Օղակը սեղմվում է. պայթյունավտանգ իրավիճակ Արցախում 

Օղակը սեղմվում է. պայթյունավտանգ իրավիճակ Արցախում 

Երեկ ավելի վաղ պաշտոնական Ստեփանակերտը հայտնել էր մեկ երիտասարդի՝ 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանի առևանգման մասին։ Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները ի սկզբանե հայտարարել են, որ երեք երիտասարդ է ձերբակալվել։ Ժամեր անց միայն պաշտոնական Ստեփանակերտը հաստատեց ևս երկու երիտասարդի՝ Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի անհետանալու մասին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Լաչինի անցակետում ձերբակալված» Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ:

Երեկ տեղի ունեցած իրադարձությունն ավելի սեղմեց օղակն Արցախի շուրջ՝ Ստեփանակերտում հարուցելով ներքաղաքական աննախադեպ ճգնաժամ: Ժամերի ընթացքում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում հավաքվեց մի քանի հազար մարդ, որոնց ճնշման տակ տեղի ունեցան Ազգային ժողովի և Անվտանգության խորհրդի արտահերթ նիստեր:

Իհարկե, գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, թե կոնկրետ ինչ որոշումներ են կայացրել Արցախի իշխանությունը, քաղաքական էլիտան, բայց հստակ է, որ հապաղումը ԼՂ-ում բերելու է անկառավարելի վիճակի, քաոսի:

ԼՂ-ն այսօր կորցրել է սուբյեկտության բոլոր բաղադրիչները: Ստեղծված իրավիճակում նույնիսկ անիմաստ է  քննարկել որևէ տարբերակ, որը քաղաքական ինքնավարություն է ենթադրում ԼՂ-ի համար: Կոպիտ ասած, «կարմիր գծեր» սահմանելու ռեսուրս չունենք: Հիմա խոսքը ԼՂ-ում հայության կյանքի իրավունքի մասին է: Ռուսական կողմի առաջ ուղիղ այս հարցը պետք է ձևակերպել՝ հայության այդ իրավունքը երաշխավորո՞ւմ են, թե՞ պետք է մտածել հումանիտար միջանցքի և մեր հայրենակիցների էվակուացիայի մասին:

Նույնիսկ անիմաստ է ասել, որ Արցախի մեր հայրենակիցները զուր հույսեր չպետք է կապեն Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ:

Վահրամ Բագրատյան