեկտիվ որոշում պետք է կայացնեն, թե ինչ անել: Եվ դա չի կարող մեկ անձ միանձնյա որոշել, որքան էլ նա բարձր պաշտոն զբաղեցնի: Այդ մարմինը պետք է արտացոլի 120 հազար մարդու կարծիքը: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Արցախում հեղինակություն ունեցող անձինք, օրինակ, նախկին նախագահները հրաժարվում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Մյուսներն իրար հետ խնդիրներ ունեն և համատեղ աշխատել չեն կարողանում: Երրորդների մասնակցությունը միայն ապակառուցողական է: Դա է պատճառը, որ նման մարմինները ստեղծվում են ու մնում թղթի վրա:

«Փաստ» օրաթերթը գրում է

Որոշ տարուբերումներից ու չեմուչումներից հետո նախօրեին ԱԺ քննիչ հանձնաժողովում, որն, ըստ անունի, իբր քննում է 2020 թ. պատերազմի հանգամանքները, հանդես գալու հնարավորություն ստացավ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Թե հանրության՝ Նիկոլ Փաշինյանի համար, մեղմ ասած, ուշագնաց չլինող մասն ինչպես է վերաբերվում այդ «քննիչ հանձնաժողովին», հանրահայտ է: Մի շարք մեկնաբաններ միանգամայն հիմնավորված նշում են, որ այդ «քննիչ հանձնաժողովը» իրականում հետապնդում է քաղաքական ու քարոզչական նպատակներ, որոնցից առաջինը պատերազմի ու դրա հետևանքների համար Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարող թիմի պատասխանատվությունը լղոզելը, անգամ «ջրելն» է, ի լրումն՝ Նիկոլ Փաշինյանին որպես մի հզոր զորավար, Նապոլեոն կամ Մակեդոնացի ներկայացնելը, ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը «նախկինների», իրենց իսկ նշանակած նախարարների, զինվորականների, հանգամանքների վրա բարդելով: Մենք ևս առանձնակի պատրանքներ չունենք նման «քննիչ հանձնաժողովի» գործունեության հետ կապված: Բայց դա արդեն այլ թեմա է: Հիմա վերադառնանք Տոնոյանին:

Առաջինը այն, որ միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից կալանավորված իրենց իսկ թիմակիցը (չնայած ինքն իրեն թիմակից չի համարում, այլ կառավարության անդամ), գտնվելով կալանքի տակ, ինչ-որ բան կարող է բացահայտել:

Երկրորդը` կա այդպիսի հասկացություն՝ «ստոկհոլմյան սինդրոմ», դա այն է, օրինակ՝ երբ պատանդն սկսում է աջակցել իր պատանդառուին, գործել ու խոսել նրա օգտին: Եթե շատ չմանրամասնենք, ապա Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ «քննիչ հանձնաժողովում» ունեցած ելույթը ավելի շուտ հենց «ստոկհոլմյան սինդրոմի» ցուցադրություն էր՝ գործողության մեջ:

Երրորդը՝ իշխանությունից նման կախվածության մեջ գտնվող անձնավորությունը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ գործարք է կայացրել իշխանության հետ, ինչպես կարծում են շատերը: Օրինակ՝ այսպես. հանձնաժողովում արտասանում է այն, ինչ պետք է իշխանությանը և որոշ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ: Ճիշտ է, հետաքրքիր զուգադիպությամբ հենց երեկ՝ «քննիչ հանձնաժողովի» փակ նիստին զուգահեռ «ճշտում» տարածվեց, որ Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ՝ իր ժամանակին: Ուշադրություն դարձնենք, որ թեպետ խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել է նոր քննության։Ու դա այն նույն Դավիթ Տոնոյանն է, որ պատերազմի սկզբում հայտարարում էր, թե՝ եթե պատերազմ, ապա նոր տարածքների դիմաց՝ ակնարկելով, որ Ադրբեջանը նոր տարածքներ կկորցնի: Դա ադեկվա՞տ պահվածք է: Դա, ուրիշ բան չասենք, ազնիվ մարդո՞ւ, պետական գործչի՞ պահվածք է: Լսում էի Դավիթ Տոնոյանի երկար-բարակ խոսքը ԱԺ քննիչ հանձնաժողովում ու այդ ամբողջ ընթացքում գիտակցությունս սղոցում էր հետևյալ միտքը. «Աստվա՜ծ իմ, ու սրանք այսպես, նման «մոտեցումներով» պետություն են ղեկավարել ու ղեկավարում...»: Ու խոսքը ամենևին միայն Տոնոյանի մասին չէ... Խոսքը բոլորի մասին է՝ հատկապես «գերագույն գլխավոր հրամանատարի», որին նույն Տոնոյանը այդպիսին ցանկանում է տեսնել նաև խաղաղ ժամանակ...

«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված միջավայրը կտրուկ փոխվել է։ Եթե նախկինում բանակցային գործընթացը տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու ներքո, ապա արդեն տևական ժամանակ է՝ համանախագահության ինստիտուտը չի գործում։ Դրա փոխարեն գործ ունենք ընդամենը Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի միջնորդական տարանջատ ջանքերի հետ։ Բայց Արցախյան հիմնախնդրի միջազգային տրանսֆորմացումը սրանով չի ավարտվում։ Հարկ է նկատել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից դուրս է գալիս նաև Հայաստանը, քանի որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը դադարել է Արցախի թեմայով գործոն լինելուց, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի բանակցությունների թեման թևակոխել է միայն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու սահմանների ճշգրտման դաշտ։ Փաստացի, Հայաստանը միայնակ է թողել Արցախին Ադրբեջանի գործողություններին դեմ հանդիման։

Եվ Երևանը, չկարողանալով ազդել Ադրբեջանի քայլերի արդյունքում ստեղծված աղետալի իրավիճակի վրա, Արցախը դիտարկում է միայն որպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Բնական է, որ այս պարագայում Ստեփանակերտի ու Երևանի մոտեցումներում կարող են տարբերություններ ու նույնիսկ տարակարծություններ լինել։ Բայց Արցախին միայնակ թողնելու հետ մեկտեղ Փաշինյանը Արցախին անընդհատ մղում է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության։ ՀՀ իշխանությունները դա ներկայացնում են այնպես, թե ուղիղ երկխոսության արդյունքում Արցախին վերադարձնում են բանակցությունների սեղան։ Իրականում ուղիղ երկխոսություն ասվածը դեռ չի նշանակում, թե Ադրբեջանը և Արցախը բանակցելու են հավասարը հավասարի կարգավիճակում։ Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցան հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին հումանիտար, ենթակառուցվածքային և բնակչության կենսագործունեության հետ կապված այլ հրատապ խնդիրներին առնչվող հարցեր։ Սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում էր այնպես ներկայացնել, թե բանակցություններ են տեղի ունենում, այսպես կոչված, «վերաինտեգրման» հարցի շուրջ։

Խաղաղապահների հրամանատարական կետում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչներին բանակցությունների հրավիրեց Բաքու, բայց Ստեփանակերտից հրաժարվեցին՝ բացառելով Բաքվում ինտեգրման հարցերի քննարկումը։ Հասկանալի է, որ եթե Բաքվում հանդիպումը տեղի ունենար, ապա Ադրբեջանը ներկայացնելու էր այնպես, թե որպես կենտրոն երկխոսում է իր սուբյեկտին «վերաինտեգրելու» շուրջ։ Իսկ Արցախի կողմից այսպիսի ձևաչափով երկխոսությունից հրաժարվելուց հետո Ալիևը հայտարարեց, թե երկխոսության նոր հրավեր չեն ուղարկելու, ստիպելու են, որ արցախցիները խնդրեն իրենց։ Դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է սեղմել Արցախի շրջափակման օղակը՝ արցախցիների կենսագործունեության համար ստեղծելով անհամատեղելի պայմաններ ու ճանապարհ բացելով էթնիկ զտումների ու ցեղասպանության իրագործման համար։ Այս ճնշումը նպատակ ունի կոտրել Արցախի դիմադրությունը։ Մի կարևոր հանգամանք ևս պետք է հաշվի առնել, որ Արցախի ու Ադրբեջանի երկխոսությունը կարող է կայանալ միայն այն պարագայում, երբ ստեղծվեն դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ։

Նույնիսկ խոսակցություններ կան «Մինսկի խումբ-2»-ի ստեղծման մասին, բայց քանի որ համանախագահության ինստիտուտը չի գործում, ապա միջնորդական առաքելությունները կարող են լինել անհատական նախաձեռնությունների տեսքով։ Բնական է, որ միջազգային խոշոր խաղացողները փորձելու են միջնորդել և կազմակերպել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, որպեսզի այն ծառայեցնեն իրենց շահերին։ Պատահական չէ, որ ռուս վերլուծաբանները մտահոգություններ են հայտնում, թե Արևմուտքը փորձում է միջնորդությունն ամբողջովին իր ձեռքը վերցնել, որպեսզի Ռուսաստանին դուրս թողնի տարածաշրջանից։ Բայց քանի որ Հայաստանն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ապա պարզ է դառնում, որ նույնիսկ միջնորդների ազդեցության լծակները սահմանափակ են։

Եվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում առաջ տանել իր օրակարգը, բայց այստեղ մեկ այլ նրբություն ևս կա։ Եթե թեկուզ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանը համաձայնի հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, ապա դրանով միջազգայնորեն լեգիտիմացվում է Արցախի՝ որպես բանակցությունների կողմ հանդես գալու հանգամանքը։Թերևս դրանով է պայմանավորված, որ հենց Բաքուն է հրաժարվել Բրատիսլավայում նախատեսվող հանդիպումից։ Մյուս կողմից էլ՝ որպեսզի երկխոսությունը տեղի ունենա, ապա միջնորդները ոչ միայն պետք է համաձայնեցնեն բանակցությունների միջազգային մեխանիզմը, այլև դրա համար պետք է ձեռնամուխ լինեն անհրաժեշտ միջավայրի ստեղծմանն ու ճնշում գործադրեն Բաքվի վրա, որպեսզի բացի Լաչինի միջանցքը, այլապես բանակցությունները կվերածվեն Բաքվի հրահանգավորման»: