Բժիշկը զգուշացրել է այս հայտնի վիտամինն ընդունելու վտանգի մասին

Բժիշկը զգուշացրել է այս հայտնի վիտամինն ընդունելու վտանգի մասին

Վիտամին D-ի գերդոզավորումը հանգեցնում է առողջության համար վտանգավոր հետեւանքների, զգուշացրել է բժիշկ Ահմեդ Աբդ Էլբարին: TikTok սոցիալական ցանցում մասնագետի հրապարակմանն անդրադարձել է Mirror-ը։

Բժշկի խոսքով՝ երկար ժամանակ համարվել է, որ բոլոր մարդիկ, ովքեր ապրում են ցուրտ և խոնավ կլիմայական պայմաններում, պետք է անպայման ընդունեն վիտամին D-ի հավելումներ։ «Իրականում մարդուն օրական անհրաժեշտ է ընդամենը 10 մկգ այս նյութը, իսկ հավելումների մեջ դրա առավելագույն չափաբաժինը հասնում է 100 մկգ-ի»,- բացատրել է բժիշկը։

Թերապևտի խոսքով՝ վիտամին D-ի նման բարձր չափաբաժինների երկարատև օգտագործումն առաջացնում է հիպերկալցեմիա՝ արյան մեջ կալցիումի բարձր մակարդակ։ «Սա վտանգավոր է, քանի որ ավելորդ կալցիումը կարող է կուտակվել սրտում և երիկամներում»,- շեշտել է նա:

Աբդ Էլբարին ընդգծել է, որ շատ այլ վիտամիններ այդքան ակնհայտ բացասական ազդեցություն չունեն, քանի որ դրանց ավելցուկն արագորեն արտազատվում է օրգանիզմից մեզի միջոցով, սակայն դա տեղի չի ունենում վիտամին D-ի դեպքում։ Դրա պատճառով այն կուտակվում է և մնում մարմնի ներսում։