Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին MediaHub.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ-ն ընդունեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Նշենք նաև, որ Օհանյանն իր մեղքը չի ընդունում և այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ դատարանում ապացուցելու է իր անմեղությունը, և հենց դա է պատճառը, որ չի ստորագրել ու վաղեմության ժամկետից չի օգտվել։
MediaHub.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշեց, որ փետրվարի 10-ին հրավիրվել է ԱԱԾ քննչական վարչություն, նշված երեք միջնորդագրերի հիմքով իրեն մեղադրանք են առաջադրել ու որպես խափանման միջոց ընտրել են ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։
Նարե Գնունի