Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Մերձավանի նախկին գյուղապետի եղբայրը կրկին հարցաքննվել է, ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը՝ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Դավիթ Ախտոյանից, ինչին ի պատասխան վերջինս հաստատեց, որ կրկին հրավիրվել է ու հարցաքննվել: Նա ամփոփեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում, քննությունը ամեն ինչ կպարզի, եւ այլ բան չի կարող հայտնել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը դաժանաբար սպանվեցին երկու հոգի՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։

Այս սպանությունը խոր արմատներ ունի. ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է Ախտոյանների եւ Գրիգորյանների հակասություններին, որոնք տարիներ շարունակ վերածվել են բախումների՝ հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանց թշնամությունը միայն խորացել է՝ հասնելով իր գագաթնակետին։

Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է (ՔՊ-ական), իսկ եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ։ Այս տարվա փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի տան պատուհանի տակ արձանագրված միջադեպը եւս կապված էր նույն լարվածության հետ։ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետեւել էր տեսախցիկներով՝ անգամ տեսանկարահանելով կատարվողը, թե ինչպես էին իր եւ Գրիգորյանի կողմնակիցները միմյանց ծեծում։ Այդ միջադեպի հետեւանքով սպանվեց Մհեր Ախտոյանի հարազատի որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձինք։

Նկատենք, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ Մհեր Ախտոյանը Հայաստանից հեռացել է: Ավելին՝ նրան անձամբ օդանավակայան է տարել ու ճանապարհել Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանը. այս ամենը կասկածներն ավելի է խորացնում։

Չնայած Մերձավանում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե հենց ՔՊ-ական Մհեր Ախտոյանը կարող էր լինել Վալոդյա Գրիգորյանի սպանության ենթադրյալ պատվիրատուն, քանի որ նա է իր շրջապատում մշտապես «տաք պահել» վրեժի թեման։ Սակայն իրավապահները այս հարցում դեռ լուռ են, քանի որ Մհեր Ախտոյանը Հայաստանում չէ։

Եթե ամփոփենք, պետք է շեշտել, որ բախումները, ըստ էության, տեղի են ունենում երկու քաղաքականացված խմբավորումների միջեւ. Մհեր Ախտոյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Վալոդյա Գրիգորյանը առաջադրված էր «Ապրելու երկիր» եւ «Հաղթանակ» կուսակցությունների կողմից՝ ներկայացնելով ընդդիմադիր դաշտը։ Սա վենդետայի վարկածին տալիս է ակնհայտ քաղաքական հնչեղություն եւ նշանակություն։

Հավելենք, որ սպանությունից անցել է գրեթե 1,5 ամիս, սակայն իրավապահների հորդորով Մերձավանը լքել են եւ մինչ օրս համայնքում չեն ապրում գործով մեղադրյալների հարազատներ եւ Ախտոյանները, իսկ Մերձավանը շարունակում է մնալ իրավապահների հսկողության տակ՝ հնարավոր վենդետան կանխելու համար»։

 

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների, պարզվում է, ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից, եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաճոյանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույծ քահանայի մատուցած ֆեյք պատարագներին։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ ինչքան ուզում են իրենց սպառնան, պարտադրեն, խնդիրը ոչ թե այն է, որ չեն կիսում Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը, այլ իրականում վախենում են Աստծո անեծքից։

Գաղտնիք չէ, որ Հովհաննավանքի պղծության առաջին արարից հետո Փաշինյանը հրահանգել է հաջորդ կիրակի հնարավորինս բազմամարդ մասնակցություն ապահովել, սակայն երկրորդ անգամ ավելի քիչ էին մարդիկ: Իսկ նրանք, ովքեր էլ չեն վախենում Աստծո պատժից ու անեծքից, հասկանում են, որ Փաշինյանի խնդիրն իրականում Եկեղեցին մաքրելը չէ, ինչի մասին այդքան թմբկահարում է։ Եթե Եկեղեցու մաքրությունը գերնպատակ լիներ, ապա Հովհաննավանքում կարգալույծ քահանան պատարագ չէր մատուցի, իսկ նրան օգնող դպիրներն ու հոգեւորականներն էլ ատամնաբույժ կամ հայհոյանք գրող ստատուսչիկներ չէին լինի։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ՝ նախարարներ, պատգամավորներ, տարբեր կառույցների ղեկավարներ, ռեկտորներ, հիվանդանոցի տնօրեններ եւ այլք, դարձել են ցանցահենների (հաքերների) «հարձակման» թիրախը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տարբեր պաշտոնյաների անուններով «Ուոթսափ» հավելվածում կեղծ հաշիվներ են բացվել, որոնց միջոցով ուղարկվում են գրություններ տարբեր անձանց: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ կեղծ էջերով նամակներ են ստանում տարբեր կառույցների աշխատակիցները. հիմնականում հարցերը գրվում են ռուսերեն, եւ երբ մարդիկ արձագանքում են, պարզվում է, որ դրանք տարբեր պաշտոնյաների լուսանկարներով կեղծ էջերից են:

Նշենք, որ այդ էջերով օգտագործվող հեռախոսահամարները հայկական են, ինչը մարդկանց մեջ վստահություն է ստեղծում, որ նրանք պատասխանեն եւ տվյալներ փոխանցեն:

Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները տեղյակ են խնդրից ու պարզել են, որ այդ հեռախոսահամարների տերերը եւս անակնկալ տեղեկանում են, որ իրենց համարներից տարբեր անձինք հաղորդագրություններ են ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահներն այժմ փորձում են պարզել, թե որտեղից է այդ ցանցահենային գրոհն իրականացվում. բոլոր կառույցներում պաշտոնյաներին զգուշացվել է զգոն լինել»։

 

«Հրապարակ» թերթը գրում է․  

Նախընտրական աժիոտաժ է սկսվել ոչ միայն իշխանության թիմում, այլեւ՝ ընդդիմադիր շրջանակներում։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի թիմում այս պահին քննարկման ամենաակտուալ հարցն այն է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը։ Թեպետ Ռ․ Քոչարյանն իր վերջին ասուլիսում պատասխանեց այդ հարցին՝ որ դա կախված կլինի նրանից, թե, ըստ սոցիոլոգիական տվյալների, ով կունենա առավելագույն հնարավորություն, այսինքն` ամենաբարձր ռեյտինգը:

Եվ ասաց, որ այդ հարցի պատասխանը կունենան հունվար-փետրվարին: Սակայն նրա թիմակիցներին, պարզվում է, այդ հարցը հանգիստ չի տալիս։ Ոմանք կարծում են, որ չնայած 2-րդ նախագահի վարկանիշը մինչ այս պահը ամենաբարձրն է իրենց թիմում, սակայն նա էստաֆետը հանձնելու է որդուն՝ Լեւոնին, որն արդեն քանի տարի է՝ քաղաքականության մեջ է, ԱԺ պատգամավոր է: Դրան նպաստում է նաեւ այն, որ Լեւոն Քոչարյանը վերջին ամիսներին մարզերից տուն չի գալիս` շարունակ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ։ Այս ընտրություններին չեն կարող նախորդ սցենարը կրկնել, երբ ցուցակը գլխավորում էր երկրորդ նախագահը, իսկ որդին 50-րդն էր, հասկանում են, որ նախկին` 2021-ի ցուցանիշը չեն գրանցի, իսկ այդ դեպքում կոռեկտ չի լինի առաջին անցողիկ տասնյակում ընդգրկել թե՛ հոր, թե՛ որդու անունները։

Send