Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել․ Մարության

Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետևանք: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի ժեստին։
Ֆեյսբուքյան էջում նա գրում է.
«Այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը։
Արհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար։ Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդը այսօր, խաղաղարար ու խաղաղասեր կեցվածքի հետևում դժվարությամբ է թաքցնում իր իրական վերաբերմունքը մեր ողբերգության հանդեպ և, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր նպատակները։
Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետևանք։ Այս պաշտոնյան ներկայացնում է մի պետություն, որը ոչ միայն հանցանքի համար զղջման ու հատուցման նշան ցույց չի տալիս, այլև հերոսացնում ու պետական պարգևների է արժանացնում Մեծ Եղեռնի գլխավոր ոճրագործներին։
Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել։
Հավերժ հիշատակ մեր անմեղ նահատակներին, տոկունություն ու խելամտություն մեզ՝ ապրողներիս»։