Նիկոլ Փաշինյանը խամաճիկ բռնապետ է, որն իր աթոռն է ուզում փրկել․ Վրթանեսյան

Նիկոլ Փաշինյանը խամաճիկ բռնապետ է, որն իր աթոռն է ուզում փրկել․ Վրթանեսյան

Կա հստակ արձանագրում՝ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թշնամի պետությունների շահերը, որևէ այլ կերպ բացատրել այս ամենը, չեմ կարող։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանն ու դրանից հետո հնչած հայտարարություններին, որոնց համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա֊Աթիի հռչակագրի հիմքով։

Ըստ Վրթանեսյանի՝ ամեն ինչ արվում է՝ Փաշինյանի անձնական իշխանությունը պահելու համար։

«Որևէ այլ բացատրություն իր ասածներին, արածներին, իրարամերժ հայտարարություններին, չկա։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խամաճիկ բռնապետ է։ Այսինքն՝ խամաճիկ է, քանի որ սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, և բռնապետ է, քանի որ այլ կերպ հնարավոր չէ դա անել։ Ինքը պետք է բռնապետ լինի, որ կարողանա ամբողջ հայ ազգի շահերին դեմ քայլեր իրականացնի։ Ինքը ստեղծել է միայն իրեն ենթարկվող ոստիկանական համակարգ, ջախջախել է բանակն ու ԱԱԾ-ն։ Ու էս ամեն ինչը շատ բուռն քարոզչական արշավներով»,- նկատեց նա։

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ ընդհանուր գիծ է տարվում՝ մարդկանց վախի մթնոլորտում պահելու, ինչպես նաև անընդհատ ինչ-որ սենսացիաներով զբաղեցնելու համար։

«Մի օր հաղթանակ, մի օր պարտություն․․․ Բայց փաստ է, որ թշնամին միշտ առաջ է գալիս, բանակը կազմաքանդվում է, իսկ ինքը գնում է իր օրակարգով, իր աթոռը պահելու օրակարգով»,- նշեց նա։

Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ նման իրավիճակներում, երբ գոյաբանական սպառնալիք կա, անորոշության մեջ են մարդիկ, պետք է էլիտան ճիշտ գործի։

«Ժողովուրդը շատ արագ կկազմակերպվի ու կգործի, քանի որ վտանգ զգում է։ Շատերն արդեն հասկանում են, որ մի բան էն չի, նույնիսկ նրանք, որ տարի ու կես առաջ Փաշինյանին ձայն էին տալիս։ Հիմա պետք է կազմակերպող էլիտա, որի հետևից կգնա հասարակությունը»,- նկատեց նա։

Նարե Գնունի