«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է պատրաստվում գրել, գուցե արդեն գրել է, որի մասին դեռեւս չեն հրապարակում։ Մեր աղբյուրներն ասում են, որ ներքին քաղաքական քննարկումներ են ընթանում, որով պայմանավորված՝ դիմումը կարող է հրապարակվել անգամ վաղը կամ երկուշաբթի, եթե ինչ-որ ֆորսմաժոր չխանգարի եւ այն չչեղարկվի, ինչպես վերջին ամիսներին Սարգսյանի գրած մի քանի դիմումները։
Մենք ժամանակին գրել ենք, որ Երեւանի դե ֆակտո քաղաքապետը Տիգրան Ավինյանն է, ով ձգտում է արտահերթ ընտրություններով նստել քաղաքապետի աթոռին, սակայն գործող քաղաքապետի հրաժարականը քաղաքական պատճառներով հետաձգվում է։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրության չգնալը պատճառաբանում է Ավինյանի չաճող վարկանիշով։ Իշխանական աղբյուրներն էլ ասում են, որ ուզում է փոխել թեկնածուին, քանի որ Ավինյանի մեջ տեսնում է իր իշխանության իրավահաջորդ-մրցակցին։ Իսկ եթե Ավինյանը դառնա Երեւանի քաղաքապետ, ապա նրա դեմն առնելը դժվար է լինելու։ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունը կարծես արագացրել է գործընթացները, մամուլը գրեց, որ փոխքաղաքապետի դեմ հարուցված՝ քովիդի վերաբերյալ քրեական գործով Փաշինյանը փորձում է գահընկեց անել Ավինյանին, ով քովիդի ժամանակ պարետատունն էր ղեկավարում։
Փոխքաղաքապետի կալանավորման առիթով անգամ ներիշխանական «բազառներ» են եղել, Ավինյանն ամեն գնով փորձել է կանխել կալանավորումը, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Հիմա նա համոզել է Հրաչյա Սարգսյանին՝ հրաժարականի դիմում գրել, որով կստուգի, թե ինչ տրամադրվածություն կա «վերեւներում» իր՝ քաղաքապետ դառնալու վերաբերյալ։ Եվ չնայած քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ Հրաչյա Սարգսյանը համաձայնել է դիմում գրել, սակայն դա դեռ չի նշանակում՝ գնալու են արտահերթ ընտրությունների, թե ոչ, դրա վերաբերյալ պետք է քաղաքական որոշում կայացվի։
«Երեւանի մասին» օրենքի համաձայն՝ եթե քաղաքապետը հրաժարական ներկայացնի, ապա հրաժարականից հետո առաջիկա երեք օրերին ավագանին պետք է ավագանու արտահերթ նիստ գումարի եւ նշանակի քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Եթե երկշաբաթյա ժամկետում ավագանու կազմից քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, կամ առաջադրված թեկնածուն չհավաքի բավարար ձայներ, ապա, համաձայն նույն օրենքի 17-րդ հոդվածի, կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակել արտահերթ ընտրություններ։ Ըստ ամենայնի՝ այս տարբերակը չի աշխատի, քանի որ Տիգրան Ավինյանն ավագանու ցուցակում չկա, ուստի չի կարող քաղաքապետի թեկնածություն առաջադրել, իսկ իր կուրացիայի տակ գտնվող ավագանին, բնականաբար, այլ թեկնածուի չի ընտրի։ Եթե այս սցենարը չի աշխատում, օրենքը թույլ է տալիս քաղաքապետի փոխարինող նշանակել՝ ավագանու կազմից, քաղաքապետի տեղակալներից առաջինին, այս դեպքում՝ Լեւոն Հովհաննիսյանին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների որոշում կայացվի, ապա կառավարությունն ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:
«Հրապարակ» թերթը գրում է.
Իշխանությունը հերթական անբարոյական որոշումն է կայացրել՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Նախօրեին համայնքապետարաններն այդպիսի գրություն են ստացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից։
Գրությամբ տեղեկացվում է․ «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»։
Այս որոշումը ցայտնոտի մեջ է գցել ՏԻՄ իշխանություններին, նրանց կարծիքով՝ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը կայացվել է հանուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայության, ճանապարհների ապաշրջափակման պարտավորության համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, իր յոլդաշներին խոստացել է, որ երբ ազատորեն գան-գնան Հայաստան, ճանապարհներին իրենց անցանկալի հայկական քրիստոնեական խորհրդանիշների չեն հանդիպի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:
Իսկ ինչի՞ մասին է խոսքը. 2017 թվականի նոյեմբերի 28-ին Արթուր Հովհաննիսյանը իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով, եւ նրա ուղեւոր, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ Գեւորգ Սավթալյանը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ նրանց մոտ, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 14-ին դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչություն եւ հարց ուղղել, թե վերոնշյալ գործը ինչ հանգուցալուծում է ստացել, եւ արդյոք մեղադրանք առաջադրված է եղել Արթուր Հովհաննիսյանին, թե ոչ:
Փետրվարի 20-ին Ներքին գործերի նախարարությունից ստացել ենք պատասխան, որում ասվում է. «28.11.2017թ.-ին Ա. Հ.-ին եւ Գ. Ս.-ն ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեո-Զեյթունի բաժին։ 05.12.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): հարուցվել է քրեական գործ, եւ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»:
Այս նույն հարցով դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե, որից էլ ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Քրեական գործով որեւէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, իսկ իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում 2018 թվականի հունվարի 31-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետի՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին»: Գերատեսչությունների պատասխաններից անհայտ է մնում, թե ինչու է որոշվել գործը կարճել, սակայն փաստ է մեկ բան, որ նա բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով (իրացում, վաճառք, օգտագործում):
«Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ հարցում է ուղարկել՝ փորձելով հասկանալ, թե ինչն է դարձել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ թմրամիջոցերի ապօրինի շրջանառության գործը կարճելու որոշման հիմքը: Շարունակելի…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կնշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում։ Նշենք, որ նա 2022 թվականի սեպտեմբերից հրաժեշտ էր տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին եւ այդ ժամանակից առ այսօր նոր պաշտոնի չէր անցել։
Թեեւ նրան խոստացել էին կրթական հաստատություններից մեկի ղեկավարումը հանձնել, սակայն մինչ օրս չէին նշանակել: Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի նոյեմբերի 25-ի համարում, Արթուր Դավթյանն աշխատանքի կանցնի Արցախում։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի պետնախարար, եւ Արթուր Դավթյանը կփոխարինի հենց նրան։ Քաղաքական որոշումն արդեն կայացվել է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սեւ շուկան: Ավելին՝ մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. մարտի 6-ին տեղեկութուն հրապարակվեց այն մասին, որ սկսվել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային տոմսերի առցանց վաճառքը:
Ընդ որում՝ տոմսերը ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս: ՀՖՖ-ից նաեւ հայտնել էին, որ տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ, սակայն արդեն մարտի 13-ին հայտնի դարձավ, որ բոլոր տոմսերը սպառվել են, եւ մարզադաշտի տոմսարկղում տոմսերի վաճառք չի լինի:
Եվ, ահա, այս հանգամանքն առաջացրել է երկրպագուների զայրույթը, դարձել տոմսերի սեւ շուկայում ընթացող վաճառքի զարգացման հիմք: Օրինակ՝ արեւելյան տրիբունայում այժմ կարող եք մեկ տոմսը, 3-5 հազար դրամի փոխարեն, ձեռք բերել 25-35 հազար դրամով, հարավային եւ հյուսիսային տրիբունաներում մեկ տոմսի արժեքը, 2 հազար դրամի փոխարեն, 20 հազար դրամ է, արեւմտյան տրիբունայում մեկ տոմսի արժեքը հասնում է 50 հազար դրամի՝ 10 հազար դրամի փոխարեն: Ավելին՝ մոտավոր 15 հազար հանդիսական տեղավորող մարզդաշատի համար, պարզվում է, ոչ բոլոր տոմսերն են հանվել վաճառքի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշում է կայացվել մոտ 5 հազար տոմս ոչ թե վաճառել, այլ տրամադրել սեփական եւ վստահելի մարդկանց՝ այնտեղ հնարավոր լարվածություն թույլ չտալու համար: Այսինքն՝ մի կողմից՝ ոչ բոլորն են կարողացել տոմս գնել, մյուս կողմից էլ՝ ՀՖՖ-ն չի կարողանում վերահսկել սեւ շուկան, եւ վերավաճառողներն անարգել հարստանում են»: