Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը

Լուսանկարը «Հետք»-ի

 

Երեկ՝ 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել, գրել է «Հետք»-ը։

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025թ. հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու՝ Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024 թվականի թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների համապատասխանությունը՝ դրանք ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին: 

Նշենք, որ ավագանու որոշման այս կետերով կարգավորվում են վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» դրույքաչափերը:

Հիշեցնենք, որ մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:

Ավագանու ընդդիմադիր խմբակցության դիրքորոշումն այն է, որ բարձրացնելով կոնկրետ փողոցներում տեղական տուրքը՝ պատասխանող վարչական մարմինը չի սահմանել ու չի բացահայտել, թե որն է այն լեգիտիմ նպատակը, որով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն կոնկրետ փողոցներում բարձրացնել ավտոկայանատեղերի վճարը: Բացի այդ, առնվազն նորմատիվ-իրավական ակտի մակարդակում չի կանխորոշել այն օրենքով սահմանված նպատակը, որը հետապնդում է փողոցներում այդչափ բարձր տեղական տուրքերի սահմանումը: 

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները կարծում են, որ եթե ավտոկայանատեղերի տեղական տուրքի թանկացումը դիտարկվում է բացառապես որպես Երևան քաղաքը խցանումներից ազատելու միջոց, ապա դա ինքնին լեգիտիմ նպատակ չէ, և նման իրավասությամբ տեղական ինքնակառավարման մարմինն օժտված չէ: Ճանապարհային երթևեկության ավտանգության, այդ թվում՝ խցանումներից ճանապարհը ազատելու իրավասություններով օժտված են Ներքին գործերի նախարարության պարեկային և ճանապարհային ոստիկանության ծառայողները:

«Որևէ կերպ չեն քննարկվել ավելի մեղմ կամ ավելի քիչ ծախս ու դրամական պարտավորություն առաջացնող միջոցներ, հակառակի վերաբերյալ ապացույցներ և հիմնավորումներ չեն ներկայացվել»,-վարչական դատարանին հայտնել է խմբակցությունը:

Դիմողը նշել է նաև, որ համարժեք իրավական մեխանիզմ կարող էր լինել նաև տարեկան վճարային համակարգի սահմանումը` ամսական (մաս-մաս) վճարումներ կատարելու միջոցով, ինչը չի կատարվել, քանզի ամսական վճարումներ կատարելու պարագայում տարեկան գանձվում է 56 000 դրամով ավելի շատ գումար, քան սահմանված է միանգամից տարեկան վճարը կատարելու դեպքում: Սա ևս դիտարկվել է ոչ իրավաչափ և ոչ պիտանի վարչարարության հերթական դրսևորում:

«Մայր Հայաստան»  խմբակցությունը նշել է, որ սոցիալական բեռի կտրուկ ավելանալը ապացուցվում է մի շարք տնտեսական ցուցանիշներով: Մասնավորապես՝ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների ուսումնասիրության համաձայն` 2021թ. տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին` 320 հազար դրամ, մինչդեռ 2021 թվականին բնակչության ամենաաղքատ 10% շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ, իսկ 2022-ին` արդեն 88 հազար դրամ:  Բացի այդ, 2025թ-ին` ի տարբերություն 2024թ.-ի, պաշտոնապես կանխատեսվել է ավելի ցածր տնտեսական աճ, ավելացել է գործազրկության մակարդակը:

Երևանի քաղաքապետարանը առարկություն է ներկայացրել դիմողի փաստարկներին: Նշվել է, որ պետական-իրավական փորձաքննության ենթարկելու նպատակով 2024թ. դեկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարին է հասցեագրվել գրություն՝ Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին», «Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» որոշման նախագծերը և դրանց ընդունման հիմնավորումները։

Քաղաքապետարանն արձանագրել է նաև, որ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը և սպասարկումը իրականացվում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից, և նույն ընկերության կողմից տրված տեղեկատվության համաձայն` վճարովի ավտոկայանատեղերի համար կատարված տարեկան ծախսը կազմում է՝ 447 մլն.125 հազ. 700 դրամ, ընդհանուր՝ 3.237 ավտոտեղի համար: Դրանից «Ա» գոտու համար ծախսը կազմում է 394 մլն 522 հազ. 676 դրամ՝ 2.417 ավտոտեղ և «Բ» գոտու համար` 52 մլն. 603 հազ 24 դրամ՝ 821 ավտոտեղ։ Հիմք ընդունելով ներկայացված ծախսերը՝ հաշվարկվում է 1 վճարովի ավտոկայանատեղի տարեկան ծախսը, որը կազմում է «Ա» գոտու համար 163 հազ. 251 դրամ, «Բ» գոտու համար` 64 հազ. 98 դրամ։

Վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, արձանագրել է, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Ցանկացած վարչարարություն ենթարկվում, ստորադասվում է օրենքին թե՛ ըստ ձևի, թե՛ ըստ բովանդակության, հետևաբար վարչարարությունը եզրափակող իրավական ակտերը նույնպես պետք է համապատասխանեն օրենքին:

Դատարանն արձանագրել է՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար փոխհատուցման վճարների դրույքաչափերը սահմանելու իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս վարչական մարմինը չի առաջնորդվել համաչափության սկզբունքով, քանի որ չի հիմնավորվում ընտրված միջոցի և անհրաժեշտ ծախսերի միջև արդարացի հավասարակշռումը՝ խախտելով օրենքի պահանջները:

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը՝ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջը, վարչական դատարանը մերժել է:

Նշենք, որ ավագանու նույն խմբակցությունը դատարան էր դիմել նաև 2024թ. դրույքաչափերը վիճարկելու պահանջով: 2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը դարձյալ անվավեր էր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել էր, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել:

Այդ ժամանակ նույնպես Վարչական դատարանը մերժել էր ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջը, որից հետո Երևանի քաղաքապետարանը բողոք է ներկայացրել և մինչ օրս վիճարկվում է վերադաս ատյանում:

Փաստացի ստացվում է, որ Վարչական դատարանի որոշումներն ինքնանպատակ են և կյանքի չեն կոչվում, քանի որ Երևանի ավագանին յուրաքանչյուր տարվա համար է որոշում ավտոկայանատեղիների դրույքաչափերը: Ճիշտ է, դատարանն անվավեր է ճանաչում ավագանու որոշման դրույթները, բայց քանի որ ուժի մեջ մտնելու պահից դրանք անվավեր չի ճանաչում, իսկ  քաղաքապետարանն արհեստականորեն ձգձգելու և որոշումը չկատարելու նպատակով բողոքարկում է, դատական ակտը մնում է անկատար: Դատարաններում բողոքարկման գործընթացը բավականին երկար է տևում: Ընթացիկ տարին ավարտվում է, և դատարանի որոշումը փաստացի արդեն կիրառելի չի լինում հաջորդ տարիների համար կամ արդեն վճարած քաղաքացիները հետագայում պետք է հայտնվեն բյուրոկրատիկ քաշքշուկների մեջ՝ իրենց վճարած գումարները հետ ստանալու փորձեր կատարելու համար: Նույն սխեման, կարծես թե, կրկնվում է արդեն երկրորդ անգամ: