Իշխանության յուրացում. մեկնարկը տրված է
Ավտորիտար երկրներում այդպես է. իշխանությունները մշտապես հասարակություններին զբաղեցնում են տեսարաններով, իսկ դրանց ստվերում կյանքի են կոչում իրենց դիվային ծրագրերը:
Այսպիսի մի բան տեղի է ունեցել ԱԺ անցած քառօրյայում, երբ տիտղոսային ընդդիմության բացակայության կամ անգործության պայմաններում փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում, առայժմ՝ առաջին ընթերցմամբ:
«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»,- գրված է փոփոխությունների տեքստում:
Օրենսդրական այս «նորամուծությունը» կարող է չեղարկել ընտրությունների ինստիտուտը, ճանապարհ հարթել իշխանության յուրացման համար, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը վերջին պահին համարի, որ 2026-ի ընտրություններում պարտվում է և այլ ելք չունի, քան արտակարգ կամ ռազմական դրություն ապահովելը:
Նույն տրամաբանությամբ՝ օրենսդրական այս «սողանցքից» կարող է օգտվել մեր թշնամին, եթե ընտրությունների ընթացքը նրա համար անբարենպաստ ընթացք ունենա:
Դեռ կարող ենք կասեցնել օրենքի ընդունումը՝ երկրորդ ընթերցմամբ, հետո ավելի բարդ է լինելու:
Սուրեն Սուրենյանց