«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դերասան, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս վերադարձել է Հայաստան եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման հանգել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարությանը երկար մտորումներից հետո վերջնական որոշում է կայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին: Վերջինս համաձայնել է, եւ սեպտեմբերի 17-ին Երեւանի նախկին քաղաքապետը կրկին կփորձի իր ուժերը Երեւանի ավագանու ընտրություններին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը երեկ ներկայացել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Նրան՝ որպես վկայի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով ծանուցում էին ուղարկել մի քանի անգամ դատարան ներկայանալու համար, սակայն նա առողջական խնդիրների պատճառով հրաժարվել էր ներկայանալուց։
Եւ, ահա, երեկ վերջապես ներկայացել է դատարան, հայտնել, որ առողջական խնդիրներ ունի, ուստի դարձյալ չի կարող ներկայանալ դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդու՝ գործարար Միսակ Բալասանյանի՝ Իրաքի դեսպան նշանակվելու եւ Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին տալու մասին լուրերին։
Մեզ հաջողվեց կապ հաստատել գործարար Միսակ Բալասանյանի օգնական Րաֆֆի Ասլանյանի հետ, որը մեզ փոխանցեց, թե դեսպանի կամ այլ պաշտոնի նշանակվելու մասին տարատեսակ լուրեր եւ ասեկոսեներ վերջին 10 տարիներին պարբերաբար հրապարակվում են, որոնց Մ. Բալասանյանը միշտ նույն պատասխանն է տալիս՝ պատրաստ է իր ունեցած հնարավորությունների շրջանակներում ծառայել իր երկրին, օգտակար լինել իր ժողովրդին, իսկ կոնկրետ Իրաքի դեսպան նշանակվելու մասով առայժմ մեկնաբանություն չունեն:
Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին զիջելու մասին մեր հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը փոխանցեց, որ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, եւ գյումրեցիների քվեն սակարկման, փոխանակման ենթակա չէ:
«Հրապարակ» թերթը գրում է․
Հունիսի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո, ՔՊ խմբակցությունում հյուրընկալել են Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին։ Ըստ մեր աղբյուրի՝ նրան «բերման են ենթարկել» որոշ պարզաբանումներ ստանալու համար։ Ասենք՝ ինչպես է պատկերացնում քարոզարշավը, ինչ միջոցներով ու մեթոդներով։ Ավինյանի մասին պտտվող ոչ մի խոսակցություն չի շրջանցվել։ Օրինակ, պատգամավորներից մի քանիսը դժգոհել են, որ նա իրեն հեռու է պահում թիմից, հեռախոսազանգերին չի պատասխանում, իրենք ինչո՞ւ պիտի «վիզ դնեն» իր համար եւ ինչպե՞ս իմանան՝ ինչ է հարկավոր անել։ Ավինյանը պատասխանել է, որ ֆիզիկապես չի հասցնում՝ գրեթե 24-ժամյա ռեժիմով հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ։ Պատգամավորներից մեկը հարցրել է նրա եւ քրեական հեղինակությունների շփումների մասին՝ նկատելով, որ գուցե հույսը դրանց վրա է դրել, որ ձայն կբերեն։ Ավինյանը վրդովվել է եւ հորդորել՝ փաստերով խոսել իր հետ, թե ում հետ է հանդիպել, երբ, որտեղ եւ այլն։ Նա հասկացրել է, որ քարոզարշավը չի տանելու սեւի-սպիտակի բաժանումով, ինչը ոմանց դուր չի եկել։
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանը, ով Ավինյանի հետ, մեղմ ասած, բարիդրացիական հարաբերություններ չունի։ Նա թեկնածուից հետաքրքրվել է՝ ծրագիր ունի՞, ի՞նչ է առաջարկելու ինտելեկտուալ զանգվածին։ Մեր աղբյուրն ասում է, որ Ավինյանը, մեծ հաշվով, «կրել» է ՔՊ-ականների հետ մարտը։ Անգամ ակնարկել, որ որեւէ մեկի մտքով չանցի իրեն դիմել շինթույլտվության կամ նման այլ հարցերով, անհանգստացնել իր թիմակիցներին։ Ասել է, որ ակտիվ ու համագործակցված քարոզարշավ կիրականացնեն, եւ ինքն ակնկալում է բոլորի օգնությունը։ Հանդիպումը տեւել է 4 ժամից ավելի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանում պաշտոնի նշանակված անձինք բնակարանի եւ ավտոմեքենայի տեր են դառնում պաշտոնավարման ընթացքում: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը եւս պաշտոնավարման տարիներին բնակարան է ձեռք բերել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ վերջին երեք տարում մեկ բնակարան եւ մեկ մեքենա է գնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի թիվ մեկ վերահսկող պաշտոնյան: Մասնավորապես, 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հովհաննես Մարտիրոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորակառույցում 2021 թվականին տուն է գնել: Դրանից մեկ տարի առաջ՝ 2020-ին, 2006 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է գնել:
Չնայած սրան՝ նա տարվա վերջում բանկային հաշիվներին ունեցել է ընդամենը 309 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ ընդհանրապես չի հայտարարագրել: Տեղեկացնենք, որ Մարտիրոսյանի եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել 16 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է նրա աշխատավարձից ու ոստիկանությունից ստացված կենսաթոշակից:
Հավելենք, որ տեսչական մարմնի ղեկավարն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի ապրիլին, որից առաջ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանության համակարգում։ Հիմա համակարգում է մի ոլորտ՝ հանքարդյունաբերություն, որի հետ մասնագիտական որեւէ առնչություն չունի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցությունն ինտենսիվորեն պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին։ Արդեն հայտնի է, թե որտեղ է լինելու ՔՊ գլխավոր շտաբը։ Մեր տեղեկություններով՝ այն տեղակայվելու է Հյուսիսային պողոտայում, այն շենքում, որտեղ գտնվում է Յուքոմի գրասենյակը։
Շենքի երրորդ հարկում ընդարձակ տարածք են վարձել, արդեն վերանորոգման-կահավորման աշխատանքներ են իրականացրել եւ առաջիկայում էլ կուսակցական հավաքույթով կնշեն շտաբի բացումը։
Ամենայն հավանականությամբ, դա կլինի հունիսի 30-ից հետո։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կայցելի ԱՀ խորհրդարան, հերթական նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաեւ Արցախի նախագահի 2022 թ․ գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների եւ 2023 թ. միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացնում է նախագահը։
ԱՀ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմությունը մարտական է տրամադրված՝ ԱՀ նախագահից պարզաբանումներ են պահանջելու Արցախում ստեղծված ճգնաժամի եւ դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ արդեն մոտ երկու շաբաթ է՝ ադրբեջանցիներն արգելում են հումանիտար բեռների փոխադրումն Արցախ։ Իսկ Արցախի իշխանությունները, մասնավորապես՝ նախագահը, կոչ կամ ուղերձ չեն հղել արցախցիներին՝ պարզաբանելու, թե ինչ է սպասվում իրենց։
Որոշ գնահատականներով՝ Հարությունյանը դժվարին ընտրության առջեւ է կանգնած. Հայաստանը նրանից պահանջում է կա՛մ ուղիղ երկխոսություն սկսել Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով, կա՛մ հաշտվել այն բանի հետ, որ Արցախի ժողովրդին պետք է տարհանեն իր բնօրրանից»: