Ամեն ինչ կանեմ, որ այս օրենքը չընդունվի․ Աղազարյանը՝ ՔՊ-ական գործընկերոջը

Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր նախագիծը չընդունվի։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ դիմելով մեկ այլ ՔՊ-ականի՝ Հայկ Սարգսյանին։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է բերել, ըստ որի՝ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են գումարի դիմաց ազատվել ծառայությունից։

«Ձեր նախագիծը եթե ընդունվի, շատ քիչ մարդ է վերադառնալու ՀՀ։ Ու յուրաքանչյուրի հետ եկողի դիմաց մենք ունենալու ենք 100 գնացող։ Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, որ այս օրենքն ընդգրկեր ողջ հասարակությանը։ Որ այսօր 12 տարեկան տղայի հայրը մտածի՝ իր տղան վեց ամիս կծառայի, ու «իքս» գումարի դիմաց կվերադառնա տուն։ Այսինքն՝ յուրաքանչյուրն իմանա, որ իր տղան կարող է վեց ամիս ծառայել»,- նշեց նա։

Արձագանքելով՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք որևէ վերլուծություն ունի Աղազարյանը, որ նման հայտարարություն է անում։

Ի պատասխան Հովիկ Աղազարյանն ասաց, որ ի տարբերություն Քոչարյանի, ինքը շփվում է հասարակ քաղաքացիների հետ։

«Մենք շարքային քաղաքացիներ ենք ու շփվում ենք մարդկանց հետ»,- նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանն էլ վրա բերեց․ «Դուք մահկանացու եք, ես՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։