Ես չեմ ուզել տարբեր մարդկանց էնտեղ տեսնեմ, մարդիկ կային՝ սկի չեմ ուզել, որ գնան Եռաբլուր․ Վազգեն Սարգսյանի եղբորորդի 

Ես չեմ ուզել տարբեր մարդկանց էնտեղ տեսնեմ, մարդիկ կային՝ սկի չեմ ուզել, որ գնան Եռաբլուր․ Վազգեն Սարգսյանի եղբորորդի 

Երեկ՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։ Եթե չլիներ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, սպարապետը կդառնար 65 տարեկան։ 

Նրա ծննդյան օրը երեկ Վազգեն Սարգսյանի երկու եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները, նշել են առանձին-առանձին։ Արամ Սարգսյանը սպարապետի ծնդդյան օրն անցկացրել է եղբոր ազատագրած Արցախը թշնամուն հանձնած իշխանությունների հետ՝ նրանց կազմակերպած միջոցառմանը մասնակցելով, իսկ Արմեն Սարգսյանը ինքն էր եղբոր համար իր կողմից առանձին միջոցառում կազմակերպել սպարապետի ծննդավայր Արարատում։ 

Ակնհայտ է, որ երկու եղբայրների մեջ գաղափարական լուրջ տարաձայնություններ կան, և եթե Սարգսյան եղբայրներից Արամը կարողանում է հաշտ լինել իր եղբոր ազատագրածը թշնամուն հանձնած, իր եղբոր ապրածն ու արածը ջուրը լցնող այս իշխանությունների հետ, ապա մյուս եղբայրը՝ Արմենը, ճիշտ հակառակ դիրքորոշումն ունի, եղբոր հետ էլ, որքանով հասկացել ենք, առանձնապես շփում չունի, և այս իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությանն էլ դեմ է։ Թեպետ՝ հրապարակավ այդ մասին հանդես չի գալիս, չի խոսում, չի քննադատում, ինչը ևս տարօրինակ է, ու կարող է թվալ, որ նա էլ է հաշտվել այս իշխանությունների գոյության հետ։ Ու որպեսզի այս ամենը ենթադրությունների մակարդակում չլինի, մենք փորձեցինք զրուցել Արմեն Սարգսյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Փոխարենը կարողացանք խոսել նրա որդու՝ Կառլեն Սարգսյանի հետ։ 

«Թանգարանում մենք մեծ միջոցառում էինք կազմակերպել, երգիչ-երգչուհիներ էին եկել՝ Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմման, հետո մեր Արարատի Զոդի՝ Վազգեն Սարգսյանի անվան գնդում ենք միջոցառում անցկացրել, նաև Արարատ քաղաքում, Վեդիում են անցկացրել միջոցառում»,- ասաց Կառլեն Սարգսյանը։

 -Իսկ ձեզ չէի՞ն հրավիրել իշխանությունների հրավիրած մեծ միջոցառմանը։ 
-Հրավիրել էին։ 

-Ու չէիք գնացել, ինչպես հասկացա։
 -Այո։

 -Ինչո՞ւ։ 
-Ժամանակ չունեի, զբաղված էի ուրիշ գործերով, մենք Արարատում ենք մնացել ու կառավարության կազմակերպած էդ Օպերայի միջոցառմանը չկարողացանք գնալ։

-Բայց որ ժամանակ ունենայիք, կգնայի՞ք հավանաբար։ 
-Ես չեմ ուզել տարբեր մարդկանց էնտեղ տեսնեմ, մարդիկ կային, սկի չեմ ուզել, որ գնան Եռաբլուր։ Ես չեմ ուզել ներկա գտնվեմ, չեմ եղել։ Ես նախընտրել եմ մնամ տուն-թանգարանում։ 

-Նույնը նաև Ձեր հո՞ր անունից կարող ենք հասկանալ։ 
-Իմ հերը ինքը կպատասխանի, կարծում եմ, ավելի ճիշտ, ես իր տեղը չեմ կարա պատասխանեմ։ Ես իմ տեղն եմ պատասխանում՝ ես թանգարանում էի, ժամանակ չունեի ու չգտա, որ իմ ներկայությունը էնտեղ էդքան կարևոր ա։ Հորեղբայրս՝ Արամը, ներկա էր, հերիք էր։

-Իսկ դա ինչպե՞ս եք գնահատում, որ Ձեր հորեղբայրը ներկա էր կառավարության կազմակերպած միջոցառմանը, իսկ Դուք՝ ոչ։
 -Ինքը տենց ա որոշել, տենց ա գտել, ես չեմ կարա իրա տեղը պատասխանեմ, ես չեմ ուզում կարծիք հայտնեմ։

-Իսկ շփում կա՞ իր հետ։
-Իհարկե, ինքը իմ հորոխպերն ա, ես իմ հորոխպորը շատ սիրում ու հարգում եմ։ 

-Իսկ այս քաղաքական տարաձայնությունների, տարբեր տեսակետների մասին ձեր շփման ընթացքում խոսո՞ւմ եք, ու ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ինքը այս ճամբարում է, դուք կարծես թե այս ճամբարում չեք, թեպետ՝ չգիտեմ, թե որ ճամբարում եք։

-Ես՝ կոնկրետ, ոչ մի ճամբարում չեմ, ես ինձ համարում եմ ուղղակի վազգենական։ Իմ մոտ չկա՝ էս կուսակցություն, էն կուսակցություն, իմ մոտ կա վազգենական ու վերջ։ Իսկ թե ով որտեղ ա, իրանց խնդիրն ա, իմ հորոխպերն էլ իմ հորոխպերն ա, մենք իրար հետ աշխատում ենք քաղաքականությունից չխոսանք, բայց ոնց առաջ ենք եղել, հիմա էլ տենց ենք։ 

-Իմ գործընկերները Ձեր հորեղբորը Եռաբլուրում հարցրին, թե ինչպե՞ս է գնահատում, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը այսօր այս իշխանությունները ճանաչեցին Ադրբեջանի մաս։ Ու ինքը չպատասխանեց այդ հարցին։ 

-Մենք խոսում ենք Վազգեն Սարգսյանի ծնունդի՞ց, թե՞ քաղաքականությունից։ Ես քաղաքական ֆիգուր չեմ, ինչ որ մնացած ժողովուրդն ա մտածում, տեսնում, նույնը ես եմ տեսնում, նույնը ես եմ մտածում, ես ավելի ծանր եմ տանում, բայց հիմա, էս պահին ինչ-որ բաներ խոսելը, ասելը․․․ Եթե իմանամ՝ իմ խոսելուց բան ա փոխվելու, հավատա՝ կխոսեմ։ 

-Երկրում դժվար Ձեր խոսելուց ինչ-որ բան փոխվի, բայց Ձեր հորեղբոր պատկերացնումներում գուցե ինչ-որ բան փոխվի։ 

-Իսկ ի՞նչ կտա դա Ձեզ։ 

-Մեզ հետաքրքիր էր նաև Արմեն Սարգսյանի տեսակետը լսել։

-Արմեն Սարգսյանը իր տեսակետը, որ ուզենա, ինքը կհայտնի։ Եթե չի ուզում, ուրեմն չի հայտնում ու լռում ա, ոնց որ ես։ Ես ոչ ուզում եմ ածականներ դնեմ, ոչ ուզում եմ լավը ասեմ կամ վատը ասեմ։ Ես չկամ քաղաքականության մեջ։ 

-Ես ուզում եմ ընդամենը գնահատեք իրավիճակը․ Վազգեն Սարգսյանը պայքարել է Արցախի համար, ու այսօր իր պահած Արցախը հանձնել են թշնամուն, իսկ Սուրեն Պապիկյանն էլ երեկ ասում էր՝ սպարապետ, վստահ եղիր, որ քո ցանած սերմերը ծիլեր են տվել։ Այ գոնե դա կասեք, թե ո՞ր սերմերն են ծիլեր տվել, Դուք այդ ծիլերը տեսնո՞ւմ եք այսօր։ 

-Սուրեն Պապիկյանը ինքն ա ասել դա, ես չգիտեմ՝ որ սերմերի մասին է խոսում։ Անկեղծ՝ չեմ կարա ասեմ, ինքն ա ասել, ինքն էլ պիտի ասի՝ որ սերմերը։

-Վազգեն Սարգսյանի եղբայրներից Արամ Սարգսյանին շատ են քննադատում և ասում են՝ նա Վազգենին արժանի կամ համապատասխան եղբայր չէ, քանզի Վազգենի կերպարն ուրիշ էր, իսկ նա լրիվ ուրիշ է։ Շատ ավելի վիրավորական բառերով էլ են բնութագրում նրան, իհարկե։ Դուք այս ամենի վերաբերյալ ի՞նչ կասեք։ 

-Շատ բան են ասում, հիմա հո ասելո՞վ չի։ Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը դրանում ա։ Մեր երկրի ամենամեծ չարիքն էն ա, որ ով ինչ ուզում, խոսում ա, էդքան չարացել ենք մենք։ Դա՝ մեկ։ Դա ոչ մեկի ոչ խոսալունն ա, ոչ ասելունն ա՝ ով ա արժանի, ով արժանի չի կամ ինչի ա արժանի։ Ինքը Վազգեն Սարգսյանի եղբայրը եղել ա, կա ու կմնա։ Էդ էլ իրա քաղաքական ինչ-որ տեղն ա տենց։ 

Վահե Մակարյան