Ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը, Իրավապահները դեսանտ կիջնեն Գյումրիում. Մամուլը՝ սուրճով

Ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը, Իրավապահները դեսանտ կիջնեն Գյումրիում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրեցի որոշ թեկնածուների «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» Փաշինյանի սպառնալիքներից մեկ օր անց իրավապահները երեկ մասսայական խուզարկություններ իրականացրին թեկնածուների գրասենյակներում: Մարտուն Գրիգորյանի որդուն եւ հորը ձերբակալեցին։

Տեղեկացանք, որ իրավապահները հրահանգ են ստացել՝ ընտրությունների օրը մեծ զորքով դեսանտ իջնել Գյումրի, այստեղ կլինեն նաեւ ոստիկանապետի տեղակալները, ըստ ամենայնի՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իբր իրավիճակը վերահսկելու, բայց իրականում հոգեբանական տեռոր իրականացնելու եւ ընդդիմադիրների աչքը վախեցնելու նպատակով։

Գյումրուց երեկ նաեւ ահազանգ ստացանք, որ թաղային հեղինակությունների միջոցով փորձում են ներազդել ընտրելու իրավունք ունեցող արցախցիների վրա։ Բայց ընդդիմությունն էլ է հակաքայլեր մտածել: Օրինակ, տեղեկացանք, որ հերթապահելու են Հայաստան-Վրաստան սահմանին, որ բռնացնեն-բացահայտեն Ախալքալաքից Գյումրի տարվող ընտրողների ավտոբուսները: Ըստ լուրերի, ընտրողների տեղաշարժի կազմակերպիչը Սարիկ Մինասյանի մտերիմ Արման Սահակյանն է` «Շիրակ» թիմի սեփականատերը»:

 

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ Tribune.am կայքի ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից ամենաշատը ոգեւորվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ո չթե կոնկրետ միջադեպից, այլ որ լավ շանս է ընձեռվել ազատվել Անդոյից վերջնականապես ու ամենակարեւորը՝ «յա տուտ նի պրիչյոմ» լոզունգով»,-մեջ բերելով Ալենի պլանը՝ ԱԺ միջանցքներում խոսում են ՔՊ-ականները։

Ըստ նույն լուրերի, Ալենը որոշել է այս պատմության «բարի ձյաձյան» դառնալ ու նեղ կրուգում գլուխ է գովել, թե Անդոյի ցանկացած սայթաքում ինձ համար մի աստիճան բարձրանալ է այսուհետ լինելու»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից երեկ ամոթանք էր տալիս, թե «նախկինները մի ճանապարհ գիտեն՝ ընտրակաշառք, ընտրակեղծիք, ահաբեկում…»:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը Հայկ Կոնջորյանին բլից զրույցի ընթացքում հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Չարենցավանում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր եղբոր՝ Ավետ Կոնջորյանի անունն է հենց շրջանառվել ընտրակեղծիքների համատեքստում:

Չարենցավանցի լրագրող Վահե Մակարյանը դեռ 2022-ի սեպտեմբերի 27-ին գրել էր. «Չարենցավանն այնքան կարեւոր էր իշխանությունների համար, որ այս ընթացքում մի քանի անգամ քաղաք այցելեցին իշխանության ամենավերին օղակների ներկայացուցիչները՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Հայկ Կոնջորյանը, ով ծնունդով Չարենցավանից է։ Իսկ բուն ընտրությունների օրը ՔՊ-ն դրսից էր մարդ ներգրավել՝ Գեղարքունիքի մարզի հայտնի կրիմինալ ներկայացուցիչների տեսքով, ովքեր շքեղ մեքենաներով շրջում էին տեղամասերում, փորձում կռիվ հրահրել Շահգալդյանի թիմակիցների հետ, ճնշել նրանց։

Իսկ որոշ տեղամասերի դիմաց ամբողջ օրը տասնյակներով կուտակված կանգնած էին Արթուր Գալստյանի կողմնակիցները, եւ ընտրողները ստիպված էին նրանց հայացքների ներքո մտնել տեղամաս՝ «պարտքերը տալու»։ Ընտրությունների ողջ ընթացքում աչքի է ընկել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետը, ով, պատմեցին, փողոցային վարքուբարքով, անհարգալից բառապաշարով է շփվել մրցակիցների եւ անգամ Չարենցավան ժամանած անկախ դիտորդների հետ»։

Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց եղբոր՝ ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու հանգամանքը եւ առաջարկեց իր եղբոր վերաբերյալ դիմել իրավապահներին: Չմերժելով պատգամավորի առաջարկը՝ այս հրապարակումով ՀՀ Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

Հ. Գ. Վերոհիշյալ նյութը հրապարակվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ո՛չ Հայկ Կոնջորյանը, ո՛չ իր եղբայրը չեն հերքել տեղեկությունը, ինչը նշանակում է, որ տեղի ունեցածն ամբողջությամբ իրականություն է»:

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի գործով իրավապահները երեկ առավոտյան խուզարկել են Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը, ապա՝ համայնքապետարանի մի քանի աշխատակիցների եւ փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանի տները։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին մանրամասներ հաղորդել, հայտնեցին միայն․ «Քրեական վարույթը կաշառք տալուն եւ ստանալուն է վերաբերում, քննչական գործողությունները կատարվել են հակակոռուպցիոնում, կան կալանավորված անձինք, որոնք համայնքապետարանի աշխատակիցներ են»։

Իշխանափոխությունից հետո ՔՊ-ի շարքերը համալրած Ահարոն Խաչատրյանը մարզի հեղինակությունների կամակատարն էր դարձել, բանն այն է, որ փեսան՝ դստեր ամուսինը, քրեական հեղինակություններ Բանդուրյան եղբայրների տղաներից է՝ Մինասյան Ռոմիկը։ 

Անգամ լուրեր կան, որ այս շղթան կապ ունի Էջմիածնում տեղի ունեցած սպանության հետ։ Մեզ ասացին, որ այդ մասին նաեւ իշխանությունն է տեղյակ, ուղղակի Բանդուրյաններն ընդդիմություն չեն, որ թեւերը ոլորեն եւ հեշտուհանգիստ բանտ տանեն: Հակառակը` ամռանը Սեւանում կատարված սպանությանը մասնակցած Լեւոն Բանդուրյանին վերջերս դատարանը կալանքից ազատեց` տնային կալանք սահմանելով: